Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանը այցելել են Բաքու

3425

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Բաքու են ժամանել Շվեդիայում և Ուկրաինայում բնակվող Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանը:

Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ Մարտիրոսյանին՝ իրավապաշտպան, լրագրող  և Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից:

Հաքքին.ազ-ը գրում է, որ Մարտիրոսյանը, Ավետյանը և այլ հայ հասարակական գործիչներ մասնակցելու են խաղաղարար համաժողովի Բաքվում: Նրանք ծաղիկներ են դնելու «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ:

Մարտիրոսյանը կնոջ և մանկահասակ որդու հետ անցնող տարվա սեպտեմբերին Վրաստանով անցել էր Ադրբեջան և այնտեղ քաղաքական ապաստան խնդրել, սակայն մի քանի ամիս անց նրան, իր իսկ խնդրանքով, ուղարկել էին երրորդ երկիր՝ Ուկրաինա:

Բաքվում գտնվելու ընթացքում, ապա նաև Ուկրաինայից, Մարտիրոսյանը դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների աստղը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանը այսօր Բաքու են ժամանել Կիևից:

Ավետյանը իր Ֆեյսբուքի էջում տեղադրել է տասնյակ նկարներ Բաքվից, թողել գրություններ: Մի գրության մեջ նա, մասնավորապես, նշել է. «Ես զրուցում եմ ադրբեջանական լրատվամիջոցների հետ, քանի որ վերջիններս հաճույքով տպագրում են իմ քննադատությունները Հայաստանի հասցեին, ինչը Հայաստանի ծախու լրբերը, լրագրողները, իրավապաշտպանները, իսկ հիմա նաև դրամաշնորհ ստացող մրցակից «իրավապաշտպանները» չեն անում և չեն անի երբեք: Իսկ ես ունեմ նպատակ, ձեզ բոլորիդ հանել ջրի երես, և իբրեւ գաղտնազերծված չեկիստների վերացնել հասարակական կյանքից մինչև կյանքներիդ վերջը»:

Ավետյանը այս տարվա հոկտեմբերի 9-ին ևս ժամանել էր Բաքու, սակայն այն ժամանակ նրան օդանավակայանից չէին թողել մտնել Ադրբեջան: Մեկ օր չեզոք գոտում մնալուց հետո նա ուկրաինական ավիաուղիներով հետ էր վերադարձել։ Այդ այցից հետո Ավետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Ադրբեջանի ազգային ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումի նախագահ Ռաուֆ Զեյնիի նամակը, որի մեջ վերջինս Ավետյանին հրավիրել էր այցելել Բաքու։

«Հիանալի հասկանում ենք, որ ներկայիս Հայաստանի ղեկավարությունը չի գնահատում ձեր քայլի ճշմարտացի շարժառիթը և չի գիտակցում՝ մեր երկրների քաղաքացիական հասարակությունների միջև բեղմնավոր ու կայուն երկխոսության հաստատմանն ուղղված ձեր բարի նկատառումները։ Մենք էլ, որպես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտակցում ենք՝ հայ հասարակական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության ստեղծման կարևորությունը և անխուսափելիությունը։

Հաշվի առնելով Ադրբեջան ձեր հնարավոր այցի ավանդը երկկողմ երկխոսության ստեղծման գործում, իր մեջ 700 ոչ կառավարական կազմակերպություններ միավորող Ադրբեջանի ազգային ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումի անունից կցանկանայի Ձեզ հրավիրել Բաքու։

Այցի շրջանակներում մենք պլանավորում ենք ձեզ ներկայացնել որպես հիմնական խոսնակ հանդես գալ՝ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը. կարգավորման ճանապարհին հիմնական արգելքները» թեմայով կոնֆերանսի ժամանակ, ինչպես նաև՝ կազմակերպել ձեր հանդիպումը առաջատար ոչ կառավարական կազմակերպութոյւնների և քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների հետ»,- ասվում էր Զեյնիի նամակում։

Նա Ավետյանի Բաքու այցի հետ կապված բոլոր ծախսերը իր վրա վերցնելու պատրաստակամություն էր հայտնել։