Մեր պատմության նոյեմբերի 7-ը

4294

Նոյեմբերի 7-ը Խորհրդային Հայաստանի և ամբողջ Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոնն էր՝ կարմիրով ներկված մեր օրացույցներում:

Լենինի անվան, այսօր՝ Հանրապետության հրապարակով անցնում էին աշխատավորական կոլեկտիվները՝ վեր պարզած Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի նկարները:

1917-ի այս օրը՝ նոյեմբերի 7-ը (հին տոմարով՝ հոկտեմբերի 25-ը, այդ պատճառով՝ Հոկտեմբերյան հեղափոխություն), փոխեց պատմության ընթացքը բազմաթիվ ժողովուդրների և մեծ հաշվով՝ մոլորակի բնակչության համար:

1917-ի փետրվարին տեղի ունեցավ Ռուսաստանի Մեծ հեղափոխությունը՝ տապալվելով Ռոմանովների 300-ամյա իշխանությունը: Այսօրվա Հայաստանը ցարական Ռուսաստանի մաս էր կազմում 1827-1828-ից: Նիկոլայ Ա ցարի հրամանագրով ձևավորվեց Հայկական մարզը (1828-1840 թթ):

Սանկտ-Պետերբուրգում 1917թ իշխանության եկած Կերենսկու ժամանակավոր կառավարությունը Հայաստանը և Անդրկովկասը ղեկավարելու նպատակով ստեղծեց տեղական մարմին՝ Օզակոմը (Особый Закавказский Комитет)՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն:

Յոթ ամիս անց՝ 1917-ի աշնանը, Ռուսաստանում հաղթանակեց բոլշևիկյան հեղափոխությունը: Անդրկովկասը զերծ մնաց բոլշևիկյան իշխանությունից, 1918-ի մայիսին Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հռչակվեցին անկախ և այն պահեցին գրեթե երեք տարի: 1920-ի ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը, դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանը, իսկ 1921-ի փետրվարի վերջերին՝ Վրաստանը:

Մեկ-երկու տարվա ձևական անկախությունից հետո 1922-ի դեկտեմբերին երեք հանրապետությունները Խորհրդային Միության մաս կազմեցին՝ նախ որպես Անդրկովկասյան դաշնություն Թիֆլիս կենտրոնով, իսկ 1936-ից՝ որպես միութենական առանձին հանրապետություններ:

1991-ի դեկտեմբերի 25-ին, մինչև ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայլ Գորբաչովը կարդում էր հրաժարականի իր դիմումը, Կրեմլի վրայից իջեցնում էին Խորհրդային Միության կարմիր դրոշը՝ փոխարինելով ռուսական եռագույնով:

Հայաստանի եռագույնը վեր էր բարձրացել 1990-ի օգոստոսից, երբ Խորհրդային Հայաստանի վերջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, ընդունել էր Անկախության հռչակագիր՝ հիմք դնելով անկախ պետականության գործընթացի սկզբին, ինչն ամրագրվեց 1991-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեով:

Գրեթե յոթ տասնամյակ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում: Այդ ժամանակաշրջանի մասին հիմնականում գրվել է սև ու սպիտակ գույներով:

Իրականությունը, սակայն, լինելով գորշ, սև ու սպիտակ չէր:

1920-ի աշնանը մի կողմից ռուս բոլշևիկները, մյուս կողմից՝ թուրք քեմալականները, հարձակվեցին Հայաստանի վրա, որի պատճառով օրվա իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, հեռացավ իշխանությունից ու Հայաստանից, իսկ հանրապետությունը ձևականորեն երկու տարի անկախ լինելով, ի վերջո կորցրեց իր անկախությունը:

Անկախության կորուստը, անկասկած, ամենալուրջ հարվածն էր:

Ստալինյան տեռորը Հայաստանի պատմության ամենասև էջերից էր, որին զոհ գնացին հազարավոր հայեր, այդ թվում՝ հայրենադարձ սփյուռքահայեր:

Կարելի է թվել բազմաթիվ ողբերգական ու բացասական այլ երևույթներ:

Բայց կար նաև լուսավոր երեսը:

Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական երկրից դարձավ արդյունաբերական պետություն:

Կառուցվեցին տներ, գյուղեր ու քաղաքներ: Մշակույթը, գիտությունը վերելք ապրեց: Ունեցանք 1965-ի Զարթոնքն ու 1988-ի Շարժումը:

Բայց ամենակարևորը՝ այդ յոթ տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ հայահավաք: Եթե 1922-ին Հայաստանում հայերի թիվը 700 հազարի սահմաններում էր, ապա 1991-ին այդ թիվը հասավ 3.5 միլիոնի, այսինքն՝ հնգապատկվեց:

Այսօր շատերը, գուցե արդարացի կերպով, նշում են, որ եթե Հայաստանը 1920-ին չկորցներ իր անկախությունը, ապա 1991-ին կունենար ավելի տպավորիչ ցուցանիշներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում:

Պատմությունը, սակայն, եթե-ներ չի սիրում: Փաստն այն է, որ 1991-ից Հայաստանը անկախ է և անցնող 30 տարիներին երկրից արտագաղթել է ավելի քան 1 միլիոն մարդ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Լենինի արձանը այսօրվա Հանրապետության հրապարակում