Էնվերին և Թալեաթին ահաբեկելու Հնչակյանների 1913թ. գաղտնի որոշումը և 20 կախաղանները

7193

1913 թվականի սեպտեմբերի 7-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքում գումարվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության`ՍԴՀԿ 7-րդ պատգամավորական ժողովը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Երիտթուրքերը վարում էին հայատյաց քաղաքականություն, իսկ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայության կյանքը որևէ ձևով բարեփոխված չէր, ՍԴՀԿ պատգամավորական ժողովը որդեգրում է անցնել անօրինական գործունեության: Որոշում կայացնող հեղինակավոր մարմինը՝ գլխավորությամբ Ստեփան Սապահ-Գյուլյանի և Վարազդատի, ընդունում է գաղտնի որոշում՝ ահաբեկչության միջոցով սպանել Երիտթուրք ղեկավարներից ոմանց, մասնավորապես՝ Իսմայիլ Էնվերին և Մեհմեդ Թալեաթին:

Կոստանցայի ժողովի որոշումները շուտով սկսում են գործադրվել: Սապահ-Գյուլյանը անցնում է մահափորձը կազմակերպելու գործին: Ահաբեկիչները Եգիպտոսից տեղափոխվում են Կ. Պոլիս, սպասելով մահափորձն իրագործելու համար պատեհ առիթին:

Ամբողջ ծրագիրը եղերական հետևանքներով ձախողվում է ներքին դավաճանության հետևանքով:

Եգիպտոսի ՍԴՀԿ մասնաճյուղից որպես պատգամավոր Կոստանցայի ժողովին մասնակցած Արշավիր Սահակյանը՝ կեղծանունով Արթուր Յասյանը, թուրքական ոստիկանությանը մատնում է Երիտթուրք ղեկավարներին ահաբեկելու Կոստանցայի ժողովի գաղտնի որոշումը:

Թալեաթի հրամանով սկսվում են Հնչակյանների դեմ հալածանքները, ձերբակալվում է 120 հոգի: 1914թ. հուլիսի 16-ին Պոլսում ձերբակալված Հնչակյան ղեկավարների դատավարությունը սկսվում է 1915-ի ապրիլի 28-ին:

1915թ. հունիսի 14-ին ռազմական դատարանի վճռով մահվան են դատապարտվում 22 Հնչակյաններ: Սապահ-Գյուլյանի և Վարազդատի նկատմամբ վճիռը արձակվում է հեռակա կարգով, քանի որ նրանք արտասահմանում էին:

hunch20

Քսան Հնչակյանների մահապատիժը գործադրվում է 1915-ի հունիսի 15-ին Սուլթան Բայազիդ հրապարակում: Կախաղան են հանվում ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Փարամազը (Մատթես Սարգսյան), դոկտոր Պեննեն (Պետրոս Թորոսյան), Հակոբ Գազազյանը, Վահան Բոյաջյանը (Ռուբեն Կարապետյան), Մինաս Քեշիշյանը (Գաբրիել), Սմբատ Գըլըճյանը (Անկուտի Պետրոս), Աբրահամ Մուրադյանը, Արամ Աչըգբաշյանը, Գարեգին Պողոսյանը, Հրանտ Եկավյանը, Պողոս Պողոսյանը, Հակոբ Բասմաջյանը, Թովմաս Թովմասյանը, Երեմիա Մանանդյանը, Մկրտիչ Երեցյանը, Գեղամ Վանիկյանը (Վանիկ), Երվանդ Թոփուզյանը (Բանվոր), Հովհաննես Եղիազարյանը (Կյուտիկ Չելլո), Գառնիկ Բոյաջյանը և Արմենակ Համբարձումյանը:

Եգիպտոսի ՍԴՀԿ մասնաճյուղից որպես պատգամավոր Կոստանցայի ժողովին մասնակցած Արշավիր Սահակյանը, ով թուրքական ոստիկանությանը մատնել էր իր կուսակիցներին և որի ցուցումներով էին կատարվել ձերբակալությունները, սպանվում է 1919-ին Ադանայում՝ Հնչակյան վրիժառու գործողության արդյունքում:

Դոկտ. Աբէլ Քհնյ. Մանուկեան, “Հայրենիքի ազատագրութեան բանակին համոզուած զինուորները”, Ժընեւ, 2014, էջ 89-94

Դիտել նաև՝

Published on Jun 16, 2013

Ստամբուլի Բայազիդ հրապարակում Օսմանյան կայսրության շրջանում իրականացվում էին հրապարակային մահապատիժներ՝ կախաղան բարձրացնելու միջոցով: 98 տարի առաջ հունվարի 15-ին այստեղ կախաղան հանվեցին ականավոր 20 հնչակյան հայ գործիչներ: Ստամբուլից ներկայացնում է Թաթուլ Հակոբյանը: