Վարչապետ Խատիսյանի այցը Սարիղամիշ, Կարս. 3-ը նոյեմբեր, 1919թ

3553
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի  Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_____________________________

Սահմանների պաշտպանության համար զորքեր դրվեցին Սարիղամիշում, Կարսում, Մերդենեկում և Արդահանում: Սրանք այդ շրջանի ռազմագիտական կարևորագույն կետերն էին: Ընդհանուր առմամբ, իմ տպավորությունն այն էր, որ Կարսի շրջանի մահմեդական բնակչությունը օրինապահ մնաց դեպի մեր իշխանույթունը: Արդահանում մեր կողմից գավառապետ նշանակվեց մահմեդական Քադիմովը, որին մեր կառավարությունը շնորհեց գնդապետի աստիճան: Նրա միջոցով նահանգապետը ի վիճակի էր խաղաղ պահելու տեղի մահմեդական բնակչությունը: Միակ կետը, որ հակակառավարական պրոպագանդայի բույն էր, Աղբաբան էր իր 40 հազար բնակչությամբ: Աղբաբան գտնվում էր Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի գավառների սահմանի վրա: Դրանից բացի անհանգիստ էին նաև Օլթիի շրջանի սահմանամերձ քրդերը, որոնց վրա Տաճկաստանից ուղղակի ազդում էին թուրք գործակալները: Իմ վարչապետության օրոք փորձ արվեց «զինվորական զբոսանքի» միջոցով խաղաղեցներ Աղբաբան, բայց այդ փորձը տևական հետևանք չտվեց: Կարսի շրջանի բոլոր մասերի լիակատար գրավումը մեր կառավարության կողմից կատարվեց դոկտոր Օհանջանյանի վարչապետության օրոք:

in-sarikamish-rail-station-the-armenian-solgiers-greet-khatisyan
Սարիղամիշի երկաթուղային կայարանում հայկական զորքը պատիվ է տալիս վարչապետին

Հազիվ մի քանի ամիս էր անցել Կարսի շրջանի միացման օրից, երբ ես պաշտոնական ճամփորդություն կատարեցի դեպի Կարսի շրջան, ինչպես նաև՝ Հայաստանի մյուս նահանգներ: Այս ճամփորդությունը այնքան խորն է տպավորվել իմ հիշողության մեջ, որ կյանքում երբեք չպետք է մոռանամ: Ճամփորդությանս նպատակն էր ցույց տալ բնակչությանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը և անձնական շփման միջոցով տեղի բնակչության ներկայացուցիչների հետ նրանց հաղորդել կառավարության տեսակետները վարչական կարևորագույն խնդիրների մասին, ինչպես նաև՝ մոտիկից ծանոթանալ ժողովրդի կարիքներին: Ճամփորդությունը, հարկավ, կազմակերպված էր այնպիսի ձևով, որ տպավորություն թողներ ժողովրդի վրա: Ուղեգիծս հետևյալն էր. Երևան-Ալեքսանդրապոլ-Կարս-Կաղզվան-Մարդենեկ-Արդահան, վերադարձ դեպի Ալեքսանդրապոլ, որտեղից Ղարաքիլիսա-Դիլիջան-Քարվանսարա-Կարակոյունլու ձորը և Երևան: Ինձ ուղեկցում էին Հայաստանի զորքերի բարձրագույն հրամանատար, զորավար Նազարբեկյանը, զորավարներ Փիրումյանը և Հովսեփյանը, նահանգապետ Ղարղանյանը, Ֆրանսիայի ներկայացուցիչ գնդապետ Բուատեպարը և մի շքախումբ Երևանի պարետ գնդապետ Շահխաթունու գլխավորությամբ: Հատուկ գնացք էր պատրաստվել:

Մեկնելու ժամանակ տեղի ունեցավ մի փոքրիկ միջադեպ, որը հետո լիովին պարզվեց: Երբ մենք Երևան քաղաքից ավտոմեքենայով գնում էինք երկաթուղային կայարան, որը 2 վերստ հեռու էր քաղաքից, ինձ ուղեկցող կինս նկատեց երեք անձանց, որոնք թաքնվել էին քարերի հետևում: Ճանապարհի երկու կողմերին կանգնած էին ոստիկանական պահակներ, որոնք իրենց պետին անմիջապես իմաց տվեցին այդ մասին: Ոստիկանները իսկույն վազեցին քարերի ետևը՝ փորձելով ձերբակալել թաքնվող անձանց: Նրանք սկսեցին փախչել, բայց ի վերջո բռնվեցին: Պարզվեց, որ թաթարներ էին: Այնտեղ, որտեղ թաքնված էին, գտնվեց երկու ռումբ, բայց առանց պատրույգի: Հարցաքննության ժամանակ հայտնեցին, որ այդ ռմբերը մի մոլլա էր տվել իրենց տուն տանելու համար և իրենք, տեսնելով հանդիսավոր երթը, կանգնել էին քարերի ետևում: Վերջում նրանք ազատ արձակվեցին:

Ընդհանրապես, մեր ճամփորդությունը հանգիստ անցավ: Մասնավորապես, հոյակապ ընդունելություն ցույց տրվեց Ալեքսանդրապոլում և Կարսում: Ժողովուրդը ամենուր զանգվածաբար դիմավորում և ողջունում էր: Ամեն տեղ ես Հայաստանի կառավարության կողմից հայտնում էի, որ մեզ համար բոլորը՝ հայ, թուրք, ռուս, հավասար են և օրենքը անխտիր պաշտպանում է նրանց: Ժողովրդի հետ ինձ ամենուր դիմավորում էին հայկական զորամասերը և հայ դպրոցականները: Ու ամեն տեղ բարձրաձայն հնչում էր ազգային երգը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն տեղ բացատրում էի հայրենիքի և անկախության նշանակությունը և կառավարության տեսակետները:

khatisyan-in-sarikamish-with-armenian-refugees
Հանդիպում հայ փախստականների հետ Սարիղամիշում

Կաղզվանին մոտենալու ժամանակ ինձ դիմավորեցին քրդերը՝ ազգային տարազով: Նրանք մոտ 200 հոգի էին, ինձ ուղեկցեցին մինչև քաղաք, որտեղ մեզ դիմավորեց ժողովուրդը, զորքը և հոգևորականությունը: Կազղվանից գնացի աղահանքերը, որոնց շահագործումը արդեն սկսվել էր: Հետո վերադարձա Կարս, որտեղից Արդահան անցա ռուսական և հունական գյուղերով: Մերդենեկում զորահանդես տեղի ունեցավ: Այնտեղ զորքերի հրամանատարն էր գնդապետ Մազմանյանը, ով հետագայում հուսահատությունից ինքնասպանություն գործեց Կարսի անկման նախօրյակին:

Առանձնապես հիշատակելի էր ճանապարհը Մերդենեկից մինչև Արդահան: Այդ շրջանի բնակիչները թուրքեր, քրդեր և թաթարներ էին: Մեզ ուղեկցում էին ձիավոր քրդեր և թաթարներ: Արդահան քաղաքի բնակչությունը նույնպես գրեթե բացառապես մահմեդական էր: Բայց հակառակ դրան, մեր ճամփորդությունը անցավ շատ հանգիստ և փայլուն: Ամբողջ բնակչությունը մինչև կեսգիշեր փողոցներում էր, ամենուր հրավառություն և երգեցողություն էր:

Առավոտյան ինձ մոտ եկան քրդերի և թաթարների երևելիները և ես նրանց տվեցի սպաների աստիճաններ և ուսադիրներ, մի բան, որ նրանց շատ ուրախացրեց: Այդ երևելիներից շատերը տասնյակ վերստեր հեռավորությամբ ճանապարհ էին կտրել՝ իրենց հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը հայտնելու համար:

Արդահանում այցելեցի նաև վրացական մասը, որը գտնվում էր գետի մյուս կողմը: Այն տեղ ես ճառ արտասանեցի Հայաստանի և Վրաստանի բարեկամության մասին:

Արդահանից Զարուշատի վրայով վերադարձա Ալեքսանդրապոլ: Ամբողջ ճանապարհին ոչ միայն հայկական, այլ նաև քրդական, հունական և ռուսական գյուղերը իրենց հպատակությունը հայտնեցին իրենց հատուկ եղանակներով:

Լուսանկարում՝ Սարիղամիշի երկաթուղային կայարանում հայկական զորքը պատիվ է տալիս Խատիսյանին և Նազարբեկյանին