Շամլուղ քաղաքի բնակչությունը 1873-1931 թվականներին

6115

Շամլուղը Հայաստանի ամենափոքր երկրորդ քաղաքն է, ունի 500-ից ավելի բնակչություն: Շամլուղից ավելի փոքր քաղաքը Դաստակերտն է Սյունիքի մարզում:

Գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 75 կմ հյուսիս-արևելք՝ Լալվար սարի ստորոտում, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա: Սահմանակից է Վրաստանին:

Պղնձի հանքերի շահագործման նպատակով Շամլուղի տարածք են հրավիրվել հույն մասնագետներ՝ 18-րդ դարի 50-60 ական թվականներին, իսկ 1887-1914թթ. հանքերը շահագործել են ֆրանսիացիները:

Երբ գործում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը հանքանյութ էր ստանում Ախթալայի եւ Շամլուղի հանքերից, Շամլուղը ուներ շուրջ 4.500 բնակչություն: Շամլուղը նախկինում բազմազգ բնակավայր է եղել, որտեղ կողք կողքի ապրել և աշխատել են 16 ազգության ներկայացուցիչներ,  այժմ համարյա միատարր է, հիմնականում հայեր, ինչպես նաև՝ հույների, վրացիների և ռուսների մի քանի ընտանիքներ: Կա ազգամիջյան հակամարտությունների հետևանքով Ադրբեջանից վերաբնակեցված մեկ տասնյակ ընտանիք:

Շամլուղը նախկինում եղել է քաղաքատիպ ավան, 1995թվականին  բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ: Շամլուղ  համայնքի կազմում ընդգրկված են չորս թաղամասեր` Բենդիկ, Բուղաքար, Շամլուղ և Վերին Ախթալա:

Շամլուղ քաղաքի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 91 հոգի, բոլորը՝ հույն

1886 թվական – 136 հոգի, որից 129-ը՝ հույն, 7-ը՝ թաթար

1897 թվական – 246 հոգի (ցարական մարդահամար), որից 49-ը՝ իսլամ, 197-ը՝ պրավոսլավ

1908 թվական – 220 հոգի

1914 թվական – 308 հոգի

1916 թվական – 433 հոգի

1922 թվական – 370 հոգի, որից 4-ը՝ հայ, 62-ը՝ թրքո-թաթար, 304-ը՝ այլ

1926 թվական – 814 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 205-ը՝ հայ, 65-ը՝ թուրք, 544-ը՝ հույն

1931 թվական – 1.042 հոգի, որից 371-ը՝ հայ, 166-ը՝ թուրքական խումբ, 505-ը՝ հույն

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Օձուն, Քարինջ, Քարկոփ: