«Մեր փրկութիւնը Երիտթուրքերից պիտի գայ». «Պատասխանատուները»

1440

Ա. ԳԼՈՒԽ

Պատմական ոյժերի չճանաչողութիւն

Պատերազմական եւ խաղաղ ժամանակների փոխյարաբերութիւնները

Պատերազմական եւ խաղաղ դրութիւնները իրարից ամբողջովին անջատ, կղզիացած ժամանակամիջոցներ, շրջաններ չեն. նրանք իրար հետ ներքին՝ սերտ, յարատեւ կապակցութիւն, առնչութիւն ունեն, օղակուած են եւ միատեղ մի ամբողջութիւն են կազմում:

Պատերազմական ժամանակի պատճառները, սաղմերը, ոյժերը, պտուղները զարգանում, ծլում, ծաղկում, աճում են խաղաղութեան ժամանակ:

Պատերազմի ժամանակ է, որ որոշակիօրէն աչքի են ընկնում այն բոլոր ստեղծագործական աշխատանքները, պակասութիւններն ու առաւելութիւնները, որոնք գործադրուել, դիզուել, կատարուել էին խաղաղութեան ժամանակ:

Ու տեղի ունեցած ակնյայտ իրողութիւններից յետոյ՝ քննադատութիւնը, չարիքի արմատը գտնելու դիտաւորութիւնը, պրպտող ոգին անմիջապէս գալիս են իրենց խօսքն ասելու՝ հէնց առաջին վայրկեանից, առանց երկար սպասելու, որպէսզի շուտով բուժուի, շտկուի, ուղղութեան մէջ դրուի այն՝ ինչ խաթարուել է, կատարուի այն՝ ինչ կարելի է եւ հնարաւոր. ու այդ բոլորը՝ խոհեմութեամբ, բայց անվախօրէն:

Փնտռւում են ԻՆՉՈ՞Ւ-ն եւ ԻՆՉՊԷ՞Ս-ը, որպէսզի արդիւնքը որոշակիօրէն հասկացուի, եւ հարկ եղած փոփոխութիւնները առաջացնելով՝ Երկու Դրութիւնների փոխյարաբերութիւնն ու իմաստը շարունակուեն ու ճշտուեն եւ իւրաքանչիւրի պատասխանատուութիւնը իր շրջանակի ամբողջութեան մէջ արտացոլայ:

Պատերազմական ժամանակի պատասխանատուները՝ լաւ-վատ, յաջող-անյաջող, փնտռւում են խաղաղութեան օրերին. արմատը այնտեղից է դուրս գալիս, ինչպէս որ պատերազմի ժամանակ է, որ խաղաղութեան նոր հիմքեր, յենակէտներ, ուղղութիւններ, հոսանքներ են ուրուագծւում, յղացւում, որոշւում՝ համաձայն առաջացած նորագոյն իրականութեան եւ նրա տուեալներին:

Հայ կեանքը

Մեր իրականութիւնը տարբեր պայմաններ չի ներկայացրել: Մենք էլ ունեցել ենք մեր խաղաղ եւ պատերազմական դրութիւնները: Արդ, մենք էլ պիտի ջանանք անել այն, ինչ ուրիշ ազգերի հասարակական գործիչներն են անում հիմա: Բայց խնդրին մօտենալու ենք շատ թեթեւ, ըստ կարելւոյն՝ հարեւանցիօրէն, այնքան, որքան որ գործի, եւ՝ նրա զարգացման շահը այդ պահանջում է: Ընդարձակը, մանրամասնութիւնը վերապահելու ենք ապագային, երբ խաղաղ օրեր, հանգիստ սիրտ կ’ունենանք:

Քննադատութեան անհրաժեշտութիւնը

Մեր ազգի միայն առաւելութիւնները շարունակ ջատագովելը, աչքի առաջ բերելը մի մեծ առաքինութիւն չէ եւ ո՛չ էլ առանձնապէս օգտակար՝ որոշ տեսակէտներով: Ընդհակառակը՝ իրական ծառայութիւն մատուցելու դիտումով, միշտ մի ազգի, ժողովրդի, դասակարգի թերութիւնները, անկատարութիւնները, յոռի կողմերն էլ հրապարակ պէտք է հանել, մատնանշել, ձաղկել, խարանել. եւ դա, հարկաւ, ծառայութիւն մատուցելու, պարտականութիւն կատարել տալու, գիտակցութիւն առաջ բերելու միտումով: Ընկերային զանազան երեւոյթներ, որոշ իրողութիւններ առաջացնող ազդակների, պատճառների դրական եւ բացասական կողմերը միշտ դիտարկման տակ առնելը, մանաւանդ բարոյական պատասխանատուութեան շրջանակում, շատ օգտակար գործ է:

Այսօրուան տրամադրութիւնը

Այսօր մի մարդ չկայ, չէզոք թէ կուսակցական, հակայեղափոխական, թէ յեղափոխական, անտարբեր թէ իր արեան գենով գործի մէջ միջամխուող, որ իր դատապարտութեան քուէն չտայ Իթթիհադին: Բոլորն էլ տեղի ունեցած աղէտների մեծ պատասխանատուն նրան են համարում. ամէնքն էլ տեսնում, ասում, խօսում են, որ մեր արիւնախում թշնամին նա է: Բոլորն էլ խոստովանում են որ ջարդողը, փշրողը, հազարներով կոտորողը, տեղահան անողը, անապատներում մեր ժողովուրդը աւազահատիկների նման շաղ տուողը, սուլթան Աբդուլ Համիդի պակաս թողածը լրացնողը եւ հայաջնջութեան աւելի նորագոյն, թրքավարի մեթոդներ հնարողը, գործադրողը նա ինքը՝ Իթթիհադն է: Այդ մասին տարակարծութիւն գրեթէ չկայ: Իրաւ է, Շահ Աբբասն էլ տեղահանութիւն կատարեց, բայց համեմատաբար՝ աւելի մեղմ, պետական բարձր շահերի տեսակէտից մղուած, թէեւ [նրա արածները] դարձեալ չարութիւն, տնաքանդութիւն, աղէտ [էին]:

Սուլթան Աբդուլ Համիդը կոտորեց, Չինգիզ Խանը, Ալփասլանը, Թիմուրլենգը արեան հեղեղների տակ առան, անապատ դարձրին իրենց անցած տեղերը, բայց նրանք հայրը որդուց, մայրը աղջկանից, ամուսինը կնոջից չզատեցին, նրանցից առանձին տեղահանելի խմբեր, կարաւաններ չկազմեցին ամէն մէկին տարբեր վայրեր ուղարկելով՝ սովի, կոտորածի ենթարկելով, որպէսզի արմատից իսկ սպառուի հայկական վերապրումի գործը: Իթթիհադն էր, որ այդ արեց, եւ դա ա՛յն ժամանակ, երբ «օսմանեան սահմանադրութիւն» ունէր իր բերնում, տասնեակ հազարաւոր հայ զինուորներ՝ բանակում, գրպանում էլ՝ հայերից գանձուած, յափշտուակուած միլիոնների հարստութիւն:

Շատ լաւ, ճիշտ է, այդ բոլորը անում, գործադրում է Իթթիհադը. նա զարկում է հայ մտաւորականութեան, հայ ուղեղին, սպանել է նկրտում հայ ազգի հոգին, նրա ֆիզիքական գոյութեան արմատներն է ուզում չորացնել, վերացնել, արմատախիլ անել: Ամէնքն էլ տեսնում, զգում են, որ ծրագրող, կազմակերպող, գործադրող պատասխանատուն նա է: Եւ նա [դա] չի էլ պահում, չի թաքցնում, չի ասում, որ պատասխանատուն ինքը չէ, յղացողը, սադրողը, իրականացնողը իր ուղեղը չէ: Ո՛չ: Նա դա խոստովանում է, յայտարարում է, ասում է, թէ այդ բոլորի պատճառը ինքն է, եւ մինչեւ անգամ բացատրում, պատճառաբանում, փաստ[արկ]ում էլ է, թէ ինչո՛ւ է այդ անում: Նա ջատագովում, ներբողում է իր արարքը, գործադրած աւերածութիւնները, եւ այդ բոլորը ներկայացնում է որպէս արդիւնք հրամայական պարտականութեան եւ թուրք մնայուն շահերի գիտակցութեան պահանջ: Ոճրագործը իր ոճիրը հռչակում, յայտարարում էլ է՝ ի լուր աշխարհի:

Եւ հէնց այդտեղ է, ահա՛, որ գալիս է, ճշտւում, գունաւորւում, որոշ կերպարանք ու ձեւ առնում ահարկու պատասխանատուութիւնը. պատասխանատուութիւնը պատմութեան՝ ապագայի, այս օրերիս, ներկայ պատերազմական դրութեան առաջ:

Ուրեմն, մեր մէջ էլ, մեր կողմից էլ պատասխանատուներ կան: Խօսում ենք նրանցից միայն մի քանի տեսակների մասին, ո՛չ ամէնքի:

Երէկուան հոգեբանութիւնը

Մի՞թէ Իթթիհադը շատ երկար տարիների ընթացքում, իր սնուցած գաղափարներով, տածած մտքերով, ընդյատակեայ անխոնջ գործունէութեամբ բաւականաչափ ապացոյցներ չէր տուել, իրողութիւններ չէր առաջացրել, որպէսզի այսօրուայ լալկանները, սուգ ու շիւան բարձրացնողները, միայն այժմս նրան ճանաչողները՝ վաղուց ի վեր տեսած, լսած, շօշափած, հասկացած, ճանաչած լինէին, որ առաջին պատեհութեամբ՝ նա ինքն էր, որ պիտի մտնէր արեան այն լայն ուղին, որտեղ է հիմա– մի ուղի,որ մարդկային պատմութեան մէջ, ոչ թէ հիմա, ամենահին դարերում իսկ, հազիւ թէ նմանութիւն բերողը լինէր չափի ու ծաւալի տեսակէտից: Գուցէ միայն ասորա-բաբելական պատմութեան էջերը հանգիտութիւն [Նմանութիւն: – ԱՆԻ] ունենան՝ շատ կամ քիչ: Ինչո՞ւ, ուրեմն, այն ժամանակուայ, երէկուայ իթթիհադասիրութիւնը, չափազանցութեան հասնող գգուանքը, ընդհանուր փայփայանքը: Չէ՞ որ երէկ էլ նա նոյն խայտուցներն [Մարմնի վրայ կեղտաբծեր: – ԱՆԻ] ունէր, ինչ այսօր:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան ազդարարութիւնը

Եթէ եղան բթամիտներ, քաղաքական ամենափոքր հոտառութիւնից զուրկ սոսկական անհատներ եւ դասակարգային որոշ շերտաւորումների, խմբաւորումների արտայայտիչներ, ովքեր անկարող գտնուեցին, ինքնաբերաբար, իրենց բանականութեան օրէնքների գործունէութեամբ՝ գիտակցելու, ճանաչելու, վերլուծելու, հասկանալու Իթթիհադի էութիւնը եւ միայն այսօր է, որ իրենց աչքերը բացւում են, երբ թշնամին արդէն զարկել, գետն անցել է ու իր մահասփիւռ գործն է տեսնում – ապա ինչո՞ւ նրանք, այդպիսիները՝ ժամանակին, դեռ շա՜տ առաջները, իրենց ականջները խցեցին, աչքերը փակեցին, չլսեցին, չտեսան, աչքի առաջ չունեցան Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան անկեղծ, անկաշառ, անվերապահ, ամէնից յանդուգն, ամէնից անվեհեր ձայնը, նրա բոցավառ խօսքը, արձակած ճիչը: Նրա մամուլը, մեծ ու փոքր գործիչները, նրա պատասխանատու մարմինները՝ ամէն տեղ, որտեղ Հայկական դատի համար բաբախող սիրտ կար, որտեղ ազգային, ժողովրդային ազատագրութեան թրթիռ գոյութիւն ունէր, բոլոր այդ վայրերում դեռ շատ երկար ժամանակներից ի վեր, նրանք ասում, գոռում, փաստում, աղաղակում, բացատրում էին՝ թէ ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ նպատակներ, քաղաքական ինչպիսի՞ փիլիսոփայութիւն, պետական ինչպիսի՞ տեսութիւններ է հետապնդում Իթթիհադը: Կա՞յ մի անկիւն, որ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան բարձրագոչ ձայնը հնչած, վերահաս վտանգի մահերգակը ղօղանջած չլինէր: Կա՞յ մի տեղ, որտեղ նա վե՜ր, շա՜տ վեր իր միջավայրից, արհամարհելով ամէն վտանգ, պատրաստ ամէն զոհաբերութեան, մօտալուտ տագնապի աղաղակը արձակած չլինէր եւ նախազգուշութեան, ինքնապաշտպանութեան կոչը բոլորի էլ ականջներին չհասցրած: Ո՛չ ոք կարող է այդ մասին որեւէ բառ արտասանել: Մարդկային ո՛չ մի ամբարիշտութիւն կայ ուրանալու, ժխտելու, չխոստովանելու, որ ս. դ. հնչակեանութիւնը, որպէս կուսակցութիւն, այդ նկատմամբ իր վրայ ընկած պարտականութիւնը կատարեց, եւ՝ լիովի՛ն կատարեց:

Եւ սակայն ինչո՞ւ նրան չլսեցին, ինչո՞ւ չհետեւեցին. ի՞նչ կար փտած, նեխած, ապականուած, ճահճացած՝ մեր հայ իրականութեան մէջ:

Եւ ո՞վ, ովքե՞ր են այդ ինչո՛ւպատասխանատուները: Թող նրանք բոլորը մէջտեղ գան, գէթ որպէս նմոյշներ եւ իրենց երէկուայ անցեալը այսօրուան դիրքերի հետ զուգակշռելով՝ դատեն, ճանաչեն, գիտակցեն իրենք իրենց: Պէտք չէ՞ այդ: Խղճի խա՞յթ պիտի զգան:

Ս. դ. հնչակեանութիւնը ցոյց տուեց, ապացուցեց, որ մեր իսկական, անվերածելի [Ուրիշ, աւելի պարզ ձեւի վերածումն անհնար: – ԱՆԻ] թշնամին Իթթիհադն էր, եւ նրա գլխին էր, որ պէտք էր զարկել, հարուածել առանց խնայելու, առանց սպասելու, առաջի՛ն վայրկեանից իսկ, թոյլ չտալով, որ նա զարգանար, ուռճանար եւ իր ցանցերով պատէր երկրի չորս կողմերը, իր դիրքը ամրապնդէր, երբ յետոյ՝ այլեւս ո՜ւշ, շա՜տ դժուար կը լինէր նրան գլորել, տապալել, ոտքի տակ առնել, տրորել:

Ուրեմն, մենք պակաս տեղ չէինք թողած իթթիհադական հրէշը, քաղաքական այդ ճիւաղը՝ իր բոլոր գունաւորումներով, իր մտքի ամբողջ լարուածութեամբ, ջիղերի գալարումովը,  ցնցումովը՝ իր ադամային մերկութեան մէջ ներկայացնելու: Մենք իր երեսից ջնջել, սրբել, վար էինք առել իր եւրոպական շպարը եւ ցուցադրել ծարիրով ծածկուած ասիականութիւնը, թուրքականութիւնը, հանդէս էինք բերել իր իսկական շապիկով, իրական կեղեւում, որպէս պատմութեան դատապարտութեան սիւնին գամուելու արժանի մի ոճրագործ, ամէն սերունդների նողկանքի,ամենածանր հարուածների մի առարկայ, նշաւակ:

Եւ ի՞նչ եղաւ պատասխանը, հետեւանքը:

Ճանաչեցի՞ն նրան: Ո՛չ եւ ո՛չ:

Արձագանգեցի՞ն մեր ասածներին: Հազիւ երբեք:

Եթէ ճանաչողներ էլ եղան, նրանք մտան կեղծաւորութեան քղանցքի տակ եւ անձնական, դասակարգային ամենագծուծ հաշիւներով առաջնորդուելով՝ համակերպեցին, թոյլ տուեցին, օգնեցին իսկ, որ չարագործը զարգանար, մեծանար, դառնար ա՛յն, որից այսօր բոլորն էլ սոսկում են, որի դէմ հիմա է, որ ամէնքն էլ ատամներ են կրճտացնում, բայց խածնելու, հերձելու, պատառոտելու անզօր ատամներ՝ դժբախտաբար:

Կարդացէ՛ք «Հնչակ»ը, մասնաւորապէս 1899-ից ի վեր. թղթատեցէ՛ք «ԵրիտասարդՀայաստան»ը. նորից աչքի անցկացրէ՛ք մեր «Երիտասարդ Թուրքիա»ն. թերթեցէ՛ք «Նոր աշխարհ»ը. տեսէ՛ք, մի բառ, կէտ, գիծ, մի միտք անգամ պակաս թողե՞լ ենք Իթթիհադի ամբողջութիւնը, թուրք ազգայնականութիւնը, թուրք ազգային քաղաքականութիւնը ճանաչեցնելու, արձանագրելու երկարաշունչ գործում: Նկատեցէ՛ք, թէ այսօր, ինչպէս եւ երէկ, տեղի չէի՞ն ունենում, չէի՞ն կատարւում այն բոլորը, ինչ մենք շատ տարիներ առաջ ասել, գրել, փաստել, յուշաբերել,եզրակացրել էինք՝ ամենայն մանրամասնութեամբ: Մենք չէի՞նք ասել, որ նրա այսօրուայ արած-կատարածը կազմում էր իր ծրագրային փիլիսոփայութեան անփոփոխ, անխախտ, մնայուն մի մասը: Պակաս տեղ թողե՞լ էինք:

Եւ սակայն իրականութիւնը, ճշգրիտ կեանքը մոռացւում էր, դեր էին խաղում թանձրամտութիւնը, շահամոլութիւնը, ռայայական հոգին, ղեկավարում էր թուրքական սուտակասպասութիւնը [Կեղծաւորութիւն, քծնանք:– ԱՆԻ], ու մեր կոչերին, մեր ասածներին առընթեր լսւում էին ամբողջովին հակառակ, դիմադարձ ձայներ:

Հակառակ ձայներ

Ու ի՞նչ էին ասում:

Տուէ՛ք ձեր քուէն Իթթիհադին:

Ուժեղացրէ՛ք նրան:

Նա Թուրքիան պիտի նորագունացնի [Արդիականացնի: – ԱՆԻ]:

Նա սահմանադրական կարգեր պիտի հաստատի, ամրապնդի:

Նա օսմանեան ազգ առաջ պիտի բերի, ու մենք էլ նրա մի տարրը, կտորը, ցեղամասը պիտի կազմենք:

Նա մեր հողային հարցը պիտի լուծի երբ է՛լ աւելի զօրանայ եւ կառավարական բոլոր ոյժերը իր ձեռքն առնի:

Նրա համար աշխատելը՝ հայի համար աշխատել է:

Սրանք էին մեր յայտնի ու անյայտ հակառակորդների, ընդդիմախօսների արձակած խժալուր ձայները, նրանց ընդհանուր նշանաբանները: Բացառութիւնը,աններդաշնակութիւնը, անմիաբանութիւնը շատ քիչ էր այս անգամ. եղածները մատի վրայ հաշուըւում էին:

Դրանք սրտակեղէք վայրկեաններ, աւելի քան յուզիչ տեսարաններ շատ են տուել, երբ եղբայրը եղբօրը չէր հասկանում կուրօրէն, երբ կեղծիքը, խարդաւանքը,արատն էին թագաւորում, յաղթանակ տանում՝ ի գին հայ ապագայի:

Նմոյշնե՛րը թող խօսեն:

Հայ էֆենդիները եւ պաշտօնատարները

Գիտակից, ողջամիտ հայութեան նախատինքի մրուրը, դիրտը եղող, թուրքական պետական պաշտօնէութիւնը կազմող հայ էֆենդիական դասակարգը ամենափճացածը, ամենաապականուածն [էր] իր ամբողջ էութեամբ՝ պատմական այն օրերին, երբ հոսանքներ էին ստեղծւում, եղածները՝ ամրապնդւում, որոշ ուղղութիւն առնում եւ թումբերի մէջ մտնում: Նա, շատ քիչ բացառութեամբ, միահամուռ զօրավիգ եղաւ, ոյժ տուեց Իթթիհադին, նրա շարքերը խտացրեց, դարձաւ նրա գործիքը, լրտեսը, նրա տարածուն ազդակը, ներքին թշնամին՝ մեզ դէմ կռուելու, մեր ճիգերը անդամալուծելու, մեզ ջղակոտոր անելու: Իր պաշտօնով եւ դիրքով հայ ժողովրդական, ազգային, տեղական գործերի վրայ ծանրացած լինելով՝ նա թուրք իթթիհադականից աւելի թունդ իթթիհադական դարձաւ եւ ամենավնասակար դերը կատարեց: Սա ընկերային այն որոշ շերտաւորումն էր, որ իր ուղեղը, կուրծքը, հոգին, մարդկային կարողութիւնները իր բոլոր խաղացումներում [Շարժումներում, աշխատանքներում: – ԱՆԻ] վարձու էր տուել թուրքական կառավարութեան: Ահա՛ պատասխանատու մարդիկ. նրանք ա՛յս դասակարգում փնտռելու է:

«Այլեւս մեր մէջ հայկական կուսակցութիւնների գոյութիւնը ամբողջովին աւելորդ է: Քանի որ Իթթիհադը «սահմանադրութիւն» բերեց՝ ամբողջ հայ ազգը, մենք բոլորս նրա շուրջ պէտք է բոլորուենք եւ ամէնքս էլ նրան, միայն նրան ոյժ տանք: Ինչ որ պէտք է մեզ համար՝ նա աւելի լաւ կ’անի քան հայկական կուսակցութիւնները»: Այս եղաւ, մօտաւորապէս, ճառի ամփոփումը մի ականաւոր էֆենդու (որի անունը չենք տալիս ո՛չ թէ խնայելու համար, այլ՝ որովհետեւ այժմ իր երբեմնի պաշտած Իթթիհադի ճիրաններում է սեղմուած), որ արտասանեց Հայ Ազգային Ժողովի նախապատրաստական նիստերից մէկում, դեռ 1908-ի վերջերը: Սրանք կուլ տալ, մարսել, մոռանալ չի կարելի: Դատարանների առաջ քաշուելիքներ կան այստեղ:

«Իթթիհադին հակառակիլը, անոր դէմ կռուելը՝ սուլթան Աբդուլ Համիդին օգնել ըսել է: Իթթիհատը վերացնենք՝ մէջտեղը ի՞նչ դնենք: Զայն պաշտպանելը, ուժեղացնելը մեր ազգային եւ քաղաքացիական պարտականութիւնը պէտք է ըլլայ: Անոր լուսամիտ անդամներուն, մանաւանդ ձախակողմեաններուն (Թալաաթ,Էնվեր, Ճաւիտ…) վրայ մենք շատ մեծ վստահութիւն ունինք մեր ազգային բաղձանքներուն հասնելու տեսակէտով»: Ահա՛ թէզը, որ եռանդագին պաշտպանում էր Ս. էֆենդին 1908-ից սկսած: Եւ այդ մարդը որոշակի հոսանքի ներկայացուցիչ, արտայայտիչ էր, հետեւորդների շատ խոշոր թիւ ունէր: Պետական բարձրաստիճան պաշտօնեայ, դատաւոր, Հայ Ազգային Ժողովի ամենակարկառուն դէմքերից, վարիչ ոյժերից մէկն էր:

«Հայ ազգը մեղաւոր է Իթթիհադին պէտք եղած ոյժը չտալուն համար: Մեր փրկութիւնը նրանից պիտի գայ: Եթէ ցարդ չկարողացանք մեր հողային հարցը վճռել տալ եւ Հայաստանում անդորրութիւնը հաստատել, բռնագրաւումները վերացնել, միակ պատճառն այն է, որ մենք մասնաւոր ջանք չթափեցինք Իթթիհադին աւելի ուժեղացնելու: Նրա զօրացումով, կառավարութեան սանձը միշտ նրա ձեռքում մնալով է, որ մենք ամէն բաւականութիւն պիտի ստանանք: Այն հայկական կուսակցութիւնը, որ Իթթիհադին հակառակւում, նրա դէմ է կռւում, նրան քուէ չի տալիս (ակնարկը Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան էր), նա հայութեան թշնամի է, հայ ազգի շահերի դէմ է գործում, նա պառակտիչ է»: Այսպէս էր տրամաբանում Ա. էֆենդին 1912-ին անգամ՝ Եսայեան դպրոցում կայացած հաւաքոյթում: Սրանք նրա եւ իր նման հարիւրաւորների մղիչ գաղափարներն էին 1908-ից ի վեր: Դա, այդ դիրքը, նրանք բղխեցնում էին իրենց դասակարգային, անձնական շահերի հոսանքից, ու վտանգաւոր, քննադատելի ոչի՛նչ էին տեսնում՝ նոյնիսկ ազգային տեսակէտից:

«Քանի որ բոլորս ալ օսմանցի ենք, իսկ օսմանցիութեան մարմնացումը Իթթիհատն է, ուրեմն մենք անոր, միայն անոր պիտի հետեւինք»: Գատըգիւղցի նշանաւոր տեսաբան Ն. էֆենդու յանկերգն էր սա:

«Ամբողջ հայ ազգը մէկ քաղաքականութիւն ունի. նա Իթթիհադի հետ է»: Սա ո՛չ թէ միայն իթթիհադական հայերի, այլեւ՝ արտաիթթիհադական շատ մտաւորականների էլ պաշտպանած գաղափարն էր, նոյնիսկ հրապարակաւ, մինչեւ իսկ եւրոպական հրատարակութիւններում:

Սրանք նմոյշներ են այն տեսաբանների, ովքեր հայ ժողովուրդը մղում, քշում էին դէպի իթթիհադականութիւնը: Կղզիացած, առանձնացած ոչինչ կայ այստեղ: Խօսքը մի եզակի երեւոյթի մասին չէ. սա հոգեբանութիւնը, տրամադրութիւնն էր մի ամբողջ դասակարգի –հարկաւ՝ անհրաժեշտ եւ անխուսափելի բացառութեամբ–, պատմական մի որոշ րոպէում:

Թերութեան, թուլութեան, անպատրաստութեան, անդարմանելի սխալների պատճառներ, պատասխանատուներ որոնելիս՝ դէպի այս կողմը պէտք է նայել:

Յուսախա՛բ, պատնէշի վրայ

Էֆենդիական, պետական պաշտօնատարների այդ բազմաճիւղ դասակարգը, անշուշտ, վա՜յ է տալիս իր գլխին հիմա, որովհետեւ ինքն էլ չխնայուեց. ինքն էլ՝ ինչքան էլ տափակեց, այնուամենայնիւ, ընդհանուր հալածանքից բաժին ստացաւ: Չէ՞ որ հայ էր վերջապէս: Այդ անունն իսկ հերիք էր, որ Իթթիհադը՝ թուրք մոլեռանդ ազգայնականութեան այդ հնոցը, հայի նկատմամբ միշտ վարանոտ, վստահութիւն չունեցող մնար եւ սպասէր յարմար ժամանակին՝ իր մահացու ճոկանը իջեցնելու:

Բայց այժմ, միայն ցաւելը, զղջալը հերիք չէ՛, այլ՝ իր մօտիկ անցեալը, բռնած դիրքը, արարքները վերյիշելով, պատասխանատուութեան բաժին ստանձնո՞ւմ է, ինքն իրեն պատասխանատու ճանաչո՞ւմ է, քաջութիւն ունի՞, զգո՞ւմ է, գէթ այսօր, խոնարհելու Հայ Ազատագրութեան Ս. Դրօշի առաջ եւ խոստովանելու, պախարակելու, նշաւակելու այն բոլոր ծածուկ սադրանքները, որոնք իր փոքրիկ ուղեղը յղանում էր՝ հայ յեղափոխութեան առաջխաղացման արգելք, խոչընդոտ լինելու, նրա գործունէութեան, ներոյժին առաջ խութեր, քարեր նետելու [համար]:

Ո՞ւր ես, ի՞նչ աղաղակներ ես արձակում հոգովդ, իմացականութեամբդ թուրք պետական՝ հայ պաշտօնեայ դասակարգ: Աքսորավա՞յրն ես, բա՞նտն ես, ծովերի՞ն կեր ես դարձել, կորած կի՞նդ, զաւա՞կդ, պատի՞ւդ ես ողբում, թէ՞ մերկութիւնդ, անօթութիւնդ:

Յիշի՛ր, որ այսօրուայ հարուածողիդ բազուկը զօրացնողներից մէկն էլ դու ես եղել. յիշի՛ր, բայց այլեւս չմոռանալու պայմանով: Յիշի՛ր եւ կազդուրուիր, վերստեղծուի՛ր, թա՛փ տուր վրայիցդ թրքութեան փոշին, սի՛րտ առ, ամբարի՛ր պատմական ոխը, քէնը, ատելութիւնը, նախանձախնդրութիւնը, այս մաքրող բոցերը ուղեղիդ, հոգուդ, զգայարանքներիդ մէջ պի՛նդ պահիր եւ վստա՛հ եղիր, լիուլի վստա՛հ եղիր հայի ապագային: Այո՛, յիշիր այսօրդ, որպէսզի քո հարուածդ էլ, ապագային, իր ժամանակին, լինի ուժեղ, անխնայ եւ գայ միանայ միւս ԿԱՐՄԻՐՆԵՐԻ [Ստեփան Սապահ-Գիւլեանը հաւանաբար նկատի ունի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որոնց դրօշակները կարմիր են: – ԱՆԻ] հետ, երբ Իթթիհադի թուրք գլուխը վերջնականապէս կռել-կոփելու պարտականութեան ժամը հնչի:

Տե՛ս, եւ յիշի՛ր, քո առաջ մենք այսօր էլ ա՛յն ենք, ինչ էինք երէ՛կ–նո՛յն հարուածողը միշտ միեւնոյն թշնամուն, նո՛յն հարուածուողը միշտ միեւնոյն թշնամուց: Մենք մեր պատնէշի վրան էինք, այստեղ էլ ե՛նք: Մենք շարունակում ենք մեր պատմութիւնը:

Յիշի՛ր այս, եւ այլեւս մեզ մի՛ թող, մենակ մի՛ թող՝ եթէ դու դեռ պատիւ, մարդկային զգացմունք, առնական ջիղ ունես, հօր, որդու, սրտի տէր, հայ անուան նախանձախնդիր ես: Մտահան մի՛ արա քո այսօրուայ կրած անհուն տառապանքներդ եւ վաղը մեզ ձե՛ռք տուր՝ մեծ հարուածի համար:

Այդպէս արա՛, պատնէշի վրայ բարձրացի՛ր՝ եթէ դու արդէն որդ չես:

Հայ վաճառականները

Մամուլով, հրապարակային ժողովներով, դասախօսութիւններով բացատրեցինք, թէ Իթթիհադի ամրապինդ գաղափարն էր՝ բոլոր հայերին, ուրեմն եւ հայ վաճառականներին, առեւտրականներին քանդել, կործանել նաեւ տնտեսապէս [ու] նիւթապէս: Զգուշացրինք նրա թակարդից, թելադրեցինք ընդդիմադիր դիրք բռնել նրա հանդէպ:

Բայց նա՝ այդ առնողը եւ տուողը, նա մեզ չլսեց, մեզ չհետեւեց, Իթթիհադի շարքերը մտաւ հոծ բազմութեամբ: Նա առաւ ժամանակաւորը, տուեց՝ մշտականը:

Իթթիհադը իրեն քայքայեց՝ քայքայում է. սպանեց՝ սպանում է. այսօր այլեւս ծածուկ ոչի՛նչ կայ: Զգո՞ւմ է իր պատասխանատուութիւնը այն օրից, երբ բուռերով ոսկիներ էր թափում նրա փէշերին եւ հայ յեղափոխականին, միշտ իր բարձրութեան վրայ կանգնող հայ յեղափոխականին, ժամանակակից հայ կեանքի անիւը դարձնող այդ հսկայ ոյժին, ինքը ձեռնունայն յետ էր դարձնում եւ իր դռները նրա առաջ պինդ փակում:

Երկրի ամենահեռաւոր անկիւններում անգամ՝ Իթթիհադը իր «կլիւբ»ները տարածում, թոյնի այդ որջերը պահում էր գլխաւորապէս տեղական հայ վաճառականների ոսկիներով: Եւ այդ այն ժամանակ, երբ հայկական կուսակցական ակումբները, լսարանները, ընթերցասրահները, թատերասրահները, իրենց գոյութիւնը քաշկռտում էին բացառապէս գիւղացիների, աշխատաւորների, արհեստաւորների, պրոլետարների լումաներով ու այդպիսով առաջադիմութեան, պրոպագանդայի, յեղափոխական գործունէութեան վառ ջահեր, ոյժեր հնոցներ լինում, Իթթիհադին հակաթոյն հանդիսանում եւ նրա թեւերը կտրատում:

Բալկանեան պատերազմի ատեն՝ հայ վաճառականները մի քանի ժամուայ մէջ 30 հազար ոսկիով պատասխանեցին Իթթիհադի բացած «Ազգային հանգանակութեան»: Յայտնի վաճառական Ի.-ը 10 հազար ոսկի թափեց սեղանի վրայ, հայ եւ թուրք ժողովականների առաջ, օսմանեան համալսարանում:

Իթթիհադը ո՛չ միայն իր կուսակցական կազմակերպութեան, այլեւ՝ իր բացած մասնաւոր դպրոցների բարգաւաճման մի մեծ մասը պարտական է հայ վաճառականների առատաձեռնութեան:

Հայ յեղափոխականներին չմերժող, 5-10 ոսկիով օգնող վաճառականը՝ Իթթիհադին 100-ներով, 1000-ներով է տուել: Կ. Պոլսի, Իզմիրի, Տրապիզոնի, ծովեզերեայ մի քանի քաղաքների հայ վաճառականները համոզեցուցիչ շատ վաւերաթղթեր ունեն. նրանք կարող են փաստել, առանց սակայն իրենց դէմ հակաճառող ունենալու:

Մտաւորական թափթփուկներ

Բացի դրանցից, մենք դառն դժբախտութիւնն ունեցանք ո՛չ միայն Կ. Պոլսի, այլեւ նոյնիսկ գաւառների շատ մասերում տեսնել ու ճանաչել բաւական ստուար թուով հայ ուսուցիչներ, կարծեցեալ մտաւորականներ եւ հայ քահանաներ, այո՛, հայ քահանաներ էլ, իթթիհադական շարքերում կուռ կանգնած:

Թուրքական դպրոցներում պաշտօնավարող բոլոր հայ ուսուցիչները, անխտիր, մոլի իթթիհադապաշտներ էին:

Միսիոներական կրօնա-կրթական հասատութիւններում գտնուող հայ դաստիարակներից շատերը նախընտրում էին Իթթիհադի մէջ մտնել, քան հայկական կուսակցութիւններին անդամակցել:

Շատ տեղերում՝ թաղականները, հոգաբարձուները երաժշտութեան ուսուցիչներին պարտադրել էին Իթթիհադը գովաբանող երգեր սովորեցնել: Ու հայ մանուկները անմե՜ղ-անմե՜ղ երգում էին…

Իթթիհադական հայ խմբագիրների, հրապարակախօսների ո՛չ թիւն ու անունն են անծանօթ, ո՛չ էլ նրանց կատարած տխուր դերը:

Հայ Ազգային Երեսփոխանական Ժողովի անդամներ

Այդ ուղղութեամբ, խնդիրը աւելի ցայտուն դիրք կը ստանայ. գաղափարի մարմնացումը է՛լ աւելի կարկառուն ձեւ, դէմք, գունաւորում կ’առնի, երբ աչքի առաջ բերուի այն տխուր իրականութիւնը, որ Հայ Ազգային Երեսփոխանական Ժողովի անդամների մէջ ահագին թիւ էին կազմում յայտնի եւ ծածուկ, երդուեալ իթթիհադականները: Այդ կուսակցութեան ծիսակատարութեան համեմատ, նրանք կանխորոշ բանաձեւերով, Աւետարանով եւ ատրճանակով հաւատարմութեան երդում էին տուել: Ու բնաւ զարմանալի չէ՛, որ նրանք «Նուրը Օսմանիէ Կլիւբ»ից [Իթթիհադ կուսակցութեան Կ. Պոլսի կենտրոնակայանը, որը նաեւ մասոնական օթեակի անուանումն էր: – ԱՆԻ] ստացած հրահանգներով եւ ուղղութիւններով էին մօտենում հայ ազգին վերաբերեալ ամենակենսական հարցերին: Այդպիսով նրանք իրենց կուսակցական պարտականութիւնն էին կատարում:

Ո՞ր շրջանին, ե՞րբ Քաղաքական Ժողովում հայ իթթիհադականները վճռական ձայն չեն ունեցել:

Հիմա է՛լ աւելի հասկանալի կը լինի զաւեշտա-ողբերգական այն արարքը, երբ Ազգային Ժողովը յաճախ դռնփակ նիստեր էր գումարում՝ օրուան հրատապ խնդիրների մասին գաղտնի խորհրդակցութիւններ կատարելու եւ որոշումներ տալու, պատրաստելու:

Ս. դ. հնչակեանութիւնը մեն մենակ՝ թշնամու առաջ

Ու երբ հնչակեանը, կեանքից փրցրած իր վաւերաթղթերը ձեռքին բռնած, բանականութեան տուեալներով զինուած, ճարտարախօսութեան լարերին էր զարկում, պարզում, վերլուծում, ներկայացնում էր Իթթիհադի փլիլիսոփայութիւնը, նրա էութիւնը, ոգին, ներքին աշխարհայեացքը, յայտնի եւ ծածուկ միտումները, այդ ժամանակ հայ էֆենդին, վաճառականը, թափթփուկ մտաւորականը, Հայ Ազգային Ժողովի այլասերած անդամը, Եկեղեցու անարժան պաշտօնեան շատ, շա՜տ տեղերում մեր դէմ հակառակ ձայնանիշ էին բարձրացնում եւ ի նպաստ, յօգուտ Իթթիհադի էին ճառում: Անմոռանալի՜, սրտաճմլի՜կ, դա՜ռն օրեր:

Պատմութեան եւ իրերի մնայուն բնոյթի վրէժի առաջ՝ արդեօք, այսօր, իրենց սիրելիների ածխացած դիակների հանդէպ՝ չե՞ն սարսռում, չե՞ն զգում, որ հէնց իրենք բաժին ունեն – լինի շատ հեռաւոր – այդ ողբերգութեան մէջ:

Ովքե՞ր են պատասխանատու՝ Իթթիհադին լաւ չճանաչելու, չուզե՛լ ճանաչելու համար:

Եւ սակայն մեր ազգային գործերի օգուտը կը պահանջէր աշխատել նրա իսկական [բնոյթ]ը ճանաչել, արժէքը գնահատել:

Եւ սակայն մեր՝ մարդկային, ազգային շահը անհրաժեշտ պահանջ էր դարձնում այդ օրերին ընդգրկել Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան քաղաքականութիւնը, նրա տակտիկան, գործելակերպը եւ հետապնդած մօտաւոր նպատակը:

Չլսեցին, չհետեւեցին ու չարաչար տուժեցին, իրենք իրենց ձեռքով իրենց տունը քանդեցին: Բայց ինչո՞ւ այդպէս լինէր:

Ու ս. դ. հնչակեանութիւնը մնաց իր բարձրութեան վրայ, գլուխը բարձր՝ անցեալ, ներկայ եւ ապագայ պատմութեան առաջ, միշտ մէկ ձեռքին լուսոյ ջահը, միւսին՝ ազատարար դրօշը: Նա մնաց թշնամու առաջ մեն մենակ, բայց առանց վհատելու, առանց պայքարից դադարելու:

Խաբուո՛ղ, դի՛րք բռնիր

Բայց այդ անցաւ, պայմանով, որ անցուկը մոռցուկ չլինի ինչ վերաբերում է Իթթիհադին:

Հայ ազգի եւ Իթթիհադի անխուսափելի կռիւն սկսուել է: Նա անխնայ է, նա երկուստեք անողոք պիտի լինի: Դա մեր դիրքն է եղած, է՛, ու պիտի լինի մինչեւ վերջ:

Մեծ հարուածը պիտի գայ, եւ երէկուայ խաբուած հայ վաճառականը, մտաւորականը, առեւտրականը, էֆենդին յարատեւ հանդիսական պիտի լինե՞ն, հարուածի օրը մեր կողքին պիտի կանգնե՞ն, մեզ ոյժ պիտի տա՞ն, իրենց վրէժի բոցերի, ատելութեան, մախանքի թոյնը մերինի հետ պիտի խառնե՞ն՝ գետեր, ծովեր կազմելու եւ իթթիհադականութեան գլուխը յաւիտենապէս թաղելու:

Տղամարդը, ազնուասիրտը, աներկիւղը, մեծահոգին, հասարակական շահերի համար նուիրողը մեզ հետ պիտի լինի, մեզ ձեռք պիտի տայ՝ հրամայական պարտականութիւն կատարելու համար:

Մենք էլ հէնց այդ ենք սպասում, ուրիշ ոչի՛նչ: Այս տողերը դրա համար են. այլ նպատակ չունենք, քան հասարակական, ժողովրդական, ազգային բարիքը:

Պատասխանատուութեան մի մասը ճշտւում է

Թուրքասիրութիւն, իթթիհադասիրութիւն, իթթիհադամոլութիւն, պատմական ոյժերի, քաղաքական արժէքների չճանաչողութիւն, անգնահատութիւն – ահա՛ առաջին եւ գլխաւոր պատասխանատուութիւնը, որ ընկնում է այդ գաղափարների ետին կանգնող, նրանց ազդակը, արտայայտիչ բերանը հանդիսացող հայ տարրերի վրայ:

Այժմ պարզ է, թէ ինչո՛ւ մենք պէտք եղած ոյժը, զօրութիւնը չկարողացանք իր ժամանակին մթերել, ամբարել, երեւան բերել, որպէսզի, այս օրերիս մէջ, թշնամու դէմ մղէինք: Ու եղանք ա՛յն, ինչ ենք:

Այսօրուան պատերազմական դրութեան, նրա բազմադիմի եւ անհրաժեշտ պահանջներին ազդուօրէն բաւականութիւն կարենալ տալու մասին խաղաղութեան ժամանակ խորհած պիտի լինէինք: Ներկայ ժամանակի յաջողութեան եւ անյաջողութեան պայմանների արմատները խաղաղութեան շրջանից են գալիս: Իրերը ա՛յն ժամանակ էին խմորւում, թանձրանում, որոշակի ուղղութիւն, դրական եւ բացասական ձեւ ստանում:

Արդ, իսկական պատասխանատուութիւնը, ճշմարիտ պատասխանատուները պէտք է փնտռել ա՛յն ազդակների, հասարակական ա՛յն հոսանքների եւ տարրերի մէջ, որոնք գործել, շարժուել, խօսել են խաղաղութեան ժամանակ:

Հայելին բաւական մաքուր է: Պատասխանատուների մի որոշ մասը մեր ձեռքին ունենք:

Դա իրականութեան մի կողմն է: