Միջնորդների առաջարկների շուրջ ընթանում են կուլիսային բանակցություններ. Ազատություն

812

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն համատեղ հայտարարությունում հաղորդում են՝ հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են, որ շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է մնում:

«Համանախագահները քննարկել են նաև ըստ էության բանակցությունները դեպի երկարատև խաղաղություն առաջ մղելու ներկայիս աշխատանքային առաջարկությունները: Նախագահներից յուրաքանչյուրը իր տեսակետներն արտահայտեց, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատեցին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը», – հաղորդում են միջնորդները՝ հավելելով, որ «օպերացիոն մանրամասների քննարկումը դեռ շարունակվում է»:

Համանախագահները հայտնում են, որ նախատեսում են հանդիպել արտգործնախարարներին, այդ թվում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում, քննարկելու հնարավորինս շուտ նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը: «Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունը անհրաժեշտ է կարգավորման ուղղությամբ առաջ ընթանալու համար», – ասված է հայտարարությունում:

Փորձագետ Թաթուլ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում կարևորեց համանախագահների այս հայտարարությունը՝ նշելով․ – «Փաստորեն, Մինսկի խումբը ասում է, որ սեղանի վրա կան առաջարկներ, և ես կարծում եմ, որ այդ առաջարկները չեն վերաբերում նրան, ինչի մասին որ կողմերը հղում են անում՝ դիտորդների, ավելի ճիշտ՝ [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ] Կասպշիկի խմբի ընդլայնման մասին․ ես կարծում եմ, որ սեղանի վրա դրված է փաստաթուղթ, և այդ փաստաթղթի շուրջ ընթանում են կուլիսային բանակցություններ»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը ուշագրավ տարր չի պարունակում, ի տարբերություն ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Բաքվում և Երևանում տված ասուլիսներում հնչեցրած դրույթների: «Ուղղակի կարելի է ասել, որ ընդգծել են մի փաստ, որ «փորձում ենք բարձր մակարդակով նախագահների հանդիպում կազմակերպել», ուրիշ որևէ բան այստեղ [հայտարարությունում] չկա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մինսկի խմբի համանախագահների առաջին կանգառը, հիշեցնենք, Բաքուն էր, և այստեղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղին միայն ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու մասին, ասել էր, թե ողջունում է այն փաստը, որ Իլհամ Ալիևը խոսում է կարգավիճակի մասին:

Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ սա կարևոր հայտարարություն էր, որը վկայում է, որ գոնե ամերիկացիներն այնքան էլ համաձայն չեն ռուսաստանյան կողմի այն մոտեցմանը, թե կարևորը սայլը տեղից շարժելն է, և կարելի է միջանկյալ կարգավիճակի դիմաց ադրբեջանական կողմին որոշ շրջաններ վերադարձնել:

«Ամերիկյան կողմը մտահոգություններ ունի, որ ռուսները փորձում են մի միջանկյալ լուծում գտնել, մասնավորապես՝ ուզում են, որպեսզի կարգավիճակի հարցը թողնվի անորոշ ապագային, դրա դիմաց հայկական կողմը վերադարձնի 5-6 շրջաններ, Ղարաբաղը ստանա միջանկյալ ինչ-որ մի կարգավիճակ՝ արդեն մենք խոսում ենք Լավրովի կամ ռուսական պլանի մասին, և դրա դիմաց արդեն Ադրբեջանը, եթե մաս չկազմի Եվրասիական տնտեսական միությանը, ապա շատ ավելի թեքվի դեպի Ռուսաստան», – ասաց Հակոբյանը՝ շարունակելով․ – «Սա, անկասկած, կարող է և հավանաբար մտահոգում է ամերիկյան կողմին: Այնուամենայնիվ, ռուսներն ու ամերիկացիները միմյանց հետ են աշխատում, և այս պահին դեռևս նրանց մեջ չէ, այսինքն՝ միջնորդների մեջ չէ հակասությունը: Ես կարող եմ ավելին ասել․ իմ տպավորությամբ՝ այն հայտարարությունը, որ արեց Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է Ղարաբաղին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ, դրա հետևում կա կատարված դիվանագիտական աշխատանք, որում ներգրավված է նաև ամերիկյան կողմը, որ այս ընթացքում փորձ է արվում գտնել մի ձևակերպում, որով ինչ-որ տեղ փորձ կարվի, չճանաչելով Ղարաբաղը՝ այնուամենայնիվ, այնպես անել, որ հայկական կողմն էլ ավելի բաց խոսի տարածքներ վերադարձնելու մասին»:

Հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի նախօրեին Ադրբեջանի նախագահը ծավալուն հարցազրույց էր տվել ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը, որում նաև հայտարարել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ և չի կարող դառնալ այդպիսին, և առավելագույն փոխզիջումը, որին Բաքուն այսօր պատրաստ է, Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումն է:

Մանվել Սարգսյանի կարծիքով, սակայն, այսօր բանակցային գործընթաց, ըստ էության, չկա, և նույն «ռուսական ծրագիր» ասվածն էլ իրականում գոյություն չունի, իսկ Ղարաբաղի շուրջ վերջին ամենակարևոր և վտանգավոր զարգացումը, քաղաքագետի պնդմամբ, Թուրքիայի արդյունավետ դերի մասին Ռուսաստանի արտգործնախարարի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններն են: «Այ դա շատ ավելի կարևոր ու հետաքրքիր բան է, որովհետև Ռուսաստանը հիմա փորձեր է անում Թուրքիայի հետ վերականգնել հարաբերությունները, և անմիջապես հայկական խնդիրները, այսինքն՝ հայ – թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան խնդիրը, թեմա դարձան: Երբեք ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ո՛չ ընդհանրապես որևէ հետաքրքրված երկիր այդ տեսակետը չի արտահայտել, հակառակը՝ բոլորը ինչ-որ տեղ պաշտպանում էին Հայաստանի այն դիրքորոշումը, որ պիտի առանց որևէ նախապայմանների հայ – թուրքական հարաբերությունները կարգավորվեն», – ընդգծեց քաղաքագետը:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ազատություն ռադիոկայան, 26 հոկտեմբեր

http://www.azatutyun.am/a/28076268.html