Սփիւռքի Լրատուամիջոցներին Հայաստանի Ներսը Չի Հետաքրքրում

997

Երէկ ծանօթացայ Լրագրողների համահայկական 8րդ համաժողովի օրակարգին. ովքե՞ր են մասնակցում, ովքե՞ր են ելոյթ ունենալու, ի՞նչ թեմաներով, ո՞ր պաշտօնեաների հետ են նախատեսուած հանդիպումներ:

Միանգամից ասեմ, որ այսօր մեկնարկած համաժողովը ներկայացուցչական է, ինչպէս նախորդները, ընդգրկում է Սփիւռքի գրեթէ ողջ լրատուադաշտը՝ շուրջ երեք տասնեակ երկրներից աւելի քան 100 լրագրողներ:

Կասկած չկայ, որ այս համաժողովները, որոնք անցկացւում են սփիւռքի նախարարութեան հովանու ներքոյ, կարեւոր են: Ոչ միայն այն իմաստով, որ դրանց ընթացքում քննարկւում են հայկական աշխարհի լրատուամիջոցների առաջ կանգնած խնդիրներ ու մարտահրաւէրներ, այլեւ որովհետեւ համաժողովը մէկտեղում է եւ միմեանց կապում Սփիւռքի լրատուամիջոցներին, կապեր ստեղծում եւ ամրապնդում լրագրողների միջեւ:

Շատ լաւ է, որ համաժողովի մի մասը անցկացւում է Արցախում: Դա հնարաւորութիւն է տալիս Սփիւռքի լրատուամիջոցների ներկայացուցիչներին լինել նաեւ շփման գծում:

Սակայն շատ վատ է, որ Հայաստանի ներքին խնդիրները երբեք չեն դառնում Լրագրողների համահայկական համաժողովների քննարկումների նիւթ: Թերթէ՛ք բոլոր ութ համաժողովների օրակարգերը եւ չէք գտնի ծանրակշիռ ելոյթներ Հայաստանի եւ Սփիւռքի համար այնքան կենսական մարտահրաւէրների մասին, ինչպիսիք են կոռուպցիան, անարդար ու կեղծուող ընտրութիւնները, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները, Հայաստանը մաշող ու արիւնաքամ անող արտագաղթը:

Քար անտարբերութիւն Հայաստանում մարդու իրաւունքների խախտումների, ապօրինութիւնների, ժողովրդավարութեան պակասի ու բազմաթիւ այլ սպառնալիքների ու մարտահրաւէրների մասին, որոնք պէտք է հետաքրքրեն սփիւռքահայ մամուլին:

Թուրքիան, Ադրբեջանը, Հայոց Ցեղասպանութիւնը, Հայ Դատը շարունակում են զբաղեցնել Լրագրողների համահայկական համաժողովների օրակարգի մեծ մասը:

Այս համաժողովի շրջանակներում եւս լրագրողները հանդիպելու են Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտօնեաների հետ՝ Սերժ Սարգսեան, Կարէն Կարապետեան, Էդուարդ Նալբանդեան, Բակօ Սահակեան:

Սա էլ լաւ է:

Բայց լաւ չէ, երբ սփիւռքահայ լրագրողները չեն ցանկանում կամ չեն հետաքրքրւում հանդիպելու ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչների, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով զբաղուող մասնագէտների, անկախ, ոչ իշխանական քաղաքագէտների ու տնտեսագէտների հետ: Դա անհրաժեշտ է Հայաստանում տիրող իրավիճակը ամբողջութեամբ, բոլոր գոյներով ընկալելու համար:

Տպաւորութիւն է ստեղծւում, որ սփիւռքեան լրատուամիջոցներին հետաքրքրում է Հայաստանի եւ Արցախի իրականութեան միայն իշխանական մասը:

Յուսանք, որ Լրագրողների համահայկական յաջորդ՝ 9րդ համաժողովի օրակարգը կը ծածկի նաեւ Հայաստանի ոչ իշխանական կէսը, իսկ զեկուցաբերների շարքում կը լինեն նաեւ այդ ոչ իշխանական կէսի ներկայացուցիչներ:

Ամենաթունդ եւ հայրենասիրական կենացների պահին անգամ սթափ ձայնը օգտակար է:

Ասպարէզ, Լոս Անճըլես

http://asbarez.com/