Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»՝ տպարանում

2414

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր տպարան է ուղարկում ՍԴՀԿ առաջնորդներից և գաղափարախոսներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գիրքը, որը առաջին անգամ է հրատարակվում Հայաստանում:

Առաջին անգամ այս հատորը տպվել է Եգիպտոսում 1916-ին, ապա վերահրատարակվել 1974-ին Լիբանանում:

Սեպտեմբերի վերջերին «Պատասխանատուները» վաճառքի կհանվի Երևանի գրախանութներում:

Այս հատորը կարևոր աղբյուր է 1890-ական թթ. վերջերից մինչև 1914-ի հայ-թուրքական դեպքերն ու իրադարձությունները ավելի լավ, նոր լույսի տակ ընկալելու և մեկնաբանելու տեսակետից:

Մասնավորապես, այս գրքում մանրամասն կերպով և մասնակցի ներկայությամբ պատմվում է ՍԴՀԿ-Երիտթուրքեր, ՀՅԴ-Երիտթուրքեր, ՍԴՀԿ-Իթիլաֆ շփումների, հակասությունների և համագործակցության մասին:

«Պատասխանատուները» լույս է տեսնում արևելահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ:

Թաթուլ Հակոբյան 

——-

Ներկայացնում ենք գրքի մուտքի խոսքը Սապահ-Գիւլեանի գրիչով:

ՆԱԽԱԲԱՆ

Ներկայ աշխատութիւնը, իր գլխաւոր գծերով, գրուել է 1915 թ. օգոստոս 1-ին: Իր սկզբնական ձեւով հրատարակուել է մասամբ «Պալքանեան մամուլ»ում, մասամբ էլ «Ինքնավար Հայաստան»ում:

Ընթերցող հասարակութեան աւելի մատչելի դարձնելու համար՝ հարկ համարեցինք առանձին գրքով էլ լոյս ընծայել:

Մեր թէզն է՝

Պատմական բոլոր շրջանները իրար հետ սերտօրէն օղակաւորուած, զօդուած են, նրանք իրարից ամբողջովին զատուած, առանձնացած, կղզիացած ժամանակամիջոցներ չեն՝ առանց հաղորդակցութեան ներքին կապերի:

Պատմութիւնը մի ամբողջութիւն է. շրջանները, եղելութիւնները, դէպքերը, մանր ու խոշոր անցքերը նրա ձեւերը, արտայայտութեան մասերը, չուկէտերը [չուելու, այսինքն՝ ելման կէտեր: – ԱՆԻ], ժամանման կէտերն են. նրանք ընդհանուր բնաշրջումի՝ էվոլիւցիայի, յարատեւ զարգացման զանազան մասնիկները, պրոցեսուսները, բջիջներն են, միեւնոյն պատմա-մարմնի պէսպիսագոյն երեսները, դասաւորութիւնները, կտորտանքները՝ մէկը միւսի հետ ընդելուզուած:

Պատմական ո՛չ մի հոսանք, հետք թողնող, արժէք ներկայացնող, վերյիշումի առարկայ համարուող ո՛չ մի իրողութիւն կայ, որ իր նախընթաց ազդակները, կանխորոշ նախապատճառները ունեցած չլինի, եւ յաճախ՝ շատ հեռաւոր:

Երբ ներկայ երեւոյթների, եղած-կատարուածների, գոյադրութիւնների պատճառները, բացատրութիւններն ենք փնտռում, հարկաւոր է յետ դառնալ, վեր բարձրանալ, հոսանուտ գետի վերին մարզերը հասնել՝ ակունքները գտնելու, տեսնելու, ճանաչելու համար:

Ամէն անհատ, ընկերակցութեան անդամ, հաւաքական մարմին, հաստատութիւն, հասարակ ընկերակցութիւն թէ քաղաքական կուսակցութիւն, ինչպէս եւ ազգ, կատարելիք պարտականութիւններ ունի ժամանակի այն բոլոր շրջաններում, որոնցում ինք ապրում, գործում է:

Պարտականութիւն կատարելը՝ եռանդի, ոյժի, աշխատանքի կիրառութեան թանձրացրած պատկերը, շօշափելի արդիւնքը, մատուցուած բանաձեւն է՝ նիւթական, ֆիզիքական, բարոյական, իմացական մարզերում:

Կեանքի գաղտնիքը հնի եւ նորի անընդհատ փոփոխութեան մէջն է: Նրա առաջխաղացումը կատարւում է հնագոյն, աւելի մաշուած ձեւերի քայքայուելով, ոչնչանալով, եւ նորերի, թարմերի, աւելի կենսունակների ստեղծագործուելով, երեւան գալով: Եւ նորի սկզբնատիպը, գոյառութեան խմորը գտնւում է հնի մէջ, նրա փլատակներից, արգանդից է, որ ծնւում է, ապա ձեւակերպւում, գունաւորւում, հասունանում եւ յարմար յատկութիւններով օժտուելով՝ ասպարէզ է մտնում գործելու: Նորը արդպէս է գալիս:

Երբ մի շրջանում՝ մի ազգ, հաւաքական մարմին, անհատ քաղաքացի, կուսակցութիւն պարտականութիւն չի կատարում, անհոգ է գտնւում, նոր ձեւերին չի յարմարւում, իրերի պահանջը չի ըմբռնում եւ նրան համապատասխան գործունէութիւն ցոյց չի տալիս, ծանր սխալներ է գործում, եղած ոյժերը, հոսանքները չի ճանաչում, չի գնահատում ու կեանքի յարափոփոխ պէտքերին գոհացում չի տալիս – այդպիսիները յետագայ միւս շրջաններում պարտազանցութեան տուգանքին են ենթարկւում, ծանրօրէն տուժում են, կորցնում են իրենց կենսունակութեան, վերապրումի պայմանների, յատկանիշների մի մասը ու մնում են թոյլ, տկար՝ աւելի պարտաճանաչների, ժամանակաշրջանների ոգւոյն համեմատ գործող՝ է՛լ աւելի ուժեղ գործօնների առաջ:

Յետաշրջական, ռէակցիոներական գաղափարը գրեթէ անբաժան է հոլովոյթի, շրջանի, առաջխաղացումի գաղափարներից. դրանք պատմական առնչակից երեւոյթներ են: Պատմականի մէջ՝ յետաշրջականը հին ձեւերի քրթմնջացող ներկայացուցիչն է. բարոյական մարզում՝ նա պարտազանցութեան փաստաբանը, նոյն ինքն մեղադրուող կողմն է, ա՛յն կոյրը, հաշմանդամը, որ նոր գործունէութիւն ցոյց չի տուել, միայն խոչընդոտ է եղել, ձեռքերը ծալած նստել է եւ պարտականութեան, պատասխանատուութեան բաժին չի ստանձնել՝ իր չքաշած ամէն բեռ ուրիշին թողնելով: Յետաշրջականը մի բացասական կողմ է դրականի, կեանքի դժուարութիւնները հարթող, առաջադիմութեան լուծը քաշող՝ ստեղծագործող ոյժերի, ազդակների դէմ:

Այս րոպէիս՝ պատմական ամենախոշոր խնդիրների առաջ ենք կանգնած. բոլորս էլ գտնւում ենք ընդհանուր յորձանքում: Հայ ազգի մէջ եղող բոլոր դասակարգերը, անխտիր, հրամայական պարտականութիւն ունեն կատարելիք՝ ընդհանուր նաւը խորտակումից ազատելու հարցը բոլորին է վերաբերում:

Պարտականութիւն, հրամայական պարտականութիւն պիտի կատարել, եւ այն էլ իր ամենաբարձր կէտին հասցրած, որպէսզի մեր ճանապարհի վրայ ընկած թուրանա-թաթարական մամռոտ ժայռը գլորենք, մեր ուղին շարունակենք դէպի նոր հորիզոններ՝ մեր ճակատագիրը մեր ձեռքում պահելով:

Այսօրուայ քրթմնջացողները, տախտակամածի տակից գործողները, քարեր շպրտողները հէնց նրանք են, ովքեր մի այլ շրջանում պարտականութիւն չէին կատարել այսօրուան համար: Ներկայի քննադատները, եղածից աւելին պահանջողները՝ նախ պատասխանատուութիւնը պէտք է ճշտեն անցեալ օրերից սկսած:

Ու մեր թէզի եզրակացութիւնն է՝

Քանի որ ազգային, համազգային բնոյթ ունեցող խնդիրների առաջ բոլորն էլ պարտականութիւն եւ պատասխանատուութիւն ունեն, ապա ո՞վ, ովքե՞ր են, որ ամէնից աւելի թերացել են եւ ընդհանուր գործին պէտք եղած աջակցութիւնը, լրջութիւնը չեն տուել:

Այսօր ամբողջովին տարբեր արդիւնք ձեռք բերած կը լինէինք, եթէ անցեալ շրջաններում հայութիւնը կազմող բոլոր դասակարգերը, բոլոր անհատները պէտք եղած աշխատանքը, խելքը, ձեռներէցութիւնը անէին՝ աշխարհագրական ի՛նչ լայնութեան տակ էլ, որ նրանք գտնուած լինէին:

Այս աշխատութիւնը, շատ հապճեպով գրուած, պարզ եւ հարեւանցի տեղեկութիւններ է տալիս խնդրի այդ մասը լուսաբանելու համար, իրեն նպատակ տալով միանգամայն՝ խթան հանդիսանալ, որպէսզի ամէն հայ իր բարձրագոյն պարտականութիւնը կատարի այսօրուան, վաղուան, մեր ապագայի համար:

Ս. Սապահ-Գիւլեան

1 ապրիլի 1916 թ., Հելիոպոլիս (Եգիպտոս)