Թուրքիայի մահը ամեն հայի մտածմունքի առարկան պիտի լիներ. Հնչակյան գաղափարախոսությունից

2402
Հատված ՍԴՀԿ առաջնորդներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորից, որը առաջին անգամ լույս է տեսել 1916-ին: Այն արևմտահայերենից վերածել ենք արևելահայերենի (Բ. տպագրութիւն, Պէյրութ, 1974, էջ 79-80):

Թուրքական բանակում մեծ թվով հայ զինվորներ կային: Նրանք գիտեին այն վիճակը, որ ստեղծվել էր իրենց, իրենց ծնողների և ընտանիքների համար դեռ տանը եղած ժամանակ: Իթթիհադի, թուրքական կառավարության, թրքության միտումներին իրենք շատ լավ ծանոթ էին, մանավանդ, որ Բալկանյան պատերազմի ժամանակ փորձով տեսել էին, թե իրենց ինչ վիճակ է սպասվում տիրապետող տարրի կողմից:

Արդ, սպասելի էր, որ ոչ միայն նրանք, պատերազմի [Առաջին աշխարհամարտ, 1914թ.] առաջին նշանները երևացած ժամանակ զինվորական ծառայությունը մերժեին և լեռները քաշվեին՝ խմբային դիմադրություններ կազմակերպելու, այլ զորանոցներում եղածներն էլ կամ պիտի աշխատեին դասալիք լինել կամ խլրտումներ, խռովություններ հանել:

Գուցե պրոպագանդայի պակասություն, գուցե անհասկացողություն, անգիտակցություն. վերջապես հայ զինվորները պարտականություն ունեին կատարելիք՝ թուրք բանակները թուլացնելու, ջլատելու, քայքայելու տեսակետից և այդ հարցում թերացան:

Հայ զինվորը թուրքական պետության համար կառուցող տարր չպետք է լիներ, այլ տարրալուծող: Նրա ազգային, մարդկային, զինվորական առաջին պարտականությունը դրա մեջ պետք է կայանար և ոչ թե իր կյանքը, արյունը տալ խավարային մի որջ, ավազակային մի բանակ պահելու համար:

Թուրքական պետության մահը ամեն մի հայի մշտական մտածմունքի առաջին առարկան պիտի լիներ: Նպատակին հասնելու ձևերը պայմաններից կախում պիտի ունենային և ներկայացած ամեն հանգամանքից պիտի օգտվեին՝ հարվածը իջեցնելու:

Այդպես չլինելը մեծ դժբախտություն եղավ մեզ համար: Մենք շատ բան կորցրեցինք: Հայ զինվորը չարաչար սխալվեց՝ այսպես չանելով: Նա մեծ դեր ուներ կատարելիք՝ թերացավ:

Լուսանկարում` Օսմանյան բանակի կապիտան Սարգիս Թորոսյանը, աղբյուրը՝ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի կայք

Կարդալ նաև՝

Էնվեր փաշային մահից փրկողը Սարիղամիշում օսմանյան հայ զինվոր էր. Թաներ Աքչամ