Ալիևին հրավիրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը

754

Սերժ Սարգսյանը 2010 թ. փետրվարի 10-ին Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարեց, որ “Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ և ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին”:

“Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ` ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո՛ղ են լուծվել և հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին”,- ասել էր Սարգսյանը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Նյուզ լրատվական կայքին այսօր կրկին ասել է, որ Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից:

Քոչարյանը այսպիսով պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարին: Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այսինքն, մոտավորապես այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», ասել էր Լավրովը:

«Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց կապելու դա ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը Բուրսայում՝ Թուրքիա-Հայաստան պատասխան ֆուտբոլային խաղի ժամանակ, 14 հոկտեմբեր, 2009 թ.