Ընդդիմությունը պետք է ունենա մեկ, միայն մեկ և բացառապես մեկ խնդիր ու նպատակ՝ միավորվել

1593

Հայաստանի բզկտված ընդդիմադիր դաշտը պետք է ունենա մեկ, միայն մեկ և բացառապես մեկ խնդիր և նպատակ՝ միավորվել:

Եթե 2017-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմությունը չմիավորվի, ապա դա ամենալավ նվերն է լինելու ՀՀԿ-ական իշխանություններին, նրա հետ կոալիցիայի մեջ գտնվող ՀՅԴ-ին, ինչպես նաև՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններին:

Եթե ընդդիմությունը չմիավորվի, ապա այս չորս ուժերը հնարավորություն են ստանալու ամբողջովին կամ գրեթե ամբողջովին տիրել խորհրդարանին: Ընդ որում, ընդդիմության չմիավորվելու դեպքում իշխանությունները և նրանց գործընկեր երեք կուսակցությունները պայմանավորվելու են և միմյանց մեջ բաժանելու խորհրդարանական աթոռները, ինչպես դա եղավ 2007-ին:

Տեղական ընտրությունները, առաջին հերթին Վանաձորի և Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ երբ ընդդիմադիր ուժերը չեն միավորվում, ապա ոչ միայն չեն կարողանում զգալի տեղեր վերցնել ավագանիներում, այլ փոշիացնում են իրենց իսկ ստացած քվեները, որոնք վերջնարդյունքում գումարվում են իշխանությունների ձայներին:

Եթե Գյումրիում «Համախմբում»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը միավորվեին «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ)-ի հետ և հանդես գային մեկ ճակատով, ապա Ավագանիում կունենային ոչ թե 4, այլ 7-8 հոգի: Ավելին, միավորման դեպքում Սամվել Բալասանյանը, ով ՀՀԿ-ի թեկնածուն է, գուցե և այսօր չլիներ քաղաքապետ:

«Համախմբում»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է իմանային, որ ընդդիմադիր դաշտում Գյումրիում առաջատարը հենց ԳԱԼԱ-ն է, որի շուրջ պետք է լիներ միավորումն ու համախմբումը: Ընտրությունների նախօրեին գրեթե ակնհայտ էր, որ «Համախմբում»«Քաղաքացիական պայմանագիր»-ը, և հատկապես «Հայ ազգային կոնգրես»-ը նվազ հնարավորություններ ունեն հաղթահարելու 6 տոկոսի շեմը:

Այս երեք ուժերը Գյումրիում միասին հավաքեցին քվեների շուրջ 8 տոկոսը:

Նույնը վերաբերում է Վանաձորին, որտեղ ընդդիմադիր դաշտում միակ և հիմնական ուժը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր: Եվ կրկին՝ փոքր էր հավանականությունը, որ «Քաղաքացիական պայմանագիր»ը, «Համախմբում»-ը և հատկապես «Հայ ազգային կոնգրես»-ը կհաղթահարեն 6 տոկոսի շեմը:

Այդպես էլ եղավ: Երեք ուժեր միասին հավաքեցին ընդամենը 8 տոկոս: Եթե նրանք միավորվեին ակնհայտ առաջատար «Լուսավոր Հայաստան»-ի շուրջ, ապա վերջինիս ստացած 27.5 տոկոսի հետ միասին ընդդիմության ընդհանուր քվեն կլիներ մոտ 36 տոկոս, գրեթե այնքան, որքան ստացել է ՀՀԿ-ն:

Բացի այդ, ընդդիմության միավորումը լոկ մաթեմատիկական գումար չէ: Երբ ընդդիմությունը միավորվում է, ապա ավելին է ստանում, քան կստանար, եթե մասնակցեր ընտրություններին առանձին-առանձին: Ի վերջո՝ ընդդիմադիր տրամադրված ընտրողը, երբ տեսնում է, որ ընդդիմության դաշտում չկա միավորում, ապա մեծ է հավանականությունը, որ նա չմասնակցի ընտրություններին կամ քվեն տա իշխանական որևէ կուսակցության:

Հնարավոր է՞ Հայաստանում տեղի ունենա ընդդիմության միավորում նախքան 2017-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Եթե այո, ապա ի՞նչ գաղափարների կամ ընդհանուր շահերի շուրջ:

Որո՞նք են այն կուսակցությունները և անհատները, որ կարող են միավորել ու միավորվել:

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռ չկան կամ թերի են: Մինչդեռ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մնացել է 5-6 ամիս:

Հաջորդ հրապարակման մեջ կփորձենք պատասխաններ գտնել և տարբերակներ առաջարկել:

Ընդդիմադիր ուժերը և նրանց առաջնորդները ևս պետք է իրենց առաջարկները ներկայացնեն՝ մտքներում ունենալով այն պարտությունները, որ կրեցին Գյումրիում ու Վանաձորում:

Չմիավորման դեպքում նրանց պարտությունը երաշխավորված է: Իսկ պարտությունից հետո արդարացումներն ու բացատրությունները դատարկ զբաղմունք է:

Դասերը պետք է քաղել այսօր:

Դասերը պետք է քաղել սեփական պարտությունից:

Թաթուլ Հակոբյան