1996-ը շատերի հիշողության մեջ մնացել է նախագահական կեղծված ընտրությունների տարի, թեև նախագահական ընտրությունները կեղծվեցին նաև հետագայում և գուցե ավելի այլանդակ ու կատարելագործված ձևերով:
1996-ը և նախագահական ընտրությունները հատկանշական էին նրանով, որ տեղի ունեցավ աննախադեպ համախմբում ընդդիմության շարքերում: Ընդ որում՝ այն անհատներն ու կուսակցությունները, որոնք կանգնեցին նախագահի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կողքին, կանգնեցին մինչև վերջ՝ ենթարկվեցին հետապնդումների, դատապարտեցին կեղծիքները, ներդրված ականի ամոթալի դեր չկատարեցին:
1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների նախօրեին գրանցված էին 7 թեկնածուներ.
Լևոն Տեր-Պետրոսյան` “Հանրապետություն” միավորում,
Վազգեն Մանուկյան` ԱԺՄ,
Սերգեյ Բադալյան` ՀԿԿ,
Պարույր Հայրիկյան` ԱԻՄ,
Լենսեր Աղալովյան` “Արցախ-Հայաստան” միություն,
Արամ Սարգսյան` ՀԴԿ,
Աշոտ Մանուչարյան` ԳիԱրՔՄի:
Ընտրություններից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ համախմբում Վազգեն Մանուկյանի շուրջ: Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը և Լենսեր Աղալովյանը հանեցին իրենց թեկնածությունները՝ հօգուտ Վազգեն Մանուկյանի:
ՀՅԴ-ն, որ կասեցված էր, իսկ նրա առաջնորդները՝ բանտարկված, նույնպես պաշտպանեց Մանուկյանին: Աշոտ Մանուչարյանը դուրս չեկավ ընտրարշավից, սակայն իր գործողություններով չաջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որևէ վնասակար քայլ չկատարեց Վազգեն Մանուկյանի դեմ:
ՍԻՄ-ը՝ Սահմանադրական Իրավունք միությունը, որը ղեկավարում էր Հրանտ Խաչատրյանը, ևս պաշտպանեց Վազգեն Մանուկյանին:
Ներկայացնում ենք երկու ելույթ, որ ունեցել է Վազգեն Մանուկյանը այդ աննախադեպ համախմբման մասին:
“Մենք հպարտ ենք, որ այս թիմի մեջ է Դաշնակցությունը: Մի կուսակցություն, որ Հայաստանում իր շարքերի մեջ ներգրավել է բազում լավագույն տղաների, ովքեր անձնվիրաբար ծառայել են ժողովրդին և մարտնչել Արցախում: Մի կուսակցություն, որ կապահովի Հայաստանի հարաբերություններն աշխարհի բազմաթիվ երկրների հետ, որովհետև ՀՅ Դաշնակցությունը հարաբերություններ ունի թե՛ այդ երկրների ղեկավարների, թե՛ հայ գաղթօջախների հետ:
Մենք հպարտ ենք, որ մեր թիմի մեջ են Պարույր Հայրիկյանը և ԱԻՄ-ը: Մի մարդ, որ իր ամբողջ կյանքը նվիրել է ժողովրդին: Մի անձնավորություն, որ ճանաչված և հարգված քաղաքական գործիչ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազում երկրներում:
Մենք հպարտ ենք և ուժեղ, որ մեզ հետ է Արամ Սարգսյանը: Մի անհատ, որի ղեկավարած կուսակցության մեջ կան բազմաթիվ հանրահայտ մտավորականներ, իսկ մեր երկրի ապագան բոլոր դեպքերում կապված է մտավորականության հետ:
Մենք հպարտ ենք, որ մեր թիմում է Լենսեր Աղալովյանը: Մի անհատ, որ 1988-ից սկսած հետևողականորեն պայքարում է հանուն Արցախի, և որին մենք վաղուց ենք ճանաչում:
Կան բազում կազմակերպություններ, որ մեզ հետ են: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ հատուկ մատնանշել ՍԻՄ-ը: Մի կազմակերպություն, որտեղ համախմբված են իմ ճանաչած ազնվագույն, ժողովրդին նվիրված մարդիկ, ում ոչ մի բան չկոտրեց, ովքեր դիմացան բոլոր փորձություններին և շարունակելով մնալ էլիտար կուսակցություն՝ այսուհետ էլ աշխատելու են ի շահ ժողովրդի”:1
“Այդ ժամանակ կատարվեց իրենց [իշխանությունների] համար անսպասելին՝ առաջացավ միասնական ճակատ իրենց դեմ, միասնական թեկնածու: Ստեղծվեց բավական հզոր թիմ, որի մեջ համախմբված է մտավորականության զգալի մասը Արամ Սարգսյանի և Լենսեր Աղալովյանի միջոցով: Ներգրավված է Դաշնակցությունը, որը տասնյակ երկրներում ունի իր հզոր կապերը տարբեր պետությունների տնտեսական և քաղաքական ղեկավարների հետ: Այդ թիմում է Պարույր Հայրիկյանը, որն իրեն փայլուն դրսևորեց միասնական թեկնածուի առաջադրման հարցում: Եվ դա մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի մեջ”2:
Թաթուլ Հակոբյան
- Վազգեն Մանուկյանի ելույթը Ազգային համաձայնության դաշինքի հանդիսավոր նիստում, 1996թ. սեպտեմբերի 10, ֆիլհարմոնիայի դահլիճ, Վազգեն Մանուկյան “Հայկական երազանքը գոյատևման փակուղում”, ելույթների և հոդվածների ժողովածու, “Վ. Ի. Ա. Այսօր և վաղը”, Երևան, 2002, էջ 345:
- ՀՀ նախագահի թեկնածու Վ. Մանուկյան “Այժմ”, 1996, 18-24 սեպտեմբեր, Վազգեն Մանուկյան “Հայկական երազանքը գոյատևման փակուղում”, ելույթների և հոդվածների ժողովածու, “Վ. Ի. Ա. Այսօր և վաղը”, Երևան, 2002, էջ 349: