Գագիկ Ծառուկյանը վերադառնում է

1383

«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի համարում գրում է, որ նոյեմբերին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ստեղծվելու է նոր պաշտոն Գագիկ Ծառուկյանի համար՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդի նախագահ:

2015-ի փետրվարին Ծառուկյանը կազմակերպեց մի համաժողով, որի ընթացքում հայտարարեց, թե առաջիկայում սկսելու է փողոցային պայքար, իշխանություններին ստիպելու է հրաժարվել նեղ խմբակային շահերից՝ սահմանադրական փոփոխություններից, հակառակ դեպքում կպարտադրվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Սարգսյանի արձագանքը կոշտ էր և կտրուկ: Նա Ծառուկյանին զրկեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ մինչ հրամանագրի ստորագրումը Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստում և ծանր մեղադրանքներ հնչեցրեց իր և իր գլխավորած կուսակցության տարիների գործընկեր Ծառուկյանի հասցեին՝ նրան անվանելով «չարիք և կեղծ քաղաքական երևույթ»:

Սարգսյանը սպառնաց, որ Ծառուկյանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից, իսկ այդ օրերի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Ծառուկյանի խնամիին, հորդորեց ստուգել Ծառուկյանի՝ «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու, պետական բյուջե չմուծված միլիարդավոր դրամի հարկերից խուսափելու, քրեական հանցագործությունները քողարկելու մասին շրջանառվող լուրերի իսկությունը։

Ծառուկյանի պատասխանը կոշտ էր ու համարժեք: ԲՀԿ քաղխորհուրդը տարածեց նրա ելույթի տեքստը: Ծառուկյանը հայտարարում էր, որ ստեղծված ներքաղաքական լարվածությունը ունի մեկ հանգուցալուծում՝ նախագահական արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն: Ծառուկյանը համազգային համախմբման կոչ արեց՝ հասնելու Սարգսյանի պաշտոնանկությանը՝ «ազատվելու չարիքի իշխանությունից»: Նա հայտարարեց, որ գործող իշխանություններին հեռացնելով պետք է փակել հայոց պատմության «անփառունակ և ամոթալի էջը»։

Ծառուկյանը պնդեց, որ Սարգսյանն իր դեմ պատերազմ է սկսել, քանի որ ինքը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որոնցով իրականացվելու էր իշխանության վերարտադրությունը:

Սարգսյան-Ծառուկյան առճակատումը հանգուցալուծվեց նրանց հանդիպումով, որը, ըստ մամուլի, տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի ապարանքում՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ՝ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդի պաշտոնից, որի դիմաց իշխանությունները երաշխավորում են նրա և նրա բիզնեսի ապահովությունը: Ծառուկյանը ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարեց, որ ինքը որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Երբ Ծառուկյանը ստիպողաբար հեռացավ քաղաքականությունից, որոշ ժամանակ անց նրա և Սարգսյանի հարաբերությունները կարգավորվեցին: 2015-ի սեպտեմբերին Ծառուկյանը Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով»: