Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին թույլ կտա՞ վերադառնալ քաղաքականություն

3227

Քաղաքական շրջանակներում գնալով ավելի շատ է խոսվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտության մասին:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերով կուսակցության անունից կոչով դիմել է Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու խնդրանքով:

«Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտություն կա: Մեծ հավաքների ժամանակ [դրանք] մի ինչ-որ պահի վերածվում էին Ծառուկյանի վերադարձի ուղղակի կոչերի և պահանջի: Դա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերների, մեր կուսակիցների, մեր տարածքային կազմակերպությունների իսկապես ցանկությունն է և պահանջը, այլ հանրության պահանջն է: Եվ ես կարծում եմ, որ հանրության այդ պահանջի հետ անպայմանորեն պիտի հաշվի նստել», ասել է Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի հիմնադիր և տասը տարիների անփոփոխ առաջնորդ Ծառուկյանը, ով Հայաստանի մեծահարուստներից է, քաղաքականությունից ստիպողական պայմանավորվածությամբ հեռացավ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առճակատումից հետո:

2015-ի փետրվարին Ծառուկյանը կազմակերպեց մի համաժողով, որի ընթացքում հայտարարեց, թե առաջիկայում սկսելու է փողոցային պայքար, իշխանություններին ստիպելու է հրաժարվել նեղ խմբակային շահերից՝ սահմանադրական փոփոխություններից, հակառակ դեպքում կպարտադրվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Սարգսյանի արձագանքը կոշտ էր և կտրուկ: Նա Ծառուկյանին զրկեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ մինչ հրամանագրի ստորագրումը Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստում և ծանր մեղադրանքներ հնչեցրեց իր և իր գլխավորած կուսակցության տարիների գործընկեր Ծառուկյանի հասցեին՝ նրան անվանելով «չարիք և կեղծ քաղաքական երևույթ»:

Սարգսյանը սպառնաց, որ Ծառուկյանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից, իսկ այդ օրերի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Ծառուկյանի խնամիին, հորդորեց ստուգել Ծառուկյանի՝ «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու, պետական բյուջե չմուծված միլիարդավոր դրամի հարկերից խուսափելու, քրեական հանցագործությունները քողարկելու մասին շրջանառվող լուրերի իսկությունը։

Ծառուկյանի պատասխանը կոշտ էր ու համարժեք: ԲՀԿ քաղխորհուրդը տարածեց նրա ելույթի տեքստը: Ծառուկյանը հայտարարում էր, որ ստեղծված ներքաղաքական լարվածությունը ունի մեկ հանգուցալուծում՝ նախագահական արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն: Ծառուկյանը համազգային համախմբման կոչ արեց՝ հասնելու Սարգսյանի պաշտոնանկությանը՝ «ազատվելու չարիքի իշխանությունից»: Նա հայտարարեց, որ գործող իշխանություններին հեռացնելով պետք է փակել հայոց պատմության «անփառունակ և ամոթալի էջը»։

Ծառուկյանը պնդեց, որ Սարգսյանն իր դեմ պատերազմ է սկսել, քանի որ ինքը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որոնցով իրականացվելու էր իշխանության վերարտադրությունը:

Սարգսյան-Ծառուկյան առճակատումը հանգուցալուծվեց նրանց հանդիպումով, որը, ըստ մամուլի, տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի ապարանքում՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ՝ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդի պաշտոնից, որի դիմաց իշխանությունները երաշխավորում են նրա և նրա բիզնեսի ապահովությունը: Ծառուկյանը ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարեց, որ ինքը որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Երբ Ծառուկյանը ստիպողաբար հեռացավ քաղաքականությունից, որոշ ժամանակ անց նրա և Սարգսյանի հարաբերությունները կարգավորվեցին: 2015-ի սեպտեմբերին Ծառուկյանը Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով»:

Ծառուկյանը քաղաքականությունից ստիպողաբար հեռացավ, քանի որ խանգարում էր, իրական վտանգ էր Սերժ Սարգսյանի վերարտադրությանը:

Եթե Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն՝ ուղղակի կամ անուղղակի օգտակար լինելու Սերժ Սարգսյանին ու իշխող ՀՀԿ-ին, ապա դա կլինի ցնցող հարված ընդդիմությանը, որը, եթե օգտագործենք Ծառուկյանի բառապաշարը, փորձում է «ազատվել չարիքի իշխանությունից» և փակել հայոց պատմության այս «անփառունակ և ամոթալի էջը»։

Բացի այդ, Ծառուկյանը երկրորդ անգամ կարող է արժանանալ «չարիք և կեղծ քաղաքական երևույթ» պիտակին, այս անգամ ոչ թե Սարգսյանի, այլ ընդդիմության կողմից:

Թաթուլ Հակոբյան