Տեր-Պետրոսյանը և 96-ը՝ դրսի աչքերով

1228

Հայաստանում առաջին անգամ ԵԱՀԿ-ն ընտրությունները դիտարկել է 1996-ի սեպտեմբերին: Ներկայացնում ենք այդ կազմակերպության եզրակացությունը, ինչպես նաև մի քանի հրապարակումներ և հայտարարություն միջազգային հանրությունից: 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԴՈՒՆԴԸ                

«Վաշինգտոն փոստ»

1 հոկտեմբերի, 1996թ., խմբագրական

ԱՄՆ հատկացրած օգնության ծավալով մեկ անձի հաշվով Հայաստանն աշխարհում Իսրայելից հետո երկրորդ տեղում է: Այդ առանձնահատկությունը ոչ միայն արդյունք է մեծաքանակ ամերիկահայերի բուռն շահագրգռության, այլեւ Հայաստանի` իբրեւ ետխորհրդային աշխարհում իրական ժողովրդավարական (որոշ ժամանակ իրապես) երկրի ունեցած վարկի:

Ցավոք, իրականությունն այժմ շատ է տարբերվում այդ պատկերացումից. կեղծիքով աղճատված քվեարկությունից հետո նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե վերընտրվել է, երբ ձերբակալել, աքսորել կամ ընդհատակ է մղել իր քաղաքական ընդդիմության հիմնական մասը: Նույնքան ցավալի է, որ ԱՄՆ կառավարությունն իր ամենախիստ դատապարտանքը մինչ այժմ վերապահել է ընդդիմությանը, նույնիսկ այժմ, երբ Հայաստանն ընթանում է բռնատիրական կառավարման ուղով:

Հինգ տարի առաջ հիմնավոր հույսերով Հայաստանը ձեռնամուխ եղավ ետխորհրդային իր անկախության կերտմանը: Ի հակադրություն աշխարհամասի շատ այլ հանրապետությունների, ուր նախկին համայնավար ղեկավարները պարզապես ժողովրդավարներ վերաներկայացվեցին, Հայաստանը ղեկավար ընտրեց մտավորականի եւ նախկին այլախոհի` հանձին Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սակայն ավելի քան մեկ տարի առաջ նախագահը սկսեց բռնությամբ ղեկավարելու իր վայրէջքը` արգելափակելով ընդդիմադիր խոշոր մի կուսակցություն եւ ճնշելով մամուլի մեծ մասը: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները, արդարության ոտնահարումների առումով, լայնորեն դատապարտվեցին:

Նոր ավարտված նախագահական ընտրություններին պարոն Տեր-Պետրոսյանն օգտվեց պետական հեռուստատեսության 1050 րոպե եթերաժամից, մինչդեռ նրա գլխվոր մրցակից, նախկին վարչապետ եւ իր երբեմնի դաշնակից Վազգեն Մանուկյանին տրվեց 65 րոպեանոց հնարավորություն:

Ըստ միջազգային դիտորդների, բուն քվեարկություններն աղճատվել են «օրենքի էական եւ լուրջ խախտումներով»: Դիտորդների նախնական զեկույցում նշվում է, որ նման խախտումները բավարար չէին ընտրության արդյունքը հակառակին հանգեցնելու իմաստով: Բայց այժմ, երբ պարոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե ստացել է քվեների 50 տոկոսից քիչ ավելին (նա երկրորդ փուլից խուսափելու համար 50 տոկոսի կարիք ուներ), նրա հաղթանակի օրինականությունը խիստ կասկածելի է:

Մայրաքաղաք Երեւանում ընդդիմության հանրահավաքները շատ բազմամարդ եւ հիմնականում խաղաղ էին: Բայց  երբ ԿԸՀ-ն մերժեց քվեների վերահաշվարկ կատարել, բախումներ տեղի ունեցան: Այժմ նախագահը զորք եւ հրասայլեր է տեղակայել մայրաքաղաքում փաստորեն հաստատելով արտակարգ դրություն: Ընդդիմության ղեկավարները ծեծի են ենթարկվել եւ վտարվել խորհրդարանից: Զորքը խուժել է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ եւ փակել դրանք:

Այս բոլորին դեմ հանդիմն ԱՄՆ վարչակարգն այլ բան չի կարողացել անել, քան հայտարարել, թե «մեծ հետաքրքրությամբ» հետեւում է իրադարձություննեի ընթացքին: Մինչդեռ ընդդիմության կողմից բռնության դիմելը համարել է «ցավալի դժբախտություն»:

Ցավալին ոչ միայն ամերիկյան հաճոյախոս անդրադարձն է, այլ այն, որ տխուր, բայց խիզախ պատմություն ունեցող մի փոքր ժողովուրդ ականատես է ինքնակառավարման իր հնարավորության հափշտակմանը:

ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կառավարում է իր լեռնային երկրում, սակայն ժամանակին փայլատակած նրա իմիջն այլեւս գլխիվայր շուռ է եկել: 51-ամյա Տեր-Պետրոսյանը, որ վերջին գոյատեւողն է ետխորհրդային «երգող-արքաների» շարքում, պաշտոնապես հայտարարվեց նախագահական ընտրություննեի հաղթողը, բայց միջազգային դիտորդներն ասում են, որ լայնածավալ խախտումներն ամենայն հավանականությամբ օգնեցին նրան գողանալու թագը: Պաշտոնական արդյունքները տալիս են նրան ձայների 51,8 տոկոսը, ինչը բավական էր խուսափելու համար նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ երկրորդ փուլում մրցելուց…

Իր գլխավորած բլոկի գերիշխանության տակ գտնվող խորհրդարանով Տեր-Պետրոսյանը կառուցում է իրապես միակուսակցական պետություն: Բանասեր նախագահը ժամանակին պատկանում էր հակակոմունիստ քաղաքական գործիչների այն փոքր խմբին, որի մեջ էին Վրաստանի Զվիադ Գամսախուրդիան, Լիտվայի Վիտաուտաս Լանդսբերգիսը եւ Ադրբեջանի Աբուլֆազ Էլչիբեյը: Նրանք բոլորը ակադեմիական եւ մտավորական դեմքեր էին, որ մեծ դեր խաղացին իրենց հանրապետությունները Խորհրդային Միությունից Անկախացնելու գործում:

Այժմ Գամսախուրդիան մեռած է, Լանդսբերգիսը հեռացվել է իշխանությունից, իսկ Էլչիբեյը աքսորում է:

Տեր-Պետրոսյանը, որ մի պահ Արեւմուտքի սիրելին էր, տեսել է դեմոկրատի իր պատկերն ամբողջությամբ, բայց` շրջված:

ԼՈՈՒՐԵՆՍ ՇԻԹԱ

«Ռոյթըր» գործակալության թղթակից, 2 հոկտեմբերի, 1996թ.

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ եւ բացատրություն տալու կոչ է հղել ՀՀ կառավարությանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նիքըլս Բըրնսը ասել է. «Տեղեկություններ կան, որ ընդդիմության մի շարք անդամներ խոշտանգված են Հայաստանի անվտանգության ուժերի կողմից: Մենք մտահոգված ենք այս տեղեկություններով եւ կցանկանայինք լսել Հայաստանի կառավարության բացատրությունը. նման բան պատահե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե պատահել է, ապա` ինչու՞»:

Բըրնսը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել մանրամասն տեղեկություններ հաղորդել ձերբակալվածների կալանավայրի ու նրանց վիճակի վերաբերյալ: «Մենք շարունակելու ենք Հայաստանից պահանջել, որ Հայաստանի կառավարությունը ձերբակալվածների հետ վարվի մարդու իրավունքների միջազգային օրենքների համապատասխան», ասել է նա լրագրողներին:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ավելացրել է, որ Վաշինգտոնը տեղյակ է ընտրական խախտումների փաստերին, սակայն սպասում է ԵԱՀԿ դիտորդների վերջնական տեղեկագրին:

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  

ԵԱՀԿ դիտորդների խումբը հոկտեմբերի 1-ին հրապարակել է իր վերջնական տեղեկագիրը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ընտրական դիտորդների առաքելությունը սեպտեմբերի 24-ին հրապարակեց իր հետընտրական նախնական հայտարարությունը, ներառյալ` ընտրության օրը նկատված ընտրական գործընթացը: Նախնական տեղեկագրում նշված էր, որ ընտրական գործընթացի այդ առանձնահատուկ փուլում օրենքի խախտումներն, ըստ երեւույթին, չէին ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Դիտորդների առաքելությունը շարունակեց հետեւել քվեների հաշվարկման, ստուգման ու արդյունքների գումարման գործընթացին եւ ստորեւ ներկայացնում է իր դիտարկումների արդյունքը:

Առաքելությունը արձանագրեց բազմաթիվ խախտումներ քվեների հաշվարկման մեջ, ներառյալ է ընտրական օրենքի շատ լուրջ խախտումներ: Թեեւ առաքելությունը ցանկանում է նշել, որ նման խախտումներով չի կարելի որակել հաշվարկման ամբողջ գործընթացը, սակայն նկատված խախտումները հարցական են դարձնում ընտրական գործընթացի օրինականությունը:

Առանձնահատուկ մտահոգություն կա պաշտոնապես հայտարարված արդյունքների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում քվեարկած անձերի եվ պաշտոնական արդյունքում արձանագրված քվեաթերթիկների քանակին (22.013): Դա հատկապես բացահայտ է Երեվանում, ուր արձանագրված են գործնականորեն քվեարկողների թվից 21,701 պակաս քվեաթերթիկներ: Բացահայտ մտահոգություն կա նաեւ անհետացած 21,128 քվեների վերաբերյալ, որոնք չեն հաշվել: Քանի որ ներկայացված է, թե նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հազիվ է անցել 50 տոկոսի սահմանը, եւ դա 21,941 քվեների շնորհիվ, ապա ստուգման գործընթացում եղած անճշտությունները կարող են միայն հանգեցնել ընդհանուր ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության խորացմանը եւ նույնիսկ հարցականի տակ դնել քվեարկության առաջին փուլի արդյունքները:

Ահավասիկ հաշվարկման գործընթացում նկատված խախտումների օրինակները:

Արմավիրի շրջանային ընտրական հանձնաժողովի գրասենյակում տեղամասային ընտրական հանձնաժողովների արդյունքի դատարկ թերթիկներ նկատվեցին, որոնք սակայն պաշտոնապես ստորագրված եւ կնքված էին:

Նկատվել է քվեաթերթիկները օրինական ճանաչել կամ չճանաչելու անհետեւողական մոտեցում: Օրինակ, դիտորդները հստակորեն արձանագրեցին Վազգեն Մանուկյանի օգտին քվեաթերթիկները անվավեր հայտարարելու փաստը, որովհետեւ թանաքի փոքրիկ կետ է եղել Լ. Տեր-Պետրոսյանի անվան դիմաց շրջանագծի վրա (Արարատի շրջանի 2-2, Գեղարքունիքի թիվ 10-8 եւ Սյունիքի թիվ 1-5 ընտրական կենտրոններում):

Ընտրական կենտրոններում քվեների հաշվարկման ժամանակ նկատվել է ոչ իրավասու կամ ոչ լիազոր անձերի ներկայություն, հատկապես` ներքին գործերի նախարարության անձնակազմից: Օրինակ, նույն նախարարության անձնակազմից մարդիկ կային Վայքի 3-2 3-1, Եղեգնաձորի 1-1, Երեվանի 12-1, 2-5, 11-24 եւ Շիրակի 1-13 կենտրոններում: Սրանք հստակ խախտումներ են, օրենքի, ըստ որի` միայն ընտրական հանձնաժողովի անդամները, թեկնածուների վստահված անձինք եւ հավատարմագրված լրագրողներն ու միջազգային դիտորդները կարող են ներկա լինել հաշվարկման ժամանակ:

Արձանագրվել է ներքին գործերի նախարարության պաշտոնյաների, Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց եւ հանձնաժողովի նախագահների միջեւ տեղի ունեցող մշտական խորհրդակցություններ` քվեների հաշվարկման ժամանակ: Այս փաստը նկատվել է բոլոր այն տեղերում, որտեղ ներկա է եղել ներքին գործերի նախարարությունը: Թիվ 11-24 ընտրական կենտրոնի դեպքում, ուր տեղեկություններ կային, թե անծանոթ տարրերը օրվա ընթացքում քվեաթերթիկներ են գցել քվեատութի մեջ, դիտորդները նկատեցին, որ ոստիկանության մի սպա եւ մի քանի չլիազորված անձինք հաշվարկման ավարտին ներս մտան, ու տեղի ունեցած իրարանցման ընթացքում նրանցից հինգ հոգի խառնեցին քվեատուփը: Այնուհետեւ, երբ այդ նույն քվեատուփը բացվեց համայնքային ընտրական հանձնաժողովի գրասենյակում, դիտորդները տեսան, որ այստեղ շուրջ 200 քվեաթերթիկներ կան` առանց ստորագրության եւ առանց քվեարկողի համարանիշի, ինչը օրենքով պարտադիր պայման է:

Արձանագրվել է քվեարկողների ցանկի ստորագրությունների թվի եւ իրականում քվեատուփ նետված քվեաթերթիկների թվի անհամապատասխանություն: Այս դեպքերը առաքելության կողմից արձանագրվել են ընտրական արձանագրություններում (պաշտոնական արդյունքը նշված, ստորագրված եւ կնքված թերթիկ) Երեւանի թիվ 5-33, 7-8, 7-28, 7-33, 8-17, 8-18 եւ 12-15 կենտրոններում: Արդյունքների ստուգման եւ նախնական արդյունքների հրապարակման ժամանակ այս դեպքերից ոչ մեկը քննության չենթարկվեց Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից:

Շատ քիչ դեպքերում կատարվեց այն պարտավորությունը, որ ընտրական կենտրոնի վերջնական արձանագրությունը պետք է փակցվեր տվյալ ընտրական կենտրոնում` հանրության համար տեսանելի տեղում:

Արձանագրվեց հաշվարկման գործընթացի ընդհատում եւ ուշացում: Դրա ամենացայտուն օրիանակները արձանագրվեցին Երեւանի Մալաթիա եւ Սեբաստիա շրջանների համայնքային ընտրական հանձնաժողովներում, որոնք մարզային ընտրական հանձնաժողովից խնդրեցին ընդմիջման արտոնություն սեպտեմբերի 23-ի համար եւ ստացան այդ արտոնությունը:

Եղան դեպքեր, երբ քվեարկության վերաբերող իրերը եւ քվեատուփերը թողնվեցին անապահով տեղերում եւ առանց հսկողության մնացին օրեր շարունակ: Օրինակ, ընտրական քվեատուփերը Երեւանի թիվ 12-17 ընտրական կենտրոնում:

Մարզային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի արդյունքները ստուգելու եւ քննելու հազվադեպ փորձեր եղան: Օրինակ, Երեւանի Նոր Նորքի թիվ 8-1, 8-2, 8-4, 8-5, 8-6, 8-7, 8-10, 8-12, 8-13, 8-17, 8-18, 8-21, 8-26, 8-33 եւ 8-34 ընտրական կենտրոնների դեպքերում: Ըստ երեւույթին այս ընտրական կենտրոններից ոչ մեկում արդյունքները պաշտոնապես չստուգվեցին մարզային ընտրական հանձնաժողովի կողմից:

Դիտորդները նկատեցին, որ մի շարք դեպքերում իրենց ներկայությունը ցանկալի չէր ընտրական կենտրոնի կամ համայնքի ընտրական պաշտոնյաների համար: Օրինակ, Երեւանի թիվ 4-6 եւ Նորադուզի (Գեղարքունիք) թիվ 11-1 ընտրական կենտրոնների դեպքերում: Մեկ տեղում հանձնաժողովը միջազգային դիտորդներին չթույլատրեց մասնակցել ընտրական գործընթացին: Էջմիածնի համայնքային ընտրական հանձնաժողովի եւ մեկ այլ վայրի շրջանային հանձնաժողովների նախագահները հեռացան ընտրական կենտրոններից` մերժելով ստորագրել արձանագրությունը կամ մերժելով դրանցից մի օրինակ տալ միջազգային դիտորդներին (Երեւանի թիվ 2-9 ընտրական կենտրոն): Այս դեպքում միայն ԿԸՀ-ի միջամտությամբ եւ ԵԱՀԿ-ի առաքելության խնդրանքից հետո կացությունը շտկվեց:

Այս դեպքերը չկրկնվեցին ամբողջ երկրում, եւ մի շարք ընտրական հանձնաժողովներ (դիտորդները նշեցին Գյումրիի 57 ընտրական կենտրոնների բավականին արդյունավետ աշխատանքը) եւ հատկապես ԿԸՀ-ն ամեն ինչ արեցին միջազգային դիտորդների աշխատանքին օգնելու համար:

Բայց եւ այնպես, արդյունքնեի ստուգման գործընթացում նկատված հապաղումները (գործընթաց, որ հաստատված է օրենքով) լուրջ թերություն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Հետեւաբար, ստորին օղակի հանձնաժողովների համար պարզ չէր, թե ինչպես պիտի կատարեն այդ գործընթացը: Առաքելության համար պարզ դարձավ, որ սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո մարզային ընտրական հանձնաժողովների մեծ մասը կողմնակալ դարձավ, հանգամանք, որը մեծապես ազդեց ստուգման գործընթացի վրա: Հետեւաբար, թեեւ ԿԸՀ-ն հաջորդ օրը վերջապես համաձայնեց ստուգման եւ ճշտման որոշակի օրինակարգի վերաբերյալ, մարզային հանձնաժողովների մեծ մասը միայն սահմանափակ փորձ կատարեց ստուգելու եւ վերստին քննելու հաշվարկների արդյունքները:

Թեեւ ընտրության ընթացքի ընդհանուր պատասխանատվությունը դրված է ԿԸՀ-ի վրա, դիտորդական առաքելության համար բավականին պարզ էր, որ մի շարք շրջանային հանձնաժողովներ, հատկապես Երեւանի դեպքում, արդյունավետ խողովակներ չէին բողոքները հաշվի առնելու իմաստով: Այսպես` չգործադրվեց ավելի բարձր հանձնաժողովների կողմից հարցերը լուծելու ձեւը: Դա ավելի բարդացավ պաշտոնական արձանագրությունների անհասանելիության հետեւանքով, հատկապես Երեւանում, ինչպես նաեւ այլ շրջաններում:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասեյակի դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ քվեների հաշվարկման, ստուգման եւ արդյունքների ամփոփման ժամանակ տեղի են ունեցել օրենքի շատ լուրջ խախտումներ` ընտրական գործընթացի ազնվության վերաբերյալ մտահոգվելու չափ: Առաքելությունը համապատասխան իշխանություններից պահանջում է, որ վերջինս քննի եւ գնահատական տա օրենքի խախտումներին եւ անհրաժեշտության դեպքում կատարի օրենքի հարկավոր բարեփոխումներ` ամրապնդելով օրենքում առկա տրամադրությունները ապագայում տեղի ունենալիք որեւէ ընտրությունից առաջ: Նրանք, ովքեր չեն հարգել օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

1 հոկտեմբեր, 1996թ

Լուսանկարում՝ նախագահներ Տեր-Պետրոսյանը և Քլինթոնը տիկնանց հետ, 1994թ., Սպիտակ տուն