Կապուտիկյանի և այլ գրողների ձայնը՝ ընդդեմ 1996-ի ընտրություններում տեղ գտած անօրինականությունների

2570

Այս հայտարարությունը տարածել են մի քանի հայ գրողներ 1996-ի սեպտեմբերյան նախագահական ընտրություններից հետո:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հույս չունենալով, որ Հայաստանի գրողների միությունն իր միասնական ձայնը կբարձրացնի այն անօրինականությունների դեմ, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների եւ դրանց հաջորդող տագնապալից դեպքերի կապակցությամբ, մենք` ներքոստորագրյալ գրողներս, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը:

Խորապես ցավելով սեպտեմբերի 25-ի երեկոյան Ազգային ժողովի առջեւ կատարվածի համար, գտնում ենք, որ դա հետեւանք էր ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների, որոնք չկանխվեցին եւ ժամանակին չբացահայտվեցին: Մի հանգամանք, որը բորբոքեց առանց այն էլ սոցիալական անարդարություններից, խավարից, քաղցից, գործազրկությունից տառապած մարդկանց զայրույթը եւ մղեց նրանց անցանկալի պոռթկումների: Թողնելով օրենքին պարզելու ողջ ճշմարտությունը, մենք, սակայն, չենք բացառում, որ այդ խառնաշփոթի մեջ իր դերն է խաղացել որոշակի նպատակներ հետապնդող սադրանքը` նյութված առանձին շահագրգիռ անձանց կողմից:

Գտնում ենք, որ անզեն ժողովրդի վրա բռնի միջոցներ գործադրելը, Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հապշտապ որոշումները, եւ, մանավանդ, ժողովրդի ընտրյալների աններելի պահվածքը անհարիր են իրավական պետություն կառուցելու հավակնություն ունեցող մեր երկրի համար: Խորը տարակուսանք է առաջացնում բազմության այդ տարերային բռնկումներն անհապաղ որպես պետական հեղաշրջման փորձ որակելը:

Ոչ պակաս անօրինական է եւ դատապարտելի ընդդիմության գործիչներին եւ նրանց հրահրողներին շուտափույթ ձերբակալելը: Ամբողջ ձայնով բողոքում ենք նրանց հանդեպ գործադրած ծեծի եւ բռնարարքների դեմ: Այս ամենը հիշեցնեում է շատ տխուր ժամանակներ, ավելացնում է իրավիճակի լարվածությունը եւ նորից ստեղծում է ահի ու ահաբեկչության մթնոլորտ:

Պահանջում ենք` մինչեւ կատարված դեպքերի ստույգ պարզաբանումը, ազատ արձակել ձերբակալվածներին եւ անհապաղ հրապարակել բոլոր փատաթղթերը, որոնք կազմվել են տեղամասային եւ կենտրոնական հանձնաժողովներում: Կարծում ենք, որ այդ գործողությունները մասամբ կխաղաղեցնեն խռովված խողովրդին եւ ետ կպահեն հետագա առճակատումներից:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ,

ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱն,

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ,

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ,

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ,

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ Սիլվա Կապուտիկյան