Մարուխյանը շատ հաճելի տպավորություն թողեց. Սուրեն Հարությունյան

4062

Հանդիպում ՀՅԴ-ի ղեկավար Հրայր Մարուխյանի հետ

Հատված Խորհրդային Հայաստանի առաջնորդ, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1988 թ. մայիս-1990թ. ապրիլ) Սուրեն Հարությունյանի Անցյալի և ներկայի մասին գրքից, էջ 208-211

suren

1988-ին Երևանում հանդիպեցի ՀՅԴ ղեկավար Հրայր Մարուխյանի հետ: Դա խորհրդային իշխանության բոլոր տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին և միակ հանդիպումն էր ՀՅԴ ղեկավարի հետ: ՀՅԴ ղեկավարը դատապարտեց Հայաստանի ընդդիմադիր ուժերի հախուռն, անմտածված գործողությունները, որոնք` ղեկավարվելով պատեհառիթ, իսկ երբեմն էլ փառասիրական շահերով, խախտում են հասարակական կարգուկանոնը և զգալի վնաս հասցնում հայ-ռուսական հարաբերություններին: Նա ընդգծեց, որ մեր գործողությունները, հատկապես ազգային շահերի պաշտպանության հարցերում, պետք է հանգամանորեն մտածված լինեն, կշռադատված և տարերային բնույթ չկրեն:

Մարուխյանը ընդգծեց, որ ՀՅԴ-ն միանգամայն որոշակի վերաբերմունք ունի Խորհրդային Միության նկատմամբ, որը թելադրված է գլխավորապես հայ ժողովրդի ազգային-ազատագրական շահերով: Մեր համոզմամբ, ասաց նա, Խորհրդաին Միությունը կարող է կարևոր դեր խաղալ հայկական հարցի լուծման խնդրում, քանի որ Հայաստանը այդ Միության մի մասն է: Նա հայտարարեց, որ իր կուսակցությունը հաստատակամորեն և պաշտոնապես պաշտպանում է Խորհրդային Հայաստանի նոր ղեկավարության այն բոլոր ձեռնարկումները, որոնք նպատակաուղղված են մեր ազգային և քաղաքական իրավունքների պաշտպանությանը՝ ընդսմին ավելացնելով, որ հայկական հարցի լուծման մղվող պայքարում հայ ժողովրդի ջանքերը պետք է լինեն ընդհանուր և միասնական:

Ընդհանուր առմամբ, ՀՅԴ ղեկավարը շատ հաճելի տպավորություն թողեց, նա լավ տիրապետում էր ազգային և միջազգային խնդիրներին: Մենք միմյանց հետ ընդհանուր լեզու գտանք հիմնական հարցերում:

Մարուխյանի հետ հանդիպումից հետո ես այդ մասին ծածկահեռագրով հաղորդեցի Մոսկվա: Մի քանի օր անց ինձ զանգահարեց Յակովլևը և խնդրեց ավելի մանրամասն տեղեկություններ ուղարկել այդ հանդիպման մասին: Շարադրելով բանակցությունների բովանդակությունը, համապատասխան տեղեկություն ուղարկեցի Մոսկվա: Այնտեղից սկզբունքային բնույթի որևէ դատողություն չստացա: Միակ հարցը, որ քննարկման առարկա դարձավ, Հայաստանի տարածքում ՀՅԴ -ի օրինականացման հարցն էր: Հայաստանի կոմկուսի Կենտկոմի դիրքորոշումը մնաց ուժի մեջ: Այդ առնչությամբ հատուկ հանդիպում ունեցա ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի հետ, որն ըմբռնումով ընդունեց խնդիրը:

Գտնվելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, գիտակցաբար երբեք ոչ բանավոր ելույթներում, ոչ էլ տպագիր հրապարակներում հակադաշնակցական հարձակումներ թույլ չեմ տվել: Չգիտեմ, թե Հայաստանի կոմկուսի ղեկավարներից էլ ով է խուսափել նման կարգի հարձակումներից: