Հայաստանի խորհրդարանում հնչած առաջին ճառը. 1918թ. օգոստոսի 1

5765

Ավետիք Սահակյան. Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին

1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Խորհրդի, անդրանիկ նիստը: Հայաստանի անդրանիկ օրենսդիր մարմնի առաջին նիստի պատիվը տրվեց նրա նախագահ Ավետիք Սահակյանին: Խորին լռության մեջ բեմ ելավ Սահակյանը և արտասանեց բացման ճառը, որը տեղում թարգմանվեց ռուսերեն և թուրքերեն, գրում է Սիմոն Վրացյանը:

Բացի կառավարության անդամների ու բանակի ներկայացուցիչների, Խորհրդի անդրանիկ նիստին ներկա են եղել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի ներկայացուցիչները, Պարսկաստանի հյուպատոսը:

Ավետիք Սահակյանը ծնվել է 1864-ին՝ Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1920 թվականին, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, Սահակյանն անցավ Թավրիզ։ Մահացել է 1933 թվականին Լիբանանում։

Ներկայացնում ենք այդ ճառը ամբողջությամբ:

ԱՆԻ կենտրոն 

Քաղաքացինե՛ր, պատգամավորներ Հայաստանի խորհրդի:

Գերագույն Հայոց ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա՛ է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման:

Այս օրը կմնա միշտ հիշատակելի և ա՜յն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում:

Ենթադրելով, որ մեր երկրի անկախութեան հարցին շատերը ձեզանից լավատեղյակ չեն՝ ես հույժ կարևոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչեւ իր վերջին ձևակերպումը անկախ պետությունների գաղափարը Անդրկովկասում:

Մեր հանրապետությունը, ինչպես և մյուսները, հանդես եկան իբրեւ անկախ պետություններ ա՛յն օրից, երբ Անդրկովկասյան սեյմը [1918թ.] մայիսի 26-ին իրեն հայտարարեց կազմալուծված. վրաց սոցիալ-դեմոկրատ ֆրակցիայի նախաձեռնությամբ և առաջարկությամբ նույն օրն իսկ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ:

Անդրկովկասի ամբողջությունը փլվելուց հետո մեր երկիրը թողնված էր իր բախտին, ուստի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր ֆունկցիաները:

Հենց այդ ժամանակ էր, որ ստացվեց Օսմանյան կառավարության բոլորին հայտնի վերջնագիրը նոր հողային գրավումների մասին և պահանջվում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Գերագույն խորհրդի կողմից անմիջապես առանձին պատվիրակություն ուղարկվեց Բաթում հանձինս Հովհաննես Քաջազնունու, Միքայել Պապաջանյանի և Ալեքսանդր Խատիսյանի՝ տալով նրան արտակարգ լիազորություններ բանակցություններ վարելու թուրք պատվիրակության հետ:

Մեր պատվիրակությունը հաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մեջ, բայց և այնպես ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց ազգային խորհրդի պատգամավորները պաշտոնապես ճանաչվեցին իբրեւ ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին հունիսի 4-ի դաշինքը [Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսերական կառավարության Հաշտության և բարեկամության պայմանագիրը, 1918թ.]:

Մեր պետության անկախության մասին հայտնի է նույնպես Տաճկաստանի (Թուրքիայի) դաշնակից պետություններին՝ Գերմանիային, Ավստրիային, Բուլղարիային: Պոլսում է մեր երկրորդ պատվիրակությունը, որի մեջ մտնում են Ավետիս Ահարոնյանը, Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը, որոնք ուղևորվել են այնտեղ Օսմանյան կառավարության հրավերով, բանակցություններ վարելու Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ:

Այսպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, և մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին:

Այո՛, մեր հանրապետությունը փոքր է ու նեղ սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակչությունը և, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր արդար և անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրավված հողամասերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության և խաղաղության ուղին, և ուզում եմ հուսալ, որ չենք սխալվում:

Մինչ այդ մենք կկատարենք սրբությամբ և անշեղ կերպով մեր այն պարտականությունները, որոնք բխում են խաղաղության դաշինքից: Թողնե՛նք ապագա հեռանկարները, համենայն դեպս, այսօր այստեղ առանց տատանումների և լիակատար վճռականությամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նավի և դնում ենք հիմքը պետական շենքի՝ ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բոլոր ազգությունների, իբրեւ զավակների մեկ հարազատ մայր հայրենիքի:

Հայտարարում եմ Հայաստանի Խորհրդի նիստը բացված: