Բաթումում թուրքական դպրոց. aliq.ge

1889

Թուրքական դպրոցի հետ կապված սկանդալը շարունակվում է

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան մեկնաբանել է Բաթումում բացված թուրքական դպրոցի հետ կապված իրավիճակը, որը, ինչպես պարզվել է, կառուցվել է առանց Վրաստանի իշխանության համապատասխան թույլտվության, հաղորդում է newsgeorgia.ge կայքը:

Նոր թուրքական դպրոց-լիցեյը Բաթումում բացվել է սեպտեմբերի 20-ին, այստեղ սովորում են Վրաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ:
Դպրոցի շինարարությունը ֆինանսավորել է Թուրքիայի կառավարությունը: Բացմանը ներկա են եղել Թուրքիայի կրթության նախարարոության աշխատակիցներ, իսկ Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին հրավեր չի ուղարկվել: Դպրոցում կրթությունը թուրքերենով է՝ Թուրքիայի կրթության նախարարության կրթական ծրագրով:

Թուրքական դպրոցի բացման մասին առաջին հատարարությունն արվել է Վրաստանի «Հանրապետական» կուսակցության կողմից:

«Վրաստանի կառավարությունը անպատասխանատու և անուշադիր վերաբերվեց այս հարցին: Դա ապացուցում է նաև նախարարի հայտարարությունն այն մասին, թե ինքը տեղյակ չէր, որ դպրոցը բացվում է առանց վրացական կողմից թույլտվության, դպրոցում աշխատող Թուրքիայի քաղաքացիների իրավաբանական կարգավիճակը ստուգելը ևս առանձին հարց է: Սա խնդրահարույց է ոչ միայն այս դպրոցի, այլ ամբողջ Վրաստանի համար»հայտարարել է «Հանրապետական» կուսակցության ղեկավար Խաթունա Սամնիձեն:

Նա նշել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և համագործակցություն կա գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ կրթության: Սամնիձեն կոչ է արել կառավարությանը հնարավորինս շուտ կարգավորել ապօրինի կառուցված դպրոցի հարցը՝ օրենքով սահմանված կարգով:

Իր հերթին կրթության նախարարն ասել է, որ չնայած թուրքական կողմի հետ դպրոցի հավատարմագրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, Վրաստանի օրենսդրության շրջանակում սակայն, Բաթումի դպրոցը բացվել է առանց այդ ընթացակարգերն անցնելու: Նախարարն անթույլատրելի է համարել ինչպես առանց իշխանության թույլտվության դպրոցի գործարկումը, այնպես էլ ուսումնական հաստատության բացմանը վրաստանյան ներկայացուցիչներին չհրավիրելը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Վրաստանում քիչ չեն առանց իրավունքի գործող դպրոցները. «Մենք մասնավոր, եվրոպական դպրոցներ ունենք, որոնք ուսումնառություն են կազմակերպում միջազգային ծրագրով: Փաստացի, նրանց ավարտական վկայականը չի ընդունվում Վրաստանի հանրապետության կողմից»:

Միաժամանակ, Բաթումի քաղաքապետն ասել է, որ եթե թուրքական դպրոցը չներկայացնի շինարարության աշխատանքները սկսելու թույլտվության մասին փաստաթղթերը, իշխանությունները կարող են ապամոնտաժել շենքը: Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ դպրոցը մի քանի անգամ արդեն նախազգուշացում է ստացել և նույնիսկ տուգանվել՝ վերջին անգամ դպրոցի ղեկավարությունը ստիպված է եղել ինը հազար լարի տուգանք վճարել:

Աննա Պեչենեւսկայա, aliq.ge