Տասը օր Միացյալ Նահանգներում

1820

Զրույցներ, քննարկումներ, հին ու նոր ընկերներ

Այս տարվա մայիսի 17-ից հունիսի 5-ը անցկացրի Միացյալ Նահանգների Արևմտյան ափին: Մի քանի քաղաքներում՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո և Լաս Վեգաս, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների համար ելույթներ ունեցա Ապրիլյան 4-օրյա պատերազմի թեմայով, ինչպես նաև ներկայացրեցիԱրցախյան օրագիր. Կանաչ ու սև  և Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գրքերի անգլերեն հատորները:

Այդ օրերին ինձ Չիկագո հրավիրեց տեղի Բարև  ամսաթերթի խմբագիր Միսաք Գալյանը: Պայմանավորվեցինք՝ Չիկագո կմեկնեմ սեպտեմբերին:

Վերադառնալով Երևան, գնեցի Երևան-Կիև-Նյու Յորք-Կիև-Երևան օդանավի տոմս սեպտեմբերի 3-ից 14-ի համար և նախապատրաստեցի ելույթների շարք ոչ միայն Չիկագոյի, այլ Արևելյան ափի հայաշատ համայնքների համար: Արդյունքում հաստատվեց 7 քաղաք ու նահանգ. Նեշվիլ (Թեննեսի), Նյու Յորք (Նյու Յորք), Բոստոն (Մասաչուսեթս), Վաշինգտոն (D. C.), Չիկագո (Իլինոյիս), Դետրոյտ (Մինչիգան) և Ֆայր Լոն (Նյու Ջերսի):

Առաջին կանգառը. Նյու Յորքից՝ Նեշվիլ

Ես տեղյակ չէի, որ Նեշվիլ քաղաքում և Թեննեսիի նահանգում ընդհանրապես հայեր ապրում են: Այդ մասին իմացա, երբ Ֆեյսբուքի իմ էջում ստատուս էի տեղադրել Միացյալ Նահանգներ այցելության մասին:

Այս նահանգում բնակվող Սևադա Բադալյանը ֆեյսբուքով գրեց, որ հրավիրում է իրենց մոտ ելույթի: Ու քանի որ սեպտեմբերի 3-ին հասնում էի Նյու Յորք, իսկ առաջին ելույթը սեպտեմբերի 6-ին էր, սիրահոժար ընդունեցի առաջարկը: Սևադան, որ ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, ավարտել Երևանի և Մոսկվայի համալսարանները և 90-ականների կեսերից հետո տեղափոխվել Մ. Նահանգներ, նախ Նյու Ջերսի, ապա՝ Թեննեսի, մասնագիտությամբ ծրագրավորող է:

Երբ սեպտեմբերի 3-ին հասա Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան, ինձ, նախապես պայմանավորվածության համաձայն, դիմավորեց Նյու Յորքում բնակվող, ծնունդով Երևանից ծրագրավորող Լևոն Նալբանդյանը: Լևոնին ես երբեք չէի տեսել: Մ. Նահանգներ այցից շաբաթներ առաջ Ֆեյսբուքով գրել էր, որ ցանկանում է օգտակար լինել և առաջարկում դիմավորել օդանավակայանում:

Նյու Յորք հասա երեք ճամպրուկներով, որոնց մեջ իմ գրքերն էին: Լևոնը սպասում էր մուտքին: Բարևելուց և մոտիկից ծանոթանալուց հետո, երբ հարցրեցի, թե որտեղից է ինձ ճանաչում, ասաց, որ հետևում է ՍիվիլՆեթ-ով և Ֆեյսբուքով: Լևոնը շատ օգտակար եղավ: Նրա մեքենայով ճամպրուկները հասցրեցինք Նյու Յորքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Տեր Մեսրոպ Լակիսյանի տուն, ապա կրկին վերադարձանք օդանավակայան, որտեղից ես մեկնեցի Նեշվիլ:

Երկու ժամ անց American Eagle-ը ինձ և մոտ երեք տասնյակ ուղևորներին հասցրեց Նեշվիլ՝ country երաժշտության մայրաքաղաք: Սևադան դիմավորեց օդանավակայանում: Ինձ համար հաճելի էր երեք օր անցկացնել նրա ընտանեկան հարկի տակ: Նեշվիլում և Թեննեսիում մինչև 100 հայ ընտանիքներ են բնակվում, որոնց մի մասը՝ Բաքվի հայեր: Քանի որ այստեղ հայկական եկեղեցի չկա, տեղի հայերը երկու շաբաթը մեկ պատարագ են կազմակերպում այլ եկեղեցում:

Առաջին և միակ ելույթը, որ ես ունեցա անգլերենով, հենց Նեշվիլում էր, քանի որ ներկաների մի մասը հայերեն չէին հասկանում: Խոսեցի Հայաստանի և հարևանների, Արցախյան հակամարտության ու Հայաստանի ներքին խնդիրների մասին:

Նեշվիլում գտնվելու ընթացքում հեռախոսով կապվեց Նյու Ջերսիի հայկական ռադիոժամի պատասխանատու Վարդան Աբդոն: Մեր զրույցը ուղիղ եթերում վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական կյանքին, առկա խնդիրներին ու Սփյուռքի դերակատարությանը: Վարդանի հետ մոտիկից պետք է ծանոթանայի մի քանի օր անց՝ Նյու Ջերսիում:

Քանի որ երկու ամբողջ օր մնացի Թեննեսիում, Սևադան հասցրեց ինձ ծանոթացնել ինչպես Նեշվիլին, այնպես էլ պտտել նահանգի անտառապատ տարածքում: Հաճելի էր ծանոթությունը Սևադայի տիկնոջ՝ երգչուհի Սոֆյա Ղազարյանի և դուստրերի՝ Սոֆյայի ու Ժակլինի հետ:

14188360_10154077214443640_9043049209527251905_o

Երկրորդ կանգառը. Նյու Յորքում

Սեպտեմբերի 6-ի առավոտյան American Eagle-ով վերադարձա Նյու Յորք, որտեղ երեկոյան, տեղի հայկական Գրիգոր Լուսավորիչ տաճարում պետք է տեղի ունենար իմ ելույթը: Լա Գուարդիա օդանավակայանից ուղևորվեցի Նյու Յորքի թաղամասերից Քուինզ, որտեղ ժամանակավորապես բնակվում է ՍիվիլՆեթի իմ նախկին գործընկեր Հարութ Էքմանյանը:

Հարութի հետ մինչև երեկո ման եկանք Մանհեթենի պողոտաներով ու փողոցներով, բարձրացանք State Empire Building, որտեղ գտնվում է նրա աշխատավայրը՝ Human Rights Watch-ի կենտրոնակայանը: Ես Մանհեթենում եղել էի ուղիղ 15 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

empire
Հարութ Էքմանյանի հետ

Գրիգոր Լուսավորիչ տաճարում խոսեցի Ապրիլյան 4-օրյա պատերազմի, Սասնա ծռերի ապստամբության, Հայաստան ներքաղաքական իրավիճակի մասին: Հանդիպմանը ներկա էին Մեծի Տան Կիլիկիո ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը, Նյու Յորքի հայ համայնքի կրոնական, հասարակական գործիչներ, գրասերներ, ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության դիվանագետներ: Ուրախ էի, որ երեկոյին ներկա էր նաև Վինսենտ Լիման, ով իմ խմբագիրն էր, երբ ես աշխատում էի The Armenian Reporter-ում 2007-2009 թվականներին:

Դասախոսությունից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ Սասնա ծռերի գործողությանն ու դրանից հետո ստեղծված իրավիճակին: Հարցերը սուր էին ու քննադատական:

Ձեռնարկից անմիջապես հետո Հարութի հետ ուղևորվեցինք այն փողոցը, որտեղից իմ ավտոբուսը գիշերը պետք է մեկներ Բոստոն: Նախքան կանգառ հասնելը մենք կարճ կանգառ ունեցանք Երկրորդ պողոտայի գարեջրատներից մեկում:

new-york

Երրորդ կանգառը. Բոստոնում

Սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Բոստոնի կայարանում ինձ դիմավորեց Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի դասախոսներից Աննա Օհանյանը: Բոստոնում պետք է մնայի երկու ամբողջ օր և մեկ գիշեր: Հյուրընկալվեցի Աննա Օհանյանի և Արամ Ադդարյանի հարկի տակ: Աննան, օգտակար լինելուց ու հյուրընկալելուց զատ, ինձ ծանոթացրեց Բոստոն քաղաքի, նրա նշանավոր փողոցների ու համալսարանների հետ:

Մենք միասին հյուրընկալվեցինք Ժիրայր Լիպարիտյանի ընտանիքում: Լիպարիտյանը 1990-ից 1997-ին բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում: Ընթրեցինք, զրուցեցինք հայ ժողովրդի պատմությունից ու ներկա Հայաստանից: Լիպարիտյանի տիկինը՝ Նորա Ներսեսյանը, Աննային և ինձ նվիրեց իր կոթողային հաստափոր հատորը՝ The city of orphans-ը, որը մանրամասնորեն՝ 600 էջերում, պատմում է Ալեքսանդրապոլ-Լենինականի որբանոցների կյանքը 1919-1931 թթ:

Բոստոնի, տեղի հայկական կառույցների հետ ինձ ծանոթացրեց նաև Բենթլիի համալսարանի դասախոսներից Ասպետ Կոչիկյանը: Առաջին անգամ ես հնարավորություն ունեցա տեսնել ՀՅԴ արխիվը, որի պատասխանատուն այսօր Ասպետն է: Նա ինձ ցույց տվեց Նիկոլ Աղբալյանի ձեռքով գրված 1918թ. մայիսի 30-ի անկախության ակտը:

Իմ ելույթը և գրքերի վաճառքը տեղի ունեցավ Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս եկեղեցու սրահում: Պետք է շեշտեմ, որ մի քանի քաղաքներում՝ Նյու Յորք, Բոստոն և Վաշինգտոն, իմ դասախոսությունները կազմակերպելու գործում մեծ աշխատանք էին տարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը, ինչպես նաև՝ Վազգեն Ղուկասյանը, Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, Տեր Մեսրոպ Լակիսյանը, Տեր Անդրանիկ Պալջյանը և Տեր Սարգիս Ակտավուկյանը:

Բոստոնի իմ դասախոսության մասին լրագրող Արամ Արքունը ընդարձակ անդրադարձ կատարեց The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթում: Բոստոնի ձեռնարկից անմիջապես հետո Արամ Ադդարյանի հետ ուղևորվեցինք ավտոկայան, որտեղից գիշերը ավտոբուսով ճանապարհվեցի Վաշինգտոն:

boston
Տեր Անդրանիկ Պալջյանի հետ

Չորրորդ կանգառը. Վաշինգտոնում

Սեպտեմբերի 9-ի առավոտյան հասա ԱՄՆ մայրաքաղաքի Union Station, որտեղ ինձ դիմավորեց իմ հին ընկերներից Էմիլ Սանամյանը: Պայմանավորվածության համաձայն՝ անմիջապես ուղևորվեցինք Ամերիկայի ձայնի  հայկական ծառայություն, որտեղ մոտիկից ծանոթացա ռադիոկայանի հայ աշխատակիցների հետ, ինչպես նաև հարցազրույց տվեցի Արման Թարջիմանյանին:

Օգտագործելով առիթը՝ այցելեցի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն, ծանոթացա դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դեսպանության աշխատակիցների հետ:

Նույն օրը երեկոյան Մերիլենդի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում տեղի ունեցավ իմ դասախոսությունը և գրքերի ներկայացումը: Երեկոյին ներկա էին դիվանագետներ Վաշինգտոնում Հայաստանի և Արցախի դեսպանությունից ու ներկայցուցչությունից, ANCA-ից:

Գիշերեցի Էմիլ Սանամյանի հյուրընկալ ընտանիքում, իսկ մյուս օրը վաղ առավոտյան նրա ավտոմեքենայով ուղևորվեցի օդանավակայան, որտեղից օդանավով հասա Չիկագո:

17165

Հինգերորդ կանգառը. Չիկագոյում

Չիկագոյի օդանավակայանում ինձ դիմավորեց Միսակ Գալյանը: Նրա օգնությամբ ծանոթացա քաղաքի հետ, որի մասին ավելի շատ տեղյակ էի ֆիլմերից: Չիկագոյի կենտրոնական հատվածը տպավորիչ էր:

Սեպտեմբերի 10-ի երեկոյան ՀԲԸՄ-ի սրահում տեղի ունեցավ իմ հերթական դասախոսությունը, որին ներկա էր շուրջ ութ տասնյակ մարդ: Ես խոսում էի հայերեն, իսկ հարց ու պատասխանների բաժինը հայերենով և անգլերենով էր, կապված նրանից, թե ներկաները ինչ լեզվով էին հարց տալիս: Ինչպես Չիկագոյում, այնպես էլ բոլոր այն քաղաքներում, որտեղ ունեցա ելույթներ, նկատելի էր հայերենի նահանջը:

hayr-ghevond
Հայր Ղևոնդի հետ

Երեկոյին ներկա էր նաև Գլենվյուի հայկական եկեղեցու առաջնորդ Հայր Ղևոնդը, ով դասախոսությունից և հարց ու պատասխանից հետո ինձ պարգևատրեց հուշանվերով:

Գիշերեցի Չիկագոյի մոթելներից մեկում, իսկ սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան Միսակ Գալյանը ինձ հասցրեց օդանավակայան, որտեղից ուղևորվեցի Դետրոյտ, Միչիգանի նահանգ:

missak-galyan
Միսակ Գալյանի հետ

Վեցերորդ կանգառը. Դետրոյտում

Այստեղ իմ դասախոսությունը տեղի էր ունենալու կեսօրին: Օդանավակայանում ինձ դիմավորեցին Րաֆֆի Ուրլյանն ու Սեպուհ Սարգսյանը: Անմիջապես ուղևորվեցինք Դիրբորնի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Դետրոյտում հաջողված ձեռնարկը կազմակերպելու գործում աշխատանքներ էին տարել ինչպես Րաֆֆի Ուրլյանն ու Տեր Հրանտ Գևորգյանը, այնպես էլ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը, Հայկական կենտրոնն ու Շանթ Ժամկոչյանը:

Միչիգանում պետք է երկու օր մնայի: Գիշերեցի Միչիգանի Դիրբորն համալսարանի դասախոսներից Արա Սանջյանի բնակարանում: Օգտագործելով առիթը, ՌԱԿ կուսակցության նշանավոր գործիչներից Երվանդ Ազատյանի և Հակոբ Ալեքսանյանի հետ այցելեցինք Դիրբորնի համալսարան, որտեղ գտնվում է Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը: Սանջյանը, ով ղեկավարում է հաստատությունը, մեզ ծանոթացրեց կենտրոնի և նրա աշխատանքների հետ:

dearborn
Արա Սանջյանի և Երվանդ Ազատյանի հետ

Երվանդ Ազատյանի ուղեկցությամբ այցելեցի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարան, որտեղ ցուցադրվում են հայկական արվեստի հարուստ և եզակի ցուցանմուշներ: Հայաստանի Ազգային հերոս, ազգային մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ անունը կրող թանգարանը համարվում է հայ արվեստի ամենախոշոր կենտրոնը Հայաստանից դուրս:

Թանգարանի հարևանությամբ է գտնվում հայկական դպրոցը, որտեղ հաճախում են ավելի քան 400 աշակերտներ, որոնց կեսը՝ այլազգիներ: Այստեղ ծանոթացա տնօրեն Հովսեփ Թորոսյանի և ուսուցիչների, աշակերտների հետ: Լուսավոր դպրոց էր, իմ տեսած դպրոցներից լավագույնը Հայաստանում և Սփյուռքում:

Սեպտեմբերի 12-ի երեկոյան Ազատյանի և Ալեքսանյանի հետ ուղևորվեցինք Դետրոյտի կենտրոն, որը Կանադայից բաժանում է Դետրոյտ գետը: Ընթրեցինք ու զրուցեցինք: Ազատյանը բազմաթիվ պատմություններ հիշեց Ալեք Մանուկյանից, ում հետ աշխատել էր երկար տարիներ: Ազգային մեծ բարերարը կարող էր “ժլատություն” անել, 1 դոլար խնայել, իսկ հաջորդ օրը 1 միլիոն դոլար նվիրել որևէ հայկական ձեռնարկի համար:

tatul-detroit

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արա Սանջյանի հետ ուղևորվեցինք Դետրոյտի օդանավակայան, այնտեղից՝ Նյու Յորք: Նույն օրը կեսգիշերին պետք է Կիևի վրայով վերադառնայի տուն՝ Հայաստան: Վերադարձից մի քանի ժամ առաջ նախատեսված էր իմ վերջին՝ յոթերորդ հանդիպումը:

Յոթերորդ՝ վերջին կանգառը. Նյու Ջերսիում

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում ինձ դիմավորեց Արա Արազը: Արան և Անդրանիկ Գասպարյանը կարճ ժամանակում մեծ աշխատանքներ էին տարել Նյու Ջերսիում իմ դասախոսությունը կազմակերպելու հարցում: Մենք ուղևորվեցինք Նյու Ջերսի նահանգի Ֆեյր Լոն բնակավայր: Այստեղ է գտնվում Սուրբ Լևոն հայկական եկեղեցու Չարլզ և Գրեյս Փինաջյան երիտասարդական կենտրոնի սրահը, որտեղ երեկոյան տեղի ունեցավ իմ վերջին՝ յոթերորդ դասախոսությունը:

ara-araz-and-me
Արա Արազի հետ

Նախքան ձեռնարկը ևս մեկ հարցազրույց ունեցա Վարդան Աբդոյի հետ: Երեկոն վարում էր Արա Արազը:

Նյու Ջերսիի դասախոսությունից, հարց ու պատասխանից և գրքերի վաճառքից անմիջապես հետո Անդրանիկ Գասպարյանի հետ ուղևորվեցինք Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան:

new-jersey

Միացյալ Նահանգներ իմ 10-օրյա ճամփորդությունը ինձ նոր ընկերներ տվեց Նեշվիլում, Նյու Յորքում, Բոստոնում, Վաշինտոնում, Չիկագոյում, Դետրոյտում ու Նյու Ջերսիում: Ես հանդիպեցի իմ հին ընկերներին:

Նրանք բոլորը ինձ օգնեցին անշահախնդիր կերպով:

Թաթուլ Հակոբյան