Յաւիտենական չեն ազգերը. նրանք ծնւում են, զարգանում ու մեռնում

1188

Հատվածաբար շարունակում ենք ներկայացնել Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գործը:

kadjaznuni-azgcover

Արդեօ՞ք բոլոր ազգերը հաւասարապէս ու հաւասարաչափ օժտուած են բոլոր ազգային տարրերով ու յատկութիւններով:

Իրականութիւնը բացասական պատասխան է տալիս այս հարցին:

Այն բնորոշումը, որ փորձ արի ձեւակերպել վերեւը, ներկայացնում է ոչ թէ իրապէս գոյութիւն ունեցող ազգերը իրենց ամբողջ բարդութիւններով, այլ ազգ-գաղափարը, ազգի վերացական էութիւնը, ազգը իր լրիւ կազմով ու ազատ՝ օտար տարրերից:

Իրականութեան մէջ այդպիսի վերացական հաւաքականութիւններ, այդպիսի տիպար ազգեր՝ լրիւ ու անխառն, գոյութիւն չունեն եւ չեն էլ կարող ունենալ. ընկերային կեանքը այնքան բարդ է եւ ընկերային երեւոյթները այնքան խճճուած, որ տարբեր բնոյթի խմբակցութիւններ անխուսափելիօրէն շերտաւորւում են իրար վրայ, թափանցում են մէկը միւսի մէջ, խախտում են տիպերի մաքրութիւնը:

Եթէ ուշադրութեամբ դիտենք ու վերլուծենք իրական ազգերը, կը տեսնենք, որ նրանք միշտ մի բան աւել ունեն, ու մի բան պակաս, քան պիտի ունենար տիպար ազգը: Ապա կը տեսնենք, որ ազգային տարրերը՝ նրանց չափը, զարգացման աստիճանը, համեմատական ուժգնութիւնն ու նշանակութիւնը, նոյնը չեն ամէն ազգի համար:

Այս մի ազգի մէջ աւելի շեշտուած ու առանձնապէս զարգացած է, օրինակ, պետական տարրը ու համեմատաբար թոյլ են ուրիշ ազգային տարրերը, միւսի մէջ՝ կրօնականը, երրորդի՝ պատմականը կամ կենցաղայինը… Այս կամ այն տարրը կարող է շատ թոյլ արտայայտուած լինել՝ նոյնիսկ բոլորովին բացակայել, տուեալ ազգային միութեան մէջ: Միւս կողմից, ամէն մի ազգային միութիւն կարող է պարունակել եւ իրօք պարունակում է իր մէջ, աւելի կամ պակաս չափերով, օտար, խորթ, ոչ ազգային տարրեր:

Այս բազմապիսիութիւնը, անշուշտ, բարդացնում ու դժուարացնում է խնդիրը, բայց անխորտակելի արգելք չէ երեւոյթի գոյութիւնը հաստատելու եւ նրա էութիւնը հասկանալու համար:

Ահա մի բաժակ ջուր իմ սեղանի վրայ: Սա ջուր է: Ե՛ս էլ, դուք էլ ջուր ենք անուանում այս հեղուկը: Եւ չենք սխալւում, թէեւ գիտենք, որ սա քիմիապէս մաքուր ջուր չէ: Եթէ վերլուծենք այս հեղուկը, անշուշտ, կը գտնենք նրա մէջ, բայց քիմիապէս կապուած ջրածնից ու թթուածնից, նաեւ ազատ օդ, զանազան աղեր, գուցէ եւ միկրօրգանիզմներ: Եթէ իմ բաժակի մէջ եղած աղբիւրի ջրի փոխարէն վերցնենք մի բաժակ ջուր մօտակայ առուից կամ գետակից, բաղադրութիւնը կը լինի աւելի բարդ, կողմնակի խառնուրդները՝ աւելի շատ ու աւելի բազմազան: Եթէ վերցնենք ջուրը մի ուրիշ առուից կամ մի ուրիշ գետից, հաւանականօրէն կը գտնենք տարբեր բաղադրութիւններ, նոր նիւթեր կամ նոյն նիւթերը տարբեր չափերով:

Ոչ գետի ջուրը, ոչ առուինը, ոչ աղբիւրինը եւ առհասարակ իրականութեան մէջ գոյութիւն ունեցող ոչ մի ջուր (բացի լաբորատորիաների մէջ արհեստականօրէն պատրաստուածներից) քիմիական մտքով ջուր չէ: Սա մէկ: Երկրորդ. եթէ համեմատելու լինենք իրար հետ՝ աղբիւրի ջուրը նոյնը չէ, ինչ է գետի կամ առուի ջուրը: Երրորդ. մեր աղբիւրի ջուրը նոյնը չէ, ինչ ձեր աղբիւրինը եւ Արաքսի ջուրը նոյնը չէ, ինչ Հռենոսինը կամ Դանուբինը:

Բայց եւ այնպէս, այս բոլոր ջրերը հաւասարապէս «ջուր» ենք անուանում մենք ու կրկնում եմ՝ չենք սխալւում:

Ինչո՞ւ:

Որովհետեւ սրանց բոլորի էլ հիմնական մասը քիմիական ջուրն է: Ապա նաեւ այն պատճառով, որ սրանք բոլորն էլ օժտուած են մօտաւորապէս նոյն քիմիական ու ֆիզիքական յատկութիւններով, կատարում են մօտաւորապէս նոյն նշանակութիւնը երկրի օրգանական ու ոչ-օրգանական կեանքի համար:

Ինչպէս իրական ջրերը տարբերւում են միմեանցից օտար բաղադրութիւններով ու նման են քիմիական մաքուր ջրին տարբեր չափերով, այսինքն՝ տարբեր աստիճանի «ջուր» են, այնպէս էլ իրական ազգերը տարբերւում են միմիանցից ազգային ու ոչ-ազգային տարրերի խառնուրդներով ու տարբեր չափերով մօտենեւմ են ազգ-տիպարին, հետեւաբար՝ տարբեր աստիճանի «ազգ» են:

Որքան աւելի լրիւ ու զարգացած են մի ազգի մէջ ազգային տարրերը եւ, համեմատաբար, աննշան են օտար խառնուրդները, այնքան աւելի բնորոշուած է ազգային դէմքը, այնքան աւելի զօրեղ է ազգային կազմը, այնքան աւելի «ազգային» է ազգը: Եւ որովհետեւ ազգութիւնը, վերջի հաշուին, պատմա-կուլտուրական երեւոյթ է, ուստի՝ որքան աւելի բարձր է ազգային մշակոյթի աստիճանը, այնքան աւելի բարձր է, ընդհանուր առմամբ, նրա ազգային անհատականութիւնն ու ազգային գիտակցութիւնը: Անգլիական, գերմանական կամ ֆրանսիական ազգերը աւելի «ազգ» են, քան հայկականը եւ հայկականը աւելի, քան քրդականը:

Այս տարբերութիւններն ու աստիճանաւորումները, որ ակներեւ են ու անհերքելի, չէն կարող սակայն կասկածի տակ դնել ազգերի իրականութիւնը, նրանց գոյութիւնը:

Եթէ պահանջելու լինէինք զտուած, միանգամայն անխառն ու որոշակի սահմանուած տիպեր, պիտի հերքէինք նաեւ ցեղերի ու տեսակների գոյութիւնը բուսաբանական կամ կենդանաբանական աշխարհում եւ դասակարգերի գոյութիւնը մարդկային ընկերական կազմի մէջ, որովհետեւ սրանք եւս չեն ներկայացնում անխառն տիպեր, կտրուած՝ հարեւան տիպերից անանցանելի սահմաններով:

II

Ազգը, ինչպէս եւ ամէն մի կենսական երեւոյթ, քարացած չէ անշարժ, մէկ անգամ ընդ միշտ սահմանուած ձեւերի մէջ. զարգացման պրոցեսի մէջ է նա շարունակ, միշտ փոփոխւում է, նոր ձեւեր ու արտայայտութիւններ է ստանում: Եթէ խօսելու լինենք մեքանիքայի լեզուով՝ ազգային մարմնի կայունութիւնը շարունակ «վայրկեանական հաւասարակշռութեան» վիճակի մէջ է, տատանւում ու կերպարանափոխւում է շարունակ, «որոնում» է իրեն, շարունակ «կազմւում» է ու «գոյանում»:

Եւ այս շարժողութեան մէջն է նրա կեանքը, սա է նրա կենսունակութեան ապացոյցն ու ապագայի գրաւականը:

Եթէ զարգացման պրոցեսը դադարի՝ ազգը մեռած է կամ մեռնելու վրայ է, դատապարտուած է մահուան:

Յաւիտենական չեն ազգերը, նրանք ծնւում են, զարգանում, հասունանում ու մեռնում:

Ասորական, բաբելոնական, եգիպտական ու հռովմէական մեծ ազգերը մեռած են դարեր առաջ, այսինքն՝ մեռած են այն ուրոյն, ինքնատիպ պատմա-կուլտուրական միութիւնները, որոնք ճանչցուած են պատմութեան մէջ այդ անունների տակ ու ստեղծել են այդ անունների հետ կապուած քաղաքակրթութիւնները:

Պրովանսալցին, որ տարբերւում է այսօր Բուրգոնի կամ Անժուի ֆրանսիացուց ոչ աւելի, քան սիւնիքցի հայը տարբերւում է լօռեցի հայից, Միջին Դարերում կազմում էր մի առանձին ազգ. այդ ազգը չկայ այսօր: Սկովտիական ազգից մնում է անունը միայն, ազգային զգեստը տեղ-տեղ ու մի քանի սովորութիւններ, որ դեռ տարբերւում են սկովտիացուն անգլիացուց. բայց ազգը չկայ: Ֆլամանդացիների կէսը (բելգիական վալոնները) ֆրանսիացել է վաղուց ու այսօր պայքար է մղում միւս կէսի դէմ՝ ֆրանսիական լեզուն Ֆլրանդիայում հաստատելու համար: Բրետոնական լեզուն (ուրեմն եւ ազգը) հազար տարուայ ընթացքում (10րդ դարից մինչեւ 20րդը) կորցրել է յօգուտ ֆրանսական լեզուի իր տերիտորիայի կէսից աւելին…

Ազգերը շարունակ փոխում են իրենց կազմն ու ծաւալը, զօրանում են ու տկարանում, ապա՝ քանդւում ներսից (երբ սպառած են լինում բոլոր ստեղծագործական կարողութիւնները) կամ խորտակւում արտաքին հարուածների տակ, մեռնում:

Անհրաժեշտ չէ որ մեռնեն ֆիզիքապէս ու անժառանգ ազգը կազմող մարդիկ: Պրովանսալցիները, վալլոն-ֆլամանդացիները, սկովտիացիները չեն ենթարկուած զանգուածային կոտորածների ու բնաջնջման, նրանց սերունդները չեն ոչնչացուած, շարունակում են ապրել մինչեւ այսօր. բայց ազգ չեն կազմում այլեւս, ազգայնօրէն մեռած են:

Այն խեղճ ու անճար ժողովուրդները, որոնք թափառում են այսօր Տիգրիսի ու Եփրատի միջեւ տարածուած անապատ տափարակներում կամ այն ողորմելի ֆելլահները, որոնք Գահիրէի փողոցներում մաքրում են ֆրանկների կօշիկները, թերեւս սրանք կրում են իրենց երակների մէջ Բաբելոնն ու Թեփեսը շինող մեծ հայերի արիւնը:Արիւնը ունեն գուցէ, բայց չեն ժառանգել, չեն պահել ու խնամել, կորցրել են հայրերի ստեղծագործած մեծ հարստութիւնները՝ այն մշակոյթը, որ ժողովուրդներից ազգեր է կազմում: Եգիպտոսի մշակութային ժառանգը՝ նրա հոգեւոր որդին, դասական Հելլադան է եւ ոչ այսօրուայ ֆելլահը, որը թէեւ շարունակում է պահել իր ֆիզիքական գոյութիւնը հայրերից մնացած փառահեղ աւերակների մէջ, բայց կորցրել է այն կազմակերպութիւնն ու մշակոյթը, այն գիտակցութիւնը, դաւանանքը, արհեստն ու արուեստը, որոնց արդիւնքն է եղել Թեփեսը. կորցրել է նոյնիսկ գիտակցութիւնը, թէ կայ կամ եղել է որեւէ կապ իր ու այդ հոյակապ գերեզմանների, տաճարների ու պալատների միջեւ:

Ազգերը անմահ չեն: Բայց սխալ կը լինէր եզրակացնել, թէ ուրեմն ազգը, իբրեւ այդպիսին, իբրեւ ուրոյն երեւոյթ՝ ժամանակաւոր է ու անցողակի: Ազգերը մեռնում են, բայց ազգութիւնը իբրեւ երեւոյթ մնում է (ինչպէս մարդիկ մեռնում են, բայց «մարդը» մնում է. ինչպէս պետութիւնները կործանւում են, բայց «պետութիւնը» մնում է), եւ մեռած ու մեռնող ազգերի փոխարէն ծնունդ են առնում նորերը:

Հռովմէական (լատին) ազգի բեկորներից կառուցուեց իտալական ազգը: Գոթական վայրենի ցեղերը ծնունդ տուին գերմանական ազգին ու անապատներում թափառող սեմիթական տրիբունները՝ արաբ ազգին: Մեծն Կարոլոսի (Շարլեմանի) ժամանակ ֆրանսական ազգը գոյութիւն չունէր դեռ: Ռումանական ազգը կազմուել է ոչ առաջ, քան 12րդ դարում:

Եւ եթէ մի կողմից ազգերը ձուլւում են իրար հետ, լուծւում իրար մէջ, կլանում են մէկը միւսին, միւս կողմից ու զուգընթացաբար կատարւում է բաժանման պրոցեսը: Մայր-ազգերից անջատւում են հատուածներ, կերպարանափոխւում են ու նոր ազգութիւններ կազմում: Կիեւը եղել է ռուս ազգի օրօրանը, իսկ այսօր ուկրայնիացիները ազգայնօրէն անջատում են իրենց  ռուսներից: Հարաւային Ափրիկէի բօէրները հոլլանդացի չեն այլեւս: Անգլիական գաղութները Հիւսիսային Ամերիկայում, Աւստրալիայում ու Նոր Զելանդիայում նոր ազգեր կազմելու վրայ են: Նոյն եւ սպանական ու պորտուգալական գաղութները Կենտրոնական ու Հարաւային Ամերիկայում:

Երբ ժողովուրդները հասնում են քաղաքակրթութեան որոշ բարձրութեան, ստեղծագործում են ու գանձում որոշ չափի ու ուրոյն ձեւերի մշակոթային հարստութիւններ, բնականօրէն ու անխուսափելիօրէն կազմում են ազգային միութիւններ:

Պատմական օրէնք է սա:

Հները մեռնում են, նրանց փոխարէն ծնունդ են առնում նորերը. այսինչ ազգութիւնը լուծւում է այնինչ ազգութեան մէջ, ոչնչանում. բայց այս մի երրորդը՝ ինքը բաժանւում է եւ նոր ազգային մարմին կազմում:

Ազգերը եղել են անցեալում, գոյութիւն ունեն այսօր եւ չկայ ոչ մի տուեալ ենթադրելու, թէ չպիտի լինեն վաղը:

Շարունակելի