Պատմություն և իրականություն. քաղաքական ինչ պայմաններում է տեղի ունեցել Արցախի անկախության հռչակումը

2912

Արդեն 25-րդ տարին անընդմեջ սեպտեմբերի 2-ին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը: Ու չնայած աշխարհում և ոչ մի ճանաչված պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Արցախի անկախությունը, այդ իրականությունը չի ստվերում և չի նսեմացնում սեպտեմբերի 2-ի արժեքն ու կարևորությունը:

Սեպտեմբերի 2-ի խորհուրդը չի նսեցմացնում նաև այն իրականությունը, որ հռչակումից շաբաթներ առաջ Արցախի այն ժամանակների ղեկավարությունը և քաղաքական  վերնախավը օրակարգում չուներ անկախության հարց: Արցախի անկախության հռչակումը պայմանավորված էր քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք տեղի էին ունենում հոգևարք ապրող Խորհրդային Միությունում, նրա մաս կազմող Խորհրդային Ադրբեջանում և փլուզվող տերությունից անկախացող Հայաստանում:

Մեկ տարի առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին, Հայաստանը ընդունել էր Անկախության հռչակագիր և ձեռնամուխ եղել Խորհրդային Միությունից դուրս գալու գործընթացին, մինչդեռ Ադրբեջանը մտադիր էր մնալ Խորհրդային Միության կազմում: Երբ Գորբաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միության պահպանման հանրաքվե, Ադրբեջանը խորհրդային ութ այլ հանրապետությունների հետ մասնակցեց քվեարկությանը և կողմ արտահայտվեց Խորհրդային Միության հետագա գոյությանը: Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Մոլդովան ու բալթյան երեք հանրապետությունները՝ Լիտվա, Էստոնիա, Լատվիա, չմասնակցեցին հանրաքվեին: Հայաստանը հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին, իսկ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն:

1991-ի գարնանը Խորհրդային Միության բանակի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանը իրականացրել էր “Օղակ” գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ:

“Օղակ” գործողությունը Գորբաչովի շնորհակալությունն էր Ադրբեջանին ու նրա ղեկավար Այազ Մութալիբովին. Ադրբեջանը 1991-ի մարտին մասնակցել և “այո” էր քվեարկել Խորհրդային Միության պահպանման հանրաքվեին:

Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավը ուղիներ էր փնտրում Մոսկվայի ու Բաքվի հետ լեզու գտնելու, որպեսզի Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտումների և արտաքսման քաղաքականությանը վերջ դրվի:

Ահա այս պայմաններում Մոսկվան և Բաքուն Արցախի ղեկավարությանը և ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից և մասնակցել 1991-ի սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լեոնարդ Պետրոսյանը (սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության արդյունքում) մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու և Մոսկվա, բանակցել Ադրբեջանի ու Խորհրդային Միության ղեկավարության հետ:

Արցախում միակ ուժը, որ հրապարակավ և միանշանակ դեմ արտահայտվեց Բաքու պատվիրակություն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Մյուս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կտրուկ դեմ չարտահայտվեցին Բաքու և Մոսկվա պատվիրակություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, ևս դեմ չարտահայտվեցին: Նրանք Արցախի ղեկավարությանը հորդորում էին լեզու գտնել Ադրբեջանի հետ:

1991-ի հուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու: Հարցը դրվեց քվեարկության: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամավորներից միայն 10-ը դեմ արտահայտվեց, իսկ 18-ը՝ ձեռնպահ: Մյուսները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և տասնյակ այլ պատգամավորներ կողմ քվեարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում “քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ և փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միության Սահմանադրության և օրենքների շրջանակներում”:

Ճիշտ է, Արցախը որևէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թվականներին, հատկապես 1991-ի մայիս-հուլիս ամիսներին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, Արցախի քաղաքական ղեկավարության մի ստվար հատված կողմ էր արտահայտվում քաղաքական բանակցություններ վարել Բաքվի հետ՝ դա համարելով չարյաց փոքրագույնը:

1991-ի հուլիսի 20-ին արցախյան 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Բաքու մեկնած պատվիրակության անդամներից մեկը՝ Վալերի Գրիգորյանը, երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով՝ հայի կողմից արձակված կրակահերթից: Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները ևս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմնանի զիջումների գնալու, անգամ՝ դավաճանության մեջ:

Իսկ Ադրբեջանը և նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվել Արցախի և Հայաստանի միացման գաղափարից:

Եվ ահա այս ծանր վիճակում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց պատմության ընթացքը:

1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ: Խորհրդային Միության մի քանի ուժային նախարարներ փորձեցին իշխանությունից հեռացնել երկրի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին և փրկել Խորհրդային Միությունը կործանումից: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 30-ին, Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Ադրբեջանի խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի արտակարգ նստաշրջանում ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման» մասին հռչակագրում առանձին կետ կամ հիշատակում չկար Խորհրդային Ադրբեջանի երկու ինքնավարությունների՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին: Հայկական այս երկու շրջաններն էլ Խորհրդային Ադրբեջանին էին կցվել 1921-ին՝ Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի պայմանավորվածության արդյունքում:

Ադրբեջանի անկախության հռչակումից երկու օր անց իր անկախությունը հռչակեց Արցախը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց  հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը:

Շահումյանի շրջանը, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, վարչականորեն ԼՂԻՄ կազմում չի եղել, թեև տոկոսային հարաբերակցությամբ ավելի հայկական էր, քան ԼՂԻՄ-ը: Եթե ԼՂԻՄ-ում Խորհրդային Միության վերջին՝ 1989-ի մարդահամարի տվյալներով հայությունը կազմում էր բնակչության ավելի քան 75 տոկոսը, ապա Շահումյանում՝ ավելի քան 82 տոկոսը: Արցախի իշխանությունները այս դեպքում էլ օգտվեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ապրիլի 3-ի օրենքի երրորդ հոդվածից, որում ասվում էր. «Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձին»:

Այսպիսով, 25 տարի առաջ Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:

Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Հայաստանի հետ Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ ճիշտ ընտրությունն էր: Եթե Արցախը իրեն հռչակեր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրության համար դա ընկալելի չէր լինի, ավելին՝ Հայաստանը անընդհատ դիվանագիտական հարվածներ կստանար:

1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող որոշ տարածքներ մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են՝ Շահումյանի շրջանն ամբողջությամբ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հյուսիսային և Մարտունու շրջանի արևելյան որոշ տարածքներ: Դրան ավելացավ նաև Ապրիլյան 4-օրյա պատերազմում կորցրած 800 հեկտարը:

Թաթուլ Հակոբյան