Այգեպարում առաջին դասարան կգնա 2, Ներքին Կարմիրաղբյուրում՝ 3 աշակերտ

1601

Տավուշի մարզի սահմանամերձ և ուղիղ հակառակորդի հրետակոծության ու դիպուկահարների նշանառության տակ գտնվող Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում այս տարի՝ սեպտեմբերի 1-ին, առաջին դասարան կհաճախեն համապատասխանաբար երկու և երեք երեխա:

Այգեպարում առաջին դասարան են գնալու զույգ եղբայրներ Արշակ և Արտակ Անիկյանները:

Հակառակորդի դիրքերից Հայաստանում ամենամոտ գտնվող այս գյուղի դպրոց այս տարի հաճախելու է 48 աշակերտ, երբ տարիներ առաջ այդ թիվը 170 էր:

Շատ ավելի տխուր է պատկերը Ներքին Կարմիրաղբյուրում:

Դպրոցում այս տարի աշակերտների ընդհանուր թիվը 75 է: Քսան տարի առաջ՝ 1996-ին, աշակերտների թիվը 198 էր:

Խորհրդային Միության վերջին տարիներին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում սովորում էր 400 աշակերտ:

Ի դեպ, գյուղի դպրոցը վերանորոգվում է ամերիկացի բարերարների ֆինանսական միջոցներով:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Այգեպարի երեխաները, լուսանկարը՝ Ստեփան Սարգսյան, ՍիվիլՆեթ