Անդրանիկը, իր զորախումբը և արևմտահայ գաղթականությունը Քաջարան-Կապան հատվածում. 1918թ հուլիս

2832

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ հատորը, որի մեջ ներառվել են երկու հուշագրություններ՝ Եղիշե Քաջունու ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ԶՈՐԱՄԱՍԸ և Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներից, վանեցի ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հարցազրույցը: Այս հատորը արդեն հրատարակվել է անգլերենով, ունեցել է երկու հրատարակություն:

Առաջիկա ամիսներին այն հասանելի կլինի նաև արևելեհայերենով:

Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների 1918թ հուլիսյան օրագրությունից:

Հուլիս 25

Լեռան վայրէջքը ոչ նվազ դժվար է, քան վերելքը, բայց իջնում ենք: Հրաշալի, կանաչ, ջրառատ և ծաղկազարդ հովիտ է: Հուլիսն է, սակայն դաշտերը լեցուն են մյուռոնածաղիկը, գինարբուկը, մոլեխինդը, ինձ մի մոռացիրը ու ուրիշ շատ ծաղիկներ: Ճանապարհը շարունակում ենք հովիտում և քարքարոտ, բնական, ամուր դիրքերի միջով մտնում ենք Վերին Ղափանի գյուղերի շրջանը: Թուրքական առաջին բնակավայրը Շաբադին գյուղն է, որ իր տեղում է: Ձորով անցնում ենք դեպի Քաջարան հայկական գյուղը: Վերին Ղափանի 40-ի մոտ գյուղերից միայն 4-ն են հայկական, մնացածները թուրքական են: Քաջարանում թուրքական գյուղերի ներկայացուցիչները գալիս են, ներկայանում զորավարին և հայտնում իրենց անկեղծ բարեկամությունը հայերի հանդեպ: Այդ ներկայացուցիչները զորավորի հետ ճամփորդեցին մինչև Հանդ հայկական գյուղը, որտեղ գիշերեցինք: Շրջանի թուրքական բոլոր գյուղերը բարեկամական վերաբերմունք ցույց տվեցին թե՛ զորամասին, թե՛ եկող գաղթականությանը:

Հուլիսի 26

Հանդ գյուղից մեկնում ենք վաղ առավոտյան: Ճանապարհը հրաշալի է: Ղափանի ձորը վիթխարի է, երկու կողմից բարձր, վեր ելնող անմատչելի լեռներ են: Գագաթը ամառանոց է, որտեղ մեկնելու համար առանձին ճանապարհ կա: Ցից լեռները ավելի ահեղատեսիլ են իրենց խոշոր քարերով, որոնք կարծես հիմա վար պիտի գան: Ձորի ամենանեղ տեղում, դարձվածքի վրա, տեսնում ենք Դավիթ Բեկի բերդի մնացորդները: Ամբողջ ձորն արդեն ինքնին մի բերդ է: Միաժամանակ, առատ ջուրը ահագին աղմուկով, հեղեղատով սահում է ձորն ի վար: Մի տեղ թուրք գյուղացիները զորավարի առաջ ցանկացան եզ մորթել և այն հյուրասիրեցին կարագով ու մեղրով:

Երեկոյան հասանք Ղափանի Ղաթարի գործարանը, այսինքն՝ Ղափանի պղնձահանքերը: Երկար ժամանակ կանոնավոր տան երես, մաքուր հագած մարդ, էլեկտրականություն չէինք տեսել: Այստեղ երեքն էլ կար:

Զորամասը բանակեց շինությունների մոտ գտնվող մի ընդարձակ այգում:

Ղաթարի գործարանը մի փոքր տեղ է, հազիվ 40-50 տուն կա, թեև բավականին կանոնավոր ու մաքուր տներ են: Հաստատված է ձորի մեջ և շրջանի գյուղերի շուկան է: Ղափանի ձորով հոսող ջուրը տալիս է էլեկտրական լույս: Զարմանալի է, որ Այսիայի այսքան խոր տեղերում հանկարծ տեսնում եք եվրոպական գործարանների բարձր ծխնելույզները, որոնք պղնձին հանքերինն են: Այժմ, սակայն, ճանապարհների փակ լինելու պատճառով արտահանել հնարավոր չէ, հետևաբար՝ գործը դադարել է:

Գյուղի օդը առողջության համար վնասակար է: Մալարիա է տարածվում: Բայց շրջանի գյուղերը ունեն մաքուր օդ և մանավանդ՝ լեռնային գեղեցիկ տեսարաններ: Պարտեզներ շատ կան, բերքն առատ է, ջուրը՝ մոտ: Տեղի Ազգային խորհուրդը իր միջոցներով աշխատում է օգտակար լինել զորամասի պարենավորմանը:

Գյուղը և շուկան նույնն են: Թուրքերը շատ ուտելիք և այլ բաներ են բերում վաճառելու, իսկ հայերը՝ գործվածքեղեն և այլն: Թուրք արհեստովորներ էլ կան: Ամենամեծը հացի և այլ ուտելիքի պահանջն է: Հայերն արդեն չեն վաճառում, միայն թուրքերն են, որ բերում ու վաճառում են: Այս տեսակետից, շրջանի թուրքերը բավական նպաստել են թե՛ զինվորին և թե՛ գաղթականությանը, թեև իրենք էլ օգտվեցին նյութապես:

Հուլիսի 27

Բանակից հետ մնացած մասերը և գաղթականությունը հետզհետե մոտենում են: Բոլորն էլ հոգնած, փոշոտած, անոթի, սպառված, սևացած: Նախիջևանից նոր դուրս եկած գաղթականների մեծ մասը անճանաչելի է դարձել, խեղճերը շատ են ազդվել: Կոշիկները պատռտած, գլուխները՝ մազերը արձակված, հոգուստները՝ փոշոտած, պատռված: Շատերն այլևս չեն կարողանում քայլել, ոտքերն ուռած են և ստիպված են կամ գավազանին կռթնել, կամ մի ազգականի: Շատ հիվանդներ ու ուժասպառ եղածներ, անզգա՝ ձիու, էշի կամ եզի վրա բեռնված են գալիս:

Բոլորը, շուկա հասնելուն պես, առաջին մտահոգությունն է մի քիչ ուտելիք ձեռք բերել, ինչ գնով էլ լինի: Քանի-քանի անհրաժեշտ իրեր, հագուստ, կարասի, գրաստ, կթան անասուն, սրտահատորի զարդեր ու զենքեր վաճառվեցին մի պատառ հացի կամ մի աման մածունի համար: Ղափանի շուկան կենդանություն էր ստացել: Ամեն ինչ առնվում-վաճառվում էր, ուղղակի Պոլսի Բիթ բազարը կամ Թիֆլիսի Սալդատսկի շուկան էր, մի բան էլ ավելի:

Ու այդ քարավանը՝ հոսանքը մեկ ժամ, երկու ժամ, 100-200 հոգի չէր: Ամբողջ օրեր, գիշերներ, տասնյակ հազարներով այդ ուժասպառ, քամված էակները եկան ու անցան:

Կյանքն այս կերպ է ընթանում: Գաղթականությունն ու զինվորները հետզհետե մեկնում են առաջ՝ դեպի Գորիս:

Դարձյալ եկել է Գորիսի, Զանգեզուրի Կենտրոնական Ազգային խորհրդի կողմից Արշակ Շիրինյանը՝ զորավարին հրավիրելու այնտեղ՝ խոստանալով ամեն բանով օժանդակել զորամասին:

Լուսանկարում՝ 1858 թ. հուլիսի 10, գործարկվեց հույների կառուցած Ղափանի ձուլարանը