Խարբերդի Վարդաթիլ Եւ Կայլու Գիւղերում

1569

80-ամեայ Յակոբ Յովակիմեանի դէմքը ծածկուել էր մանկան ուրախութեամբ ու ժպիտով: Առաջին անգամ այդ ժպիտն ու ուրախութիւնը նրա դէմքին երեւաց Կայլու գիւղում, ապա եւ` Վարդաթիլում: Կայլուն պարոն Յակոբի մօրական, իսկ Վարդաթիլը` հօրական գիւղն է: Երկուսն էլ Խարբերդի դաշտում են` Պինկէօլի լեռներից դէպի հիւսիս` Տիգրանակերտ տանող հին ճանապարհի վրայ:

Դէպի Արեւմտեան Հայաստանի Խարբերդի շրջան մեր ճամբորդութիւնը դամասկոսաբնակ Յակոբ Յովակիմեանի եւ նրա որդու` Րաֆֆի հետ, սկսեցինք Երեւանից, սեպտեմբերի 4-ի վաղ առաւօտեան: Նախքան նպատակակէտը` Վարդաթիլ եւ Կայլու հասնելը, մենք այցելեցինք Արտահան ու Կարս եւ գիշերեցինք Կարսի բերդից, Վարդանի կամրջից ու Առաքելոց վանքից ոչ հեռու գտնուող մի հիւրանոցում: Երեկոյեան մենք քայլեցինք Կարսի փողոցներով, իսկ միւս օրը վաղ առաւօտեան բարձրացանք բերդ, եղանք Առաքելոց վանքում եւ այն տան աւերակների մօտ, որտեղ, ըստ որոշ պնդումների, ապրել են Աբգար աղան ու նրա որդին` նաիրեան պոէտ Եղիշէ Չարենցը:

Ապա ուղեւորուեցինք Անիի աւերակներ, «Տէրունական աղօթք» ասացինք մայր տաճարում, հիացանք Բագրատունիների թագաւորութեան չքնաղ մայրաքաղաքի միւս եկեղեցիներով ու արքունական շինութիւններով: Կէսօրից յետոյ շարունակեցինք մեր ճամբան դէպի Իգտիր, որտեղ ծնուել են զօրավար Դրոն ու Աւետիս Ահարոնեանը, անցանք Պայազետի դաշտով, բիբլիական Արարատ լեռը դիտեցինք հիւսիսային եւ արեւմտեան կողմից, իսկ երեկոյեան կողմ հասանք Վան: Օրն ուրբաթ էր: Երկու օր անց սպասւում էր հերթական տարեկան սուրբ պատարագը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում:

Վանում գիշերելուց յետոյ, շաբաթ վաղ առաւօտեան ուղեւորուեցինք Խարբերդ` վստահ լինելով, որ կը կարողանանք այցելել պարոն Յակոբի հայրական եւ մայրական գիւղերը, նոյն օրը վերադառնալ Վան, որպէսզի յաջորդ առաւօտ ներկայ լինենք պատարագին: Ճանապարհը Վանից դէպի Դադուան հիմնականում անցնում է լճի հարաւային ափամերձ հատուածով: Եւ պարոն Յակոբը եւ նրա որդին` Րաֆֆին, առաջին անգամ էին այցելում Արեւմտեան Հայաստան: Դադուանից ճանապարհը բաժանւում է երեք մասի. մէկը լճի հիւսիսային ափերով տանում է դէպի Արճէշ եւ Ալաշկերտի դաշտ, երկրորդը` դէպի Պիթլիս, Սասուն ու Տիգրանակերտ, երրորդը` դէպի Մուշ, Պինկէօլ ու Խարբերդ:

IMG_409Մենք ընտրեցինք երրորդ ուղին` յուսալով, որ վերադարձի ճանապարհին կ՛այցելենք Մուշ քաղաք, կը զրուցենք մահմետականութիւն ընդունած, բայց մասամբ ինքնութիւնը եւ լեզուն պահպանած տեղի հայերի հետ: Եթէ ժամանակը թոյլ տար, ապա շրջայց պէտք է կատարէինք Պիթլիսում` Ուիլիըմ Սարոյեանի ծնողների ծննդավայրում: Անցանք Մշոյ բարեբեր դաշտերով ու Մուշ քաղաքի կողքով: Գրեթէ հասել էինք Պինկէօլ, երբ մեր մեքենայի հետ լուրջ անսարքութիւն առաջացաւ, եւ Խարբերդ հասնելու համար մենք ստիպուած եղանք օգտուել թուրքական թաքսիից:

Նախապէս ես ուսումնասիրել էի Խարբերդի դաշտի գիւղերի տեղադրութիւնը, բնակավայրերի հայկական անունները նախքան 1915-ը, ինչպէս նաեւ` այսօրուայ անունները: Այդ հարցում ինձ օգնել էին պատմաբան Վահէ Թաշճեանն ու նրա ստեղծած կայքը` «Յուշամատեանը»: Իմ նօթատետրի մէջ ես գծել էի քարտես, որտեղ Խարբերդի դաշտի գիւղերի հին հայկական եւ ներկայ թուրքական  անուններն էին:

Ուշադրութեամբ հետեւում էի ճամբեզրի նշաններին: Երբ աչքովս ընկաւ Կարշըպաղ անունը, ոգեւորութիւնից գրեթէ գոռացի եւ իմ ջարդուած թուրքերէնով թաքսու երիտասարդ քիւրտ վարորդին կարգադրեցի շեղուել դէպի Խարբերդ տանող գլխաւոր ճանապարհից եւ թեքուել դէպի ձախ: Մենք գտել էինք պարոն Յակոբի մայրական գիւղը: Սա նախկին հայկական Կայլու գիւղն է` Տիգրանակերտ տանող հին ճանապարհի վրայ:

– Կայլուն մօրս գիւղն է: Մօրս անունը Մարիամ էր: Մօրս հօր անունը Խայօ Խաչօ է եղել,- ասաց 80-ամեայ պարոն Յակոբը` իջնելով թաքսուց:

Երբ թաքսին կանգ առաւ գիւղի թէյարանի հարեւանութեամբ, հաւաքուած մարդիկ տոմինօ էին խաղում, թէյ խմում եւ զրուցում: Այս տեսարանը բնորոշ է Թուրքիայի գիւղական բնակավայրերին: Բոլորս իջանք թաքսուց, մօտեցանք մարդկանց եւ սկսեցինք բարեւել թուրքերէնով: Հաւաքուածները մի քիչ զարմացած, բայց հանգիստ զննում էին անծանօթ հիւրերին:

IMG_4093Մէկ-երկու ժամ մնացինք նախկին Կայլու գիւղում: Այսօր գիւղում կայ մօտ 300 տուն` քրտեր եւ թուրքեր: Պարոն Յակոբը գիւղի տարեցներից հարցուփորձ արեց` լսե՞լ են իր պապի մասին, ո՞ւր են գիւղի նախկին բնակիչները` հայերը: Գիւղացիները, սակայն, վերապահ էին եւ չէին ուզում այդ մասին խօսակցութիւն սկսել: Բոլորը գիտէին, որ հարիւր տարի առաջ գիւղում հայեր են ապրել, որ գիւղի նախկին անունը Կայլու է:

Երբ պատրաստւում էինք հեռանալ, մեզ մօտեցաւ Սինան անունով մի քիւրտ եւ առաջարկեց քայլել դէպի մօտակայ կամուրջ` Հարինկիթ Քէօփրիւ: Կամրջի քարերի մէջ նա մեզ ցոյց տուեց մի մեծ քար, որի վրայ դժուարընթեռնելի հայկական գիր կար: Ապա քայլեցինք դէպի հայկական  գերեզմանոց: Գերեզմանաքարերի մի մասը դեռ կիսականգուն էր: Արդարացուած չի լինի ասել, որ գերեզմանոցը պղծուած էր: Պարզապէս, արդէն հարիւր տարի Կայլույում թաղուած հայ ննջեցեալների շիրիմներին այցելողներ չկան:

Կայլուից շարժուեցինք դէպի Վարդաթիլ` պարոն Յակոբի հայրական գիւղ: Հարիւր տարի առաջ Վարդաթիլը շէն գիւղ է եղել 700 հայ բնակիչներով: Գիւղն ունեցել է Սուրբ Գէորգ եկեղեցի` կից վարժարանով: 1915-ին գիւղը ենթարկուել է տեղահանութեան, բնակիչների մեծ մասը սպաննուել է գաղթի ճանապարհին: Այսօրուայ Վարդաթիլը, որ կրում է Էազըքոնաք անունը, շուրջ 10 հազար բնակչութեամբ աւան է` գրեթէ կպած Խարբերդ, այսօրուայ Էլեազըղ քաղաքին: Այսօրուայ բնակիչների մեծ մասը քրտեր են, կան նաեւ ալեւիներ ու թուրքեր:

Մենք կանգ առանք գիւղի թէյարանի հարեւանութեամբ, բացատրեցինք այցելութեան նպատակը: Պարոն Յակոբը կրկին գործի դրեց իր թուրքերէնը: Թէյարանում հաւաքուածներին նա հարցնում էր` գուցէ յիշո՞ւմ են իր հօրը` Հայկազ Յովակիմեանին, գուցէ լսե՞լ են իր պապի մասին: Խօսակցութիւնը թէյի սեղանի շուրջ էր: Պարոն Յակոբը բոլորին թէյ հիւրասիրեց: Նա հանգիստ, հանդարտ հարցնում էր` ո՞ւր են հայերը: Նոյն հանգստութեամբ ու հանդարտութեամբ գիւղացիները պատասխանում էին` հայերը հեռացել են հարիւր տարի առաջ` կում անելով թէյն ու լեզուի վրայ հալեցնելով շաքարի հերթական կտորը: Բոլորը լաւ գիտէին, որ Եազըքոնաքը նախկին հայկական Վարդաթիլն է, որ այս գիւղում հարիւր տարի առաջ հայեր են ապրել:

Վարդաթիլից հեռանալուց առաջ ինքնաշարժով շրջեցինք աւանում: Ռեճեփ անունով մի քիւրտ էր մեզ ուղեկցում: Նա մեզ ցոյց տուեց այն թաղամասը, որտեղ եղել է հայկական Վարդաթիլը, ցոյց տուեց աւերուած Սուրբ Գէորգ եկեղեցու եւ գերեզմանատան տարածքը, որտեղ նոր շինութիւններ են բարձրացել:

– Իմ հայրը երազում էր տեսնել Վարդաթիլը: Նա միշտ ասում էր, որ ինքը չի տեսնի, բայց ասում էր` դու կը գնաս: Կատարեցի հօրս փափաքը,- ասաց պարոն Յակոբը, երբ արդէն հեռանում էինք Վարդաթիլից:

Ուշ երեկոյեան վերադարձանք Պինկէօլ եւ գիշերեցինք տեղի նորակառոյց հիւրանոցում: Մեր ծրագրերը փոխուեցին, քանի որ մեր մեքենան անսարք վիճակում էր եւ այլեւս հնարաւոր չէր հասնել Վանի Աղթամար կղզի` ներկայ լինելու սուրբ պատարագին: Պինկէօլից ուղեւորուեցինք Կարին (Էրզրում), ապա Թորթումով, Օլթիով, Արտահանով հասանք Վրաստան` Ջաւախք, իսկ այնտեղից` Երեւան: Հաւանաբար եկող տարի եւս կը գնանք Արեւմտեան Հայաստան` ներկայ լինելու Սուրբ Խաչի սուրբ պատարագին, գտնելու մեր անցեալը, մեր պապերի շիրիմները, մեր թողած գիւղերը, մեր աւերուած տները, մեր խոնարհուած եկեղեցիները:

Թաթուլ Յակոբեան

Սեպտեմբեր, 2014

Քարտեզը՝ Յուշամատեանի