1991-ի ապրիլի 23-ին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Նովո Օգարյովոյում հանդիպել էր խորհրդային ինը հանրապետությունների ղեկավարների հետ և հայտարարել Միութենական դաշնագրի (Союзный договор) նախագծի սկիզբը: Դա մի դաշնագիր էր, որով փորձ էր արվում պահպանել Խորհրդային Միությունը՝ հանրապետություններին տալով լայն լիազորություններ:
Նովո Օգարյովոյի հանդիպմանը չէին հրավիրվել այն վեց հանրապետությունները, այդ թվում` Հայաստանը, որոնք հրաժարվել էին մասնակցել ԽՍՀՄ-ն իր հին տեսքով պահպանելու հանրաքվեին, որն անց էր կացվել 1991-ի մարտի 17-ին: Այդ հանրաքվեին, Հայաստանից բացի, չէին մասնակցել նաև արդեն անկախություն հռչակած բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան ու Վրաստանը:
Հայաստանը, չմասնակցելով մարտի 17-ի հանրաքվեին, խորհրդարանի մակարդակով որոշում էր ընդունել կես տարի անց՝ սեպտեմբերի 21-ին, անց կացնել անկախության ի՛ր հանրաքվեն:
Նովո Օգարյովոյի երկրորդ և երրորդ հանդիպմանը ևս Հայաստանը չմասնակցեց, թեև հրավիրվել էր: Երկրորդ հանդիպման ժամանակ` մայիսի 24-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ և հանրապետության փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում էր, իսկ երրորդը, որը կայացավ հունիսի 2-ին, նա ներկա չէր` ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի ադրբեջանամետ դիրքորոշման:
Հանդիպումներից վերջինին` հուլիսի 23-ին, մասնակցում էր նաև Հայաստանը: Տեր-Պետրոսյանն ընդգծում էր` Հայաստանը ձգտում է անկախության, բայց ժողովրդի վերաբերմունքը պետք է պարզի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն:
Հայաստանում նորացված միության կազմում մնալու կողմնակիցներ էլ կային, Տեր-Պետրոսյանի խոսքերով` «կոմկուսը, ՀՅԴ-ն եւ Հայաստանում բնակվող ծնունդով ղարաբաղցի հայերի խմբավորումները»:
«Նրանք հայտարարում են, որ Հայաստանը պետք է ստորագրի միութենական պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա լուծելու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը: Այդ տարածաշրջանի բնակիչները մայիսի 16-ին որոշում են ընդունել օգտագործել Ադրբեջանի հետ փոխզիջումների և բանակցությունների խաղաքարտը: ԼՂ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ առաջին պատվիրակությունը նոր է վերադարձել Բաքվից, որտեղ իր ծրագիրն է ներկայացրել նախագահ Մութալիբովին: Հայաստանի խորհրդարանը հուլիսի 16-ի քվեարկությամբ հավանություն է տվել այդ նախաձեռնությանը»,- ֆրանսիական Մոնդ թերթին ասել է Տեր-Պետրոսյանը:
1991-ի հունիսի 12-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններում Բորիս Ելցինը դարձել էր Խորհրդային Միության ամենամեծ հանրապետության նախագահ: Նրա մրցակիցը Նիկոլայ Ռիժկովն էր՝ հետագայում Հայաստանի Ազգային հերոս: Ելցինը ստացավ քվեների 57 տոկոսը, իսկ Նիկոլայ Ռիժկովը` 16:
Օգոստոսի 16-ին մամուլում տպագրվում է Միութենական դաշնագրի տեքստը, ստորագրումը նախատեսված էր չորս օր հետո: Գորբաչովը օգոստոսի սկզբից հանգստանում էր Ղրիմի Ֆորոս ամառանոցում:
ՊԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը անվտանգության գեներալներ Ալեքսեյ Եգորովին և Վյաչեսլավ Ժիժինին, օդադեսանտային զորքերի հրամանատար Պավել Գրաչովին (հետագայում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար) հանձնարարում է պատրաստել արտակարգ դրության ապահովման միջոցառումների ցանկ: Հեղաշրջման առավոտյան Կրյուչկովը ՊԱԿ-ի ղեկավարությանը տեղեկացնում է` Գորբաչովյան «վերակառուցումն ավարտված է»:
Օգոստոսի 19-ի վաղ առավոտյան հեռուստառադիոհաղորդումները սկսվում են ԱԴՊԿ-ի՝ Արտակարգ դրության պետական կոմիտեի ուղերձի ընթերցումով:
Տատյանա Դյաչենկոն հորը` Բորիս Ելցինին արթնացնում է. «Հեռուստատեսությամբ ինչ-որ անհասկանալի բան են ցուցադրում»:
Քիչ անց Ելցինի ամառանոցում հավաքվում են իրենց ժողովրդավար հռչակած մի շարք գործիչներ: Ելցինը փորձում է կապվել Գորբաչովի և Խորհրդային Միության փոխնախագահ Յանաևի հետ, բայց ապարդյուն: Կապվում է Գրաչովի հետ: Դնելով լսափողը, Ելցինն ասում է. «Գրաչովը մերն է»:
Զորքերն սկսում են շարժվել դեպի Մոսկվա, մայրաքաղաք է մտցվում մոտ չորս հազար զինվորական և 800 տանկ ու զրահամեքենա: ՊԱԿ-ում քննարկման ընթացքում Կրյուչկովը հույս է հայտնում, որ Ելցինի հետ հնարավոր է պայմանավորվել:
Յուրի Դոլգորուկիի արձանի մերձակայքում սկսվում է հանրահավաք ի պաշտպանություն ժողովրդավարության և Ելցինի: Նա ժամանում է Սպիտակ տուն, Կրյուչկովի հետ հեռախոսազրույցում հրաժարվում ճանաչել ԱԴՊԿ-ն: Ապա Ելցինն իր կողմնակիցներին դիմում է Թամանյան դիվիզիայի տանկի աշտարակից, ԱԴՊԿ-ն հայտարարում օրենքից դուրս, տեղի ունեցողը որակում հեղաշրջում:
Գեներալներ Աչալովը, Գրուշկոն, Ադեեւը, Գրոմովը, Լեբեդը նախապատրաստում են Սպիտակ տան` Ռուսաստանի կառավարության շենքի գրոհը, որի պաշտպանների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի:
Օգոստոսի 21-ի գիշերը սպանվում է երեք մարդ: Աչալովը Յազովին զեկուցում է` «արյուն է թափվել», որին հետեւում է Յազովի` «դադարեցնել գրոհը» հրամանը: Նույն օրն ԱԴՊԿ-ի պատվիրակությունն ուղևորվում է Ղրիմ, սակայն Գորբաչովը հրաժարվում է նրանց ընդունել, այդ թվում` Կրյուչկովին և Լուկյանովին, պահանջում անհապաղ վերականգնել կապն արտաքին աշխարհի հետ, զանգահարում է Մոսկվա, ապա հայտարարում, որ «լիովին վերահսկում է իրավիճակը»:
Վերադառնալով Մոսկվա Գորբաչովը շարադրում է իր հայտնի խոսքերը. «Ես վերադարձա այլ երկիր»: Նա Սպիտակ տան պաշտպաններ Իլյա Կրիչևսկուն, Դմիտրի Կոմարին և Վլադիմիր Ուսովին հետմահու շնորհում է Խորհրդային Միության հերոսի կոչում: Սպիտակ տան երեք պաշտպանները խորհրդային երկրի վերջին հերոսներն էին:
1991թ. մոսկովյան հեղաշրջման ձախողված փորձն արագացնում է խորհրդային պետության վախճանը: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները տարբեր կերպ արձագանքեցին օգոստոսի 19-21-ի մոսկովյան իրադարձություններին:
Տեր-Պետրոսյանն ու իշխող ՀՀՇ-ն մերժեցին արտակարգ դրության պետական կոմիտեի իրավազորությունները, մինչդեռ Այազ Մութալիբովն ու Պոլյանիչկոն հրապարակավ աջակցություն հայտնեցին` ակնկալելով, որ Մոսկվայում իշխանության ձգտող պահպանողականներն առավել կոշտ դիրք կբռնեն ԼՂ հարցում` հօգուտ Ադրբեջանի, ինչը նրանց հնարավորություն կտար վերջնականապես ջարդել ղարաբաղյան շարժումը:
Խռովարարների կորիզը կազմում էին ուժային նախարարները, որոնց ղեկավարության տակ գործող զորքերն էին հենց ադրբեջանական միլիցիայի հետ էթնիկ զտումներ և տեղահանումներ իրականացնում Ղարաբաղում ու հարակից հայաբնակ շրջաններում:
Օգոստոսի 19-ին Մութալիբովն Իրանում էր: Թավրիզում առնելով հեղաշրջման լուրը, ինչպես մի քանի երկրների առաջնորդներ` Սադդամ Հուսեյն, Յասեր Արաֆաթ, Մուամմար Քադդաֆի, Սլոբոդան Միլոշևիչ, Ադրբեջանի ղեկավարը ևս համերաշխություն է հայտնում խռովարարներին:
Նրա խորհրդական Վաֆա Գուլուզադեն գրում է, որ Մութալիբովին խնդրել էր մինչև Բաքու վերադառնալը խուսափել Մոսկվայի դեպքերի մեկնաբանություններից. «Մեկնեցինք Թավրիզ, (իրանական կողմը) Մութալիբվին համոզեց հարցազրույց տալ Շահրիյարի հուշարձանի մոտ` զուտ մշակութային հարցերով: Մենք կանգնած ենք քիչ այն կողմ: Լրագրողները մեկ-երկու հարց տվեցին մշակույթից, երրորդը` հեղաշրջումից: Մութալիբովն իր աջակցությունը հայտնեց, քննադատեց Գորբաչովին: Ես շոկի մեջ էի: Հետո զանգահարեց Պոլյանիչկոն. «Ուռա’, մերոնք վերցրել են»: Իսկ Մութալիբովը. «Ասում էի, չէ’, Վաֆա’, զինվորականներն իրենց խոսքը չեն ասել»: Երբ վերադարձանք Բաքու, հեղաշրջումը ձախողվել էր»:
Հեղաշրջման ձախողումից հետո Պոլյանիչկոն հեռացավ Ադրբեջանից: Մինչ այդ նա ցուցում էր տվել ԼՂ-ում իրագործել ԱԴՊԿ-ի որոշումները: ԼՂԻՄ մարզգործկոմը օգոստոսի 23-ին Գորբաչովին ու Ելցինին հղած դիմումում առաջարկում էր հեղաշրջման կազմակերպիչներին ենթարկել «ամենախիստ պատասխանատվության», ինչպես նաև քրեական գործ հարուցել Ղարաբաղում «արյունալի հանցագործությունների» կազմակերպիչների նկատմամբ:
Օգոստոսի 22-ի գիշերը Ղրիմից Գորբաչովը Ռուցկոյի օդանավով ուղևորվում է Մոսկվա, խռովարարներին ճանապարհում են այլ օդանավով: Մոսկվայում` հենց թռիչքուղում, ձերբակալում են Կրյուչկովին, Յազովին: Յանաևը ձերբակալվում է իր առանձնասենյակում: Պուգոն և նրա կինն օգոստոսի 23-ի առավոտյան ինքնասպանություն են գործում: Ապա ձերբակալվում են Պավլովը, Ստարոդուբձևը, Լուկյանովը, մյուս խռովարարները: Ռուսաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում Ելցինը ստորագրում է Խորհրդային Միության կոմկուսը լուծարելու հրամանագիր:
Հաղթական Ելցինը, ում հաջողվել էր կանխել հեղաշրջումը, Գորբաչովի ներկայությամբ հայտարարում է. «Ես առաջարկում եմ ստորագրել հրամանագիր Ռուսաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին»:
Լսվում է Գորբաչովի միջամտությունը. «Բորիս Նիկոլաևիչ, Բորիս Նիկոլաևիչ…»
Ծափերի ուղեկցությամբ Ելցինը ստորագրում է հրամանագիրը՝ անտեսելով Գորբաչովին:
«Հրամանագիրը ստորագրված է»,- ինքնագոհ դիմելով պատգամավորներին՝ ասում է Ելցինը:
Այնուամենայնիվ, Գորբաչովին ելույթի հնարավորություն տրվում է: Դիմելով Ելցինին, նա հայտարարում է. «Ողջ կոմկուսը չէ, բոլոր կոմունիստները չեն, որ մասնակցել են դավադրությանը և աջակցել: Այդ պատճառով, եթե հաստատվի, որ Կենտրոնական կոմիտեն կամ այլ կուսակցական մարմին աջակցել են դավադիրներին, ես կաջակցեմ այդ հրամանագրին: Բայց կոմկուսին արգելելը սխալ կլիներ և ժողովրդավարական Գերագույն խորհրդի և Ռուսաստանի նախագահի կողմից»:
Ելցինը պատասխանում է. «Դա արգելել չէ, այլ կոմկուսի գործունեության դադարեցում մինչև այն պահը, երբ իշխանությունները կհստակեցնեին՝ մասնակցել է արդյոք այս [հեղաշրջման փորձի] իրադարձություններին: Սա բացարձակապես օրինական քայլ է: Ավելին, կոմկուսը գրանցված չէ Ռուսաստանի արդարադատության նախարարությունում:»
Գորբաչովին այլ բան չէր մնում, քան ենթարկվել հաղթական Ելցինին: Կոմունիստական կուսակցությունը Խորհրդային Միության գոյության կարևորագույն հենարաններից էր, որը Ելցինը գրիչի հարվածով համարեց օրենքից դուրս: Գորբաչովը ևս հեռացավ կոմկուսից և լուծարեց Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն:
Խորհրդային այն հանրապետությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ քվերկությամբ կողմ էին արտահայտվել ԽՍՀՄ-ի պահպանմանը, օգոստոսյան խռովությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից հայտարարել իրենց անկախության մասին:
Գորբաչովը շարունակեց կրել ԽՍՀՄ նախագահի տիտղոսը և պահպանեց աթոռը Կրեմլում: Մեծ հաշվով, սակայն, դա մի կայսրություն էր, որ փաստացի այլևս գոյություն չուներ:
Թաթուլ Հակոբյան
Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵԻ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից