Պուտինը խեղաթյուրում է, Սարգսյանը՝ համեստորեն լռում

1406

Երեկ, օգոստոսի 10-ին, Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը բառացիորեն հայտարարեց. “Ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի”:

Սերժ Սարգսյանի համեստությունը և խիզախությունը թույլ չտվեց Պուտինին ասելու, որ 2015-ին Հայաստանի ՀՆԱ-ն, այսինքն՝ տնտեսական աճը, կազմել է 3 տոկոսի սահմաններում: Հիշեցնենք, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015-ի հունվարի 2-ին:

Ավելին, օգտվելով առիթից, Սարգսյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը արդարացված էր:

Արդարացված էր, թե՝ ոչ, սա այլ թեմա է, սակայն իրականությունն այն է, որ 2008-ից ի վեր, երբ Սարգսյանը դարձավ նախագահ, Հայաստանը երբեք 10 տոկոս տնտեսական աճ չի արձանագրել: Ավելին, դոլարային արտահայտությամբ, 2015-ին Հայաստանի տնտեսությունը չի հասել նախաճգնաժամային՝ 2008 թվականի ցուցանիշներին:

Ի դեպ, համեմատության համար նշենք նաև, որ 1994 թվականին, երբ Հայաստանը նոր էր դուրս եկել պատերազմից (1994-ի հունվար-մայիս ամիսներին դեռ պատերազմ էր), տնտեսական աճը կազմել է 4.3 տոկոս, ավելին բարձր ցուցանիշ, քան 2015-ին:

Եվ ընդհանրապես, բացի 1992 և 1993 թվականները, երբ Հայաստանը նոր էր անկախացել, Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, Հայաստանը արյունալի պատերազմի ու շրջափակման մեջ էր, տնտեսությունը՝ կաթվածահար, էներգետիկ ճգնաժամը շարունակվում էր, միայն այդ տարիներին է գրանցել տնտեսական անկում, ընդ որում՝ 1992-ին՝ 42 տոկոս, իսկ 1993-ին՝ 9 տոկոս: 1992 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի վարչապետը Գագիկ Հարությունյանն էր՝ այսօրվա Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ օգոստոսից մինչև 1993-ի փետրվար՝ Խոսրով Հարությունյանը:

Մնացած տարիներին, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, տնտեսական աճը հիմնականում ավելի բարձր է եղել, քան 2015-ին: Ավելին, 2000-ական թվականներին, երբ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, Հայաստանը մի քանի տարի գրանցել է երկնիշ տնտեսական աճ:

Ճիշտ է նաև, որ մեկ այլ վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը, ով Կենտրոնական բանկի նախագահն էր, այդ տարիների երկնիշ տնտեսական աճը համարեց “փուչիկ”: Ուշագրավ է, որ հենց այդ երկնիշ տնտեսական աճի տարիներին էր, որ Հայաստանից արտագաղթը դադարեց և գրանցվեց 30 հազար ներգաղթ՝ 2004-2006 թթ., ինչը աննախադեպ երևույթ է 1991-ից ի վեր:

Հիշեցնենք նաև, որ 2009-ին, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, Հայաստանը գրանցեց 14 տոկոս տնտեսական անկում՝ ամենից վատ արդյունքը 1993-ից ի վեր:

Պուտինի տնտեսական 10 տոկոսի աճի տարում՝ 2015-ի ընթացքում, Հայաստանից արտագաղթը, կամ Հայաստանից հեռացածների և Հայաստան վերադարձածների տարբերությունը կազմել է 43.438 մարդ՝ Սարգսյանի նախագահության տարիների ամենից վատ ցուցանիշներից մեկը:

Ավելի մեծ արտագաղթ եղել է 2011-ին՝ 43.820 մարդ, իսկ Սարգսյանի նախագահության ութուկես տարիներին արտագաղթը կազմել է 310 հազար, այսինքն՝ ամեն օր միջինը Հայաստանից հեռանում է և չի վերադառնում 100 հոգի:

Ամեն օր:

Ամեն օր՝ 100 հոգի:

Թաթուլ Հակոբյան