Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով
Հարգելի’ տիկնայք և պարոնայք,
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար:
Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչև տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջև կապերն ընդլայնվում են, և դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին , ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար և համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:
Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:
Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության և համերաշխության թեմաները հատկապես արդիական են օլիմպիական խաղերի օրերին: Մենք ևս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներին և ցանկանում ենք միասին ուրախանալ մեր և ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երևանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները և նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի:
Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները:
«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում: Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք և ՀԱՊԿ և այժմ արդեն Եվրասիական միություն շրջանակներում: Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի: Մենք ունենք նաև երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,- նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի: Ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, և ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու և, իհարկե, քննարկելու նախկինում մեր ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաև ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է: Այս ժամանակահատվածում, իհարկե, տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ: Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որևէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են: Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ և շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան: Շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, շատ հաճելի է»,- ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ նախագահը հավելել է, որ հաճույքով կտեղեկացնի նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին:
Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով:
Աղբյուրը՝ www.president.am