Պահանջատիրությունը սեփական հնարավորությունները գերազանցող խնդրի առաջադրումն է

2084

ԾԱՆՈԹ. – Էդվարդ Եգորյանը Հայաստանի Հանրապետության ակնառու պետական-քաղաքական գործիչներից էր: 1991-1995-ին նա ղեկավարել է իշխող Հայոց համազգային շարժում՝ ՀՀՇ կուսակցության խմբակցությունը Գերագույն խորհրդում, կարևոր և առանցքային դեր ունեցել 1990թ Անկախության հռչակագրի և 1995թ Սահմանադրության մշակման ու ընդունման գործում: Հետագայում տարաձայնություններ ունեցավ ՀՀՇ ղեկավարության հետ, հեռացավ և հիմնադրեց Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը: Եգորյանը կյանքից վաղաժամ հեռացավ 1999-ին:

Էդվարդ Եգորյանից ներկայացվող մեջբերումները վերաբերում են պահանջատիրությանը: Այն վերցրել ենք Տեր կանգնենք մեր վաղվա օրվան խորագրով ժողովածուից, որ հրատարակվել է 2013-ին:

*****

Մինչև շարժումը մեզանում տարածված էին երկու տեսակի գաղափարախոսություններ` կոմունիստական և ազգային-ավանդական: Կոպիտ ասած` առաջինի կարգախոսն էր` ոչինչ չեմ ուզում, իսկ երկրորդինը` վերադարձրեք իմ ամբողջ կորցրածը, վերականգնեք պատմական արդարությունը: Ի տարբերություն կոմունիստականի, ավանդական գաղափարախոսությունն ազգային էր, նպաստում էր ազգի գոյապահպանությանը, սակայն խնդրի իրականացման ճանապարհների բացակայությունը կամ անհեռանկարայնությունն այն վերածում էին սոսկ ազգային երազանք: (Հայք, 19 փետրվարի, 1992թ., Էդուրադ Եգորյան, Տեր կանգնենք մեր վաղվա օրվան, Երևան, Անտարես, 2013, էջ 74):

Ոչ ոք դեմ չէ, որ կուսակցություններն ու կազմակերպությունները դավանեն յուրաքանչյուր հային հոգեհարազատ այդ կարգախոսը` պահանջատիրությունը: Բայց մեր պետականության համար վտանգավոր, կործանարար է այն պետական քաղաքականություն դարձնելու փորձը: Եվ ցավալի է, որ քաղաքական փորձառություն ունեցող կուսակցությունը գնում է այդ ճանապարհով` չընդունելով, որ Սփյուռքում իրականացվող գործելակերպը պետականության վերականգնման ճանապարհին գտնվող հայրենիքում կարող է ոչ միայն քաղաքականապես սխալ, այլ վտանգավոր լինել: Այժմ ՀՅԴ-ի գլխավորությամբ Գերագույն խորհրդի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի չեղյալ հայտարարվեն կամ ապօրինի ճանաչվեն 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի` Հայաստանին վերաբերող հոդվածները, որը նույն թվականի հոկտեմբերին վավերացրել է Հայաստանի կառավարությունը: (Հայք, 20 մարտի, 1991թ., հոդվածի համահեղինակ` Սամվել Գևորգյան, Տեր կանգնենք մեր վաղվա օրվան, էջ 72):

Պահանջատիրությունը սեփական հնարավորությունները գերազանցող խնդրի առաջադրումն է: (Հայք, օգոստոս, 1991թ., Տեր կանգնենք մեր վաղվա օրվան, էջ 65::

Պահանջատիրությունը պետական մակարդակի բարձրացնելու տեսակետ դավանողներն այն անվտանգ իրականացնելու և պատասխանատվությունից խուսափելու համար Հայաստանը Խորհրդային Միության կազմի մեջ մնալու կողմնակիցներն են: (Հայք, օգոստոս, 1991թ., Տեր կանգնենք մեր վաղվա օրվան, էջ 67):

Այսօր պահանջատիրության մասին խոսակցությունը մի նպատակ է հետապնդում`հայ ժողովրդի նվիրական զգացմունքները շահարկելով փորձել նրան նորից պահել կայսրության մեջ: Իսկ կայսրությունը, մեզ համար, նույնիսկ իր համար հող նվաճելու մտադրություն չունի և, մնալով նրա տիրապետության տակ, ընդամենը պահանջատիրության մասին ազատ խոսելու հնարավորություն կունենանք: Միայն: Իսկ միայն խոսքերով հողեր հետ չես բերի: Մենք պետք է այժմ ստեղծենք հայոց անկախ պետությունը, և մեր ապագան կախված կլինի այդ պետության հաջողություններից և հզարությունից: (Հայք, օգոստոս, 1991թ., Տեր կանգնենք մեր վաղվա օրվան, էջ 68):