Ռոբերտ Քոչարյան. Ով է այդ տղամարդը… ես չեմ տեսում այն տղամարդուն (1998թ., հուլիս)

6900

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը պաշտոնավարության 100 օրվա առթիվ. 22 հուլիսի, 1998թ.

ՀԱՐՑ – (Բաղդասար Մհերյան, ՙԼուրեր՚ Նորք հեռուստաընկերություն) Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերում դեռեւս նախընտրական շրջանում ձևավորված, իսկ վերջերս ավելի հաճախակի հնչող նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու կոչին, և միաժամանակ Ձեր քաղաքական հակառակորդների այն պնդումներին, թե շատ շուտով անլուծելի խնդիրների ճնշման տակ Դուք հրաժարական եք տալու:

ՊԱՏԱՍԽԱՆ – … Հրաժարականի մասին: Գիտեք, ով որ ասում է ինձ մի քիչ լավ չի ճանաչում: Նույնիսկ հեղաշրջումից են խոսում: Հետաքրքիր է մի հարց. ով է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի, և եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչով էին նրանք զբաղվում 1995 թվականից այս կողմ, երբ հեռուստատեսությամբ մեկ րոպե խոսելու հնարավություն չունեին, երբ մի մասը ձերբակալված, մի մասը նկուղներում թաքնված էին ապրում, անեին հեղաշրջում, ինչո՞ւ չէին անում, սպասում էին Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա… Ես չեմ տեսում այն տղամարդուն, ով ի վիճակի է նույնիսկ նման բանի գնալ: Սա առաջին, եւ երկրորդը՝ ուղղակի վերլուծեք, թե ինչ պայմաններում են լինում հեղաշրջումներ, հեղափոխություններ: Մի երկրում, որտեղ չկան քաղբանտարկյալներ, չկան արգելված կուսակցություններ, կա մամուլի ազատություն, ոչ մեկը ոչ մեկին չի ճնշում, կա ծանր տնտեսական, սոցիալական վիճակ, կան նաև դրական միտումներ: Ինչը պետք է հիմք լինի նման քայլերի: Որն է այն առանցքային կոմպոնենտը, որ կարող է նման երևույթների բերել, խնդրում եմ, ինձ բացատրեք: Բայց ես հասկանում եմ, թե դա ինչի համար է ասվում: Երկրի զարգացման համար կայունություն է պետք: Երբ տեսնում են, որ դրական միտումներ կան, իհարկե, ամեն օր պետք է խոսեն հեղաշրջման մասին, որ դրսի ու ներսի ներդրողները մի քիչ զուսպ մնան, շատ ակտիվ չլինեն, որովհետև արդյունքները կբերեն Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախագահի, իշխանության ամրապնդման: Եվ անընդհատ խոսելու են այդ մասին: Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ 1998 թվականի աշունը լինելու է ամենից կայուն աշունը 1988-ից սկսած: