ԾԱՆՈԹ. – 1992 թվականի հուլիս-օգոստոսի կեսերը Հայաստանի և Արցախի համար ամենից դժվար, օրհասական ժամանակներն էին: Հուլիսին ադրբեջանական բանակը ռուսական կողմի օժանդակությամբ գրոհով վերցրել էր Շահումյանը, Մարտակետի շրջանի մեծ մասը, իսկ օգոստոսի 8-ին՝ Հայաստանի Կրասնոսելսկի, այսօր Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը: Այդ նույն ժամանակ այսօր իշխանական Հանրապետական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Աշոտ Նավասարդյանը, ԱԻՄ-ից՝ Պարույր Հայրիկյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունից` Դավիթ Վարդանյանը, ՍԻՄ-ից Հրանտ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը պահանջեցում էին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վարչակազմի հրաժարականը:
Ներկայացնում ենք 1992-ի օգոստոսյան դժնդակ օրերից մի դրվագ, որը վերցրել ենք ՀՅԴ ԵՐԿԻՐ օրաթերթի օգոստոսի 15-ի համարից: Հիշեցնենք նաև, որ հենց այդ օրն էր Վազգեն Սարգսյանը դիմում հայ ժողովրդին՝ կոչ անելով լարել ուժերը, ոտքի կանգնել, Հայաստանի շրջաններից հրավիրում էր անվեհեր տղաների, որոնք պետք է գնային Արցախ, որտեղ կյանքի և մահվան հավանականությունը 50/50 է: Հենց այդ օրն էր կազմակերպվում ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ զորագունդը:
Թաթուլ Հակոբյան
___________________
Երեկ երեկոյան դարձյալ փոթորկում էր Ազատության հրապարակը: «Ազգային դաշինք» պատգամավորական խմբի հրավերով 19:30-ին հրապարակ էին եկել տասնյակ հազարավոր երևանցիներ, իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնելու հանրապետության իշխանությունների եւ նրանց պարտվողական քաղաքականության նկատմամբ: Ելույթ ունեցողները՝ Հանրապետական կուսակցությունից Աշոտ Նավասարդյանը, ԱԻՄ-ից` Պարույր Հայրիկյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունից` Դավիթ Վարդանյանը, ՍԻՄ-ից Հրանտ Խաչատրյանը, ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը պահանջեցին Հայաստանի նախագահի և նրա վարչակազմի հրաժարականը:
«Այն իշխանությունները, որոնց օրոք և որոնց վարած քաղաքականության հետևանքով այսօր մենք կորցնում ենք հայրենի հողեր և վտանգում հայ ժողովրդի ապագան, պետք է հեռանան և չփորձեն օրհասական կացության ողջ մեղքը բարդել ընդդիմության վրա:
Զուր փորձեր են և բոլոր ձախողումների համար պետք է պատասխան տա ՀՀ նախագահը իր համախոհներով»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը:
Հանրահավաքի մասնակիցներին ընթերցվեցին Արցախի Հայ ազգայնականության ճակատի, Դեմոկրատական կուսակցության և Մերգելյան ինստիտուտի կոլեկտիվի հանրահավաքում ընդունված հայտարարությունները, որոնցում որպես հայրենիքի փրկության միակ ուղի նշվում է ՀՀ նախագահի հրաժարականը և քաղաքական կուրսի փոփոխությունը:
Հանրահավաքի ավարտին Հրանտ Խաչատրյանը շարադրեց առաջիկա շաբաթվա ընթացքում կատարելիք գործնական քայլերի ծրագիրը` ակնկալելով ժողովրդի աջակցությունը Գերագույն խորհրդի արտակարգ խորհրդակցության հրավիրելու, հեռուստաժամ ստանալու գործում: Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին ՀՀ Նախագահի նստավայր` ներկայացնելու հրաժարականի վերաբերյալ իրենց պահանջը:
Հասնելով Նախագահի նստավայր, հանրահավաքի մասնակիցների պահանջները նախագահին ներկայացնելու նպատակով կազմվեց և նախագահի մոտ ուղարկվեց 7 հոգուց բաղկացած մի պատիրակության (Դաշինքը ներկայացնող բոլոր կուսակցություններից մեկական ներկայացուցիչ): Ինչպես ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներին հայտնեցրն պատվիրակության անդամները, նախագահի հետ իրենց հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաեւ հանրապետության փոխնախագահը և նախագահի խորհրդականներ, հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ փորձել է խուսանավել և բանակցության մեկնած պատվիրակության անդամների ուշադրությունը շեղել հանրապետության առջեւ ծառացած այլ հիմնահարցերի շուրջ քննարկումներով, իսկ երբ դա նրան չի հաջողվել, ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը կամավոր հրաժարական չի տա ինչ-որ 3 հազար մարդկանց պահանջով: Փոխարենը նա խոստացել է երկուշաբթի օրը հրավիրել արտահերթ նստաշրջան, որի քննարկմանը ներկայացնել հանրապետության նախագահին վստահություն հայտնելու հարցը: Իսկ երբ հանրահավաքի պատվիրակները խնդրել են նրան դուրս գալ և իր որոշման մասին հայտնել դրսում հավաքված ժողովրդին, նախագահը ուղղակիորեն պատասխանել է. «Դա այն ժողովուրդը չէ: Եվ հետո, դա ձեր հանրահավաքն է, գնացեք ինքներդ էլ հայտնեք»: Նախագահը խոստացել է բավարարել Ազգային Դաշինքին ամեն օր 1 ժամ հեռուստաեթեր տրամադրելու առաջարկը:
Սակայն հանդիպման արդյունքներով և նախագահի խոստումներով չբավարարվելով, հանրահավաքի մասնակիցները նշեցին իրենց պահանջները հետապնդելու գործում իրենց վճռականությանը: Որոշվեց օգոստոսի 15-ի առավոտյան սկսել նախագահի հրաժարականի պահանջով ստորագրությունների հավաքումը: Միևնույն ժամանակ, Դաշինքի ներկայացուցիչները կփորձեն անհապաղ Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար ստանալ անհրաժեշտ թվով պատգամավորների համաձայնությունը: Խորհրդարանի արտահերթ նիստում, ինչպես հայտնեց պատգամավոր Դավիթ Վարդանյանը, Ազգային Դաշինքը մտադիր է առաջ քաշել հանրապետությունում նախագահական համակարգը լուծարելու և Սահմանադիր ժողով հրավիրելու մասին հարցեր:
«Երկիր», 15 օգոստոսի, 1992թ., թիվ 156 (245)
Լուսանկարը՝ 15 օգոստոսի, 1992թ. Ազգային Դաշինքին անդամակցած կուսակցություններն Ազատության հրապարակում պահանջում էին Լևոնի հրաժարականը. ձախից՝ Վահան Հովհաննիսյանն է (միկրոֆոնը ձեռքին), Դավիթ Վարդանյանը (ԱԺՄ) և Պարույր Հայրիկյանը (ԱԻՄ)։
Լուսանկարը՝ Միքայել Յալանուզյանի Ֆեյսբուքի էջից
Դիտել նաև՝