Վլադիմիր Մովսիսյան vs Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի Կոմկուսի առաջնորդի ելույթը՝ 3 օգոստոս, 1990

7150
Vladimir Movsisyan

Ծանոթ. – Այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին գումարման (1990-1995 թթ.) պատգամավոր, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը այս ելույթը ունեցել է որպես խորհրդարանի նախագահի թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը Հայոց համազգային շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Օգոստոսի 3-ին, փակ, գաղտնի քվեարկության առաջին փուլում Վլադիմիր Մովսիսյանը ստացավ 93, Իսկ Տեր-Պետրոսյանը` 110 ձայն: Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 83, Տեր-Պետրոսյանը` 124: Օգոստոսի 4-ին կազմվեց թեկնածուների նոր ցուցակ` Տեր-Պետրոսյան, Մովսիսյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Ինքնաբացարկ հայտարարեցին Սիմոնյանը, Մանուկյանը և Ղազարյանը:Հայրիկյանը ստացավ 8 քվե, Մովսիսյանը` 81, Տեր-Պետրոսյանը` 123:

Երկրորդ փուլում Մովսիսյանը ստացավ 76, Տեր-Պետրոսյանը` 140 և ընտրվեց խորհրդարանի նախագահի պաշտոնում` փաստացի ստանձնելով նաև հանրապետության առաջնորդի լիազորությունները:

Վլադիմիր Մովսիսյանի նախընտրական ելույթ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում (հատվածներ)

 (3 օգոստոսի, 1990թ.)

Հայաստանը պետք է դառնա սուվերեն, անկախ պետություն, կառավարվի սեփական սահմանադրությամբ, բարձրագույն իշխանության մարմին ունենալով Գերագույն խորհուրդը:

Մենք պետք է ընդունենք ոչ միայն հանրապետության սուվերենության մասին հռչակագիր, այլև օրենք, որն ապահովի Հայաստանի պետական անկախությունը նորացվող Խորհրդային Միության համակարգում:

Մենք այն համոզմանն ենք, որ ոչ թե Միությունը (ԽՍՀՄ) պետք է հանրապետություններին անկախության իրավունք տա, այլ ինքնուրույն և անկախ պետություն հանդիսացող հանրապետությունները պետք է դաշնակցային փոխհամաձայնությամբ որոշ իրավունքներ կամովին փոխանցեն Միությանը` իրենց ընդհանուր շահերից ելնելով:

ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, անմիջական հարաբերություններ պետք է իրականացնի ուրիշ պետությունների հետ, կնքի պայմանագրեր, ստեղծի դիվանագիտական կապեր:

Գործնական քայլեր պիտի անել, որ Հայաստանը դառնա ՄԱԿ-ի անդամ:

20-ական թթ. մեր ժողովրդի թիկունքում կնքված և նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն է ու պետական և կուսակացական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն և չեղյալ հայտարարվեն:

Հայոց խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով և պաշտպանի հայ դատը, հասնի 1915-ի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորումը հայ ժողովրդի կամքն ու իրավունքն է:

Որպես առաջին քայլ` Արցախում անհապեղ պիտի վերականգնվեն օրինական իշխանությունները, մարզի խորհրդային և կուսակցական մարմինները: Պետք է անհապաղ վերացնել մարզի տնտեսական, տրանսպորտային ու ինֆորմացիոն շրջափակումը, դադարեցնել Ադրբեջանի հանրապետական կազմկոմիտեի ապօրինի գործողությունները: Միայն այդ ամենից հետո հնարավոր կհամարենք նստել երկխոսության սեղանի շուրջ:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը մայիսի 3-ին որոշում ընդունեց պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին:

ՀՀ-ն պետք է ունենա ազգային բանակ կազմավորելու իրավունք, ներքին ծառայության սեփական զորամիավորումներ, ազգային անվտանգության կոմիտե:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ին Գերագույն խորհրդում զբաղվում էր փորձագիտական և լրատվության հարցրով, իր ՙՊետականության մարտահրավերը. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր՚ հատորում (էջ 47) գրում է. 

Կոմունիստների մեծամասնությունը ձայնը տվեց Մովսիսյանին: Նորեկների մեծ մասը և մի քանի կոմունիստներ, Կոմկուսի Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին Տեր-Պետրոսյանի օգտին: Մովսիսյանը պարտվեց, սակայն ոխ չպահեց, իսկ Տեր-Պետրոսյանը իր հերթին որևէ չարակամություն չունեցավ նրա դեմ: Հետագայում Մովսիսյանը գործեց որպես Փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, գյուղնախարար և մարզպետ: Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում: օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտեի տնտեսական հարցերի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանն ընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետև, Տեր-Պետրոսյանի ցուցակով` հանրապետության փոխնախագահ, ապա, 1995թ. Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ: