Հայաստանը Թուրքիայի հարցում անլուրջ է, անհետևողական ու հակասական

1262

1990թ օգոստոսին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը իր ընդունած Անկախության հռչակագրում ներառում է կետ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ օգտագործելով Արևմտյան Հայաստան անունը, բայց 1995թ և հետագա բոլոր Սահմանադրություններում դա չի ներառում:

Ի՞նչ իմաստ ուներ դա ներառել Հռչակագրում, եթե Սահմանադրություն չէր ներառվելու: Անիմաստ թուրքերին մեր դեմ հանելո՞ւ: Նրանց ձեռքին հաղթաթուղթ դնելո՞ւ: Մի կողմ եմ թողնում՝ Թուրքիան սահմանը բացելու էր, թե՝ ոչ:

1998թ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից Հայոց ցեղասպանության հարցը բերում է միջազգային օրակարգ, իսկ նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը ամերիկացիներին ասում է՝ ճնշեք Թուրքիային, որ բացի Հայաստանի հետ սահմանը, այդ դեպքում ես առաջին իսկ օդանավով կմեկնեմ Վաշինգտոն և հայ լոբբիստներին կհամոզեմ, որ ցեղասպանության հարցը չբերեն ճանաչման օրակարգ:

Սա ինչ է՞, եթե ոչ անլուրջ է, անհետևողական ու հակասական մոտեցում:

2008-ին Աբդուլլահ Գյուլի Երևան այցի նախօրեին ամեն ինչ արվում է, որ Թուրքիայի նախագահը Հայաստանում լավ զգա, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից հանում են Արարատ սարը, իսկ մի քանի տարի անց Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից գրողի ծոցն է ուղարկում երկու իր իսկ բանակցած հայ-թուրքական երկու արձանագրությունները, որով վերահստատվում է Կարսի պայմանգրով գծված Թուրքիա-Հայաստան սահմանը, իսկ միջկառավարական հանձնաժողովով Թուրքիային հնարավորություն տրվում Հայոց ցեղասպանության մասին նոր դիսկուրս ծավալել:

Սա ինչ է՞, եթե ոչ անլուրջ է, անհետևողական ու հակասական մոտեցում:

2020թ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է նոր Հայոց ցեղասպանություն ծրագրելու մեջ, բայց գնում է նրա երդմնակալությանը:

Սա ինչ է՞, եթե ոչ անլուրջ է, անհետևողական ու հակասական մոտեցում:

Երեւանում Նեմեսիս ես տեղադրում եւ հաջորդ օրը ասում, որ ճիշտ որոշում չէ:

Սա ինչ է՞, եթե ոչ անլուրջ է, անհետևողական ու հակասական մոտեցում:

Դեռ չե՞ք գիտակցում, թե ինչ ճակատագրական ուժ է Թուրքիան Հայաստանի համար, էս ի՞նչ մանկապարտեզ է:

Մինչև երբ ենք այսպես անլուրջ, անհետևողական ու հակասական լինել Թուրքիայի հանդեպ, որը Հայաստանին կարող է մահացու հարվածներ հասցնել:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 4 հունիսի, 2023թ