Գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ. ՀՅԴ

585

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը հուլիսի 29֊ի դեպքերի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը:

Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց: Մեկ կողմից հանրահավաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղված որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, մյուս կողմից՝ իրավապահների անհամարժեք ու որոշ դեպքերում նույնիսկ հակաօրինական գործողությունները հանգեցրին այսօրվա իրողությանը: Ոստիկանության կողմից առանձին դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն հանրահավաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այլև գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների հանդեպ: Ցավոք տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին:

Մեկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսևորում: Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց:

Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար, զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ-օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
30 հուլիս 2016