Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու. Հեղինե Բիշարյան

852

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սարի Թաղում տեղի ունեցածը “մարդկային չէ, բանական չէ”:

“Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով”,- գրել է Բիշարյանը:

“Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ունեցողների վրա: Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում: Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը: Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին”,- գրել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը: