«Սասնա ծռեր»-ը պետք է ոչ թե զենքը ՎԱՅՐ, այլ ՎԱՐ դնեն

3769

Այս տագնապալի և խռովահույզ օրերին գրեթե բոլորը՝ սկսած բանասիրական ֆակուլտետի նախկին ուսանող Սերժ Սարգսյանից մինչև Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության լրատվականն ու հայասատանյան ողջ լրատվադաշտը սխալ է գործածում «զենքերը վայր դնել» կապակցությունը:

«Վայր» նշանակում է տեղ, օրինակ՝ Խորենացին վայր է, որտեղից հարյուրավոր հայաստանցիների այս օրերին բերման են ենթարկում Ոստիկանության աշխատակիցները:

Իսկ «վար» նշանակում է դեպի ցած և որևէ կապ չունի «վայր»-ի հետ:

Օրինակ, Սերժ Սարգսյանի նախագահության ութ տարիներին Հայաստանը վար է գնում, այլ ոչ՝ վայր:

Այնպես որ, եթե կարծում եք, որ «Սասնա ծռեր»-ը պետք է օր առաջ կատարեն բանասիրական ֆակուլտետի նախկին ուսանողի վերջնագիրը, ապա արտասանեք և գրեք այսպես.

«Սասնա ծռեր»-ը պետք է վար դնեն զենքերը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը սխալ է գործածում ևս մեկ բառ. նա անդադար կրկնում է ՊՏԻ:

Հայերենում չկա այդպիսի բառ: Պետք է ասել ՊԻՏԻ:

Ուրեմն, պետք է ասել՝

«Սասնա ծռեր»-ը պետք է վար դնեն զենքերը, այլ ոչ՝

«Սասնա ծռեր»-ը ՊՏԻ ՎԱՅՐ դնեն զենքերը:  

Խոսենք հայերեն, անգամ այս  տագնապալի և խռովահույզ օրերին:

Թաթուլ Հակոբյան