Մի՛ շտապեք. պատմությունը կտա գնահատական

1953

Երբ 1992-ի ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանից վտարում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին, իշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, պալատական մտավորականությունը ամեն կերպ արդարացնում էր առաջին նախագահի կեցվածքը:

Երբ 1994-ի դեկտեմբերին իշխանությունները կասեցնում էին ՀՅԴ-ի գործունեությունը, փակում ու ջարդուփշուր անում դաշնակցական լրատվամիջոցները, իշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, պալատական մտավորականությունը ամեն կերպ արդարացնում էր առաջին նախագահի կեցվածքը:

Երբ 1996-ի սեպտեմբերյան նախագահական ընտրություններից հետո ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հազարավոր կողմնակիցների հետ դուրս էր եկել փողոց և գրոհում էր խորհրդարանի շենքը, իշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, պալատական մտավորականությունը դատապարտում էր ընդդիմությանը՝ իբր պետականության հիմքերն է խարխլում: Տեր-Պետրոսյանին հավատարիմ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը համատեղ հեռուստաելույթում սպառնալիքներ էին հնչեցնում, իսկ Սերժ Սարգսյանը ընդդիմությանը և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ:

Նույնն էր 1998-ի, 2003-ի, 2008-ի և 2013-ի վիճելի, շատերի կողմից կեղծված համարվող նախագահական ընտրություններից հետո: Իշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, պալատական մտավորականությունը ամեն կերպ արդարացնում էր, երբ Ռոբերտ Քոչարյանը փակում էր Ա1 պլյուս հեռուստաընկերությունը, 2004-ի ապրիլին բիրտ ուժ կիրառում ցուցարարների դեմ, 2008-ի գարնան առաջին օրերին Սերժ Սարգսյանի հետ իրականացնում Մարտի 1:

Նույնն է վիճակն այսօր, երբ իշխանություններն ուժ են կիրառում «Սասնա ծռեր» զինված խմբավորման նկատմամբ, բերման ենթարկում քաղաքացիներին, բռնություններ կիրառում նրանց նկատմամբ: Իշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, պալատական մտավորականությունը ամեն կերպ արդարացնում է Սերժ Սարգսյանի և ուժային կառույցների գործողությունները:

Իրադարձություններին պետք է գնահատական տալ ավելի ուշ, երբ կրքերը հանդարտվեն: Հատկապես մենք՝ լրագրողներս, պետք է փորձենք, որքան էլ դա դժվար է, պահել չեզոքություն և չդառնալ իշխանությունների կամ ընդդիմության ձեռքին գործիք:

Մեր գործը լրագրությունն է: Մենք պետք է կանգնած լինենք հասարակության և իշխանության միջև:

Մենք պետք է հասարակությանը տեղյակ պահենք, որ, օրինակ, հուլիսի 27-ի երեկոյան հազարավոր մարդիկ էին դուրս եկել Երևանի կենտրոնական փողոցներ, ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, վիրավորվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանն ու որդին և մեկ ոստիկան:

Եթե մենք՝ լրագրողներս, լուսաբանում ենք ընդդիմության հանրահավաքներն ու ցույցերը, ձայն տալիս ընդդիմադիր գործիչներին, դա չի նշանակում, որ դառնում ենք հակամարտության կողմ: Նույն կերպ դեպքի վայրից լուսաբանում էինք Ապրիլյան 4-օրյա պատերազմը, Ստամբուլի Գեզի պարտեզի ցույցերը, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքները: Դա անում էինք, որովհետև լրագրողներ ու լրատվամիջոց ենք:

Վերլուծությունների և մեկնաբանությունների, գնահատականների ու պիտակավորումների համար դեռ ժամանակ կլինի:

Մի՛ շտապեք գնահատականների և որակումների հարցում. պատմությունը կտա գնահատական:

Թաթուլ Հակոբյան