Ժնև, օգոստոս 9, 2022թ․
Բաց հասարակության հիմնադրամներ ֊ Հայաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի և Արցախի իրավապաշտպաններն այս օրերին Ժնևում մասնակցում են ՄԱԿ֊ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107֊րդ նստաշրջանին: Նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի կառավարությունը ներկայացնում է զեկույց առ այն, թե ինչպես է կատարում ռասայական խտրականությունից անձանց պաշտպանելու իր պարտականությունը։
Դրան զուգահեռ, Հայաստանից և Արցախից իրավապաշտպանները ներկայացնում են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։
Օգոստոսի 8-ին, Կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում, ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցագործություններից տուժած համայնքի ներկայացուցիչ, «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։
Հանդիպման ընթացքում նրանք բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի զինուժի հարձակումների, շփման գծում հրադադարի շարունակական խախտումների, Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման, ատելության և անպատժելիության մթնոլորտով պայմանավորված հայերի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության վնասման և ոչնչացման դեպքերի վերաբերյալ։ Բանախոսները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ, որոնք տեղ էին գտել հասարակական կազմակերպությունների կողմից Կոմիտեին նախապես ուղարկված զեկույցներում։
Բաց հասարակության հիմնադրամներ ֊ Հայաստանի աջակցությամբ Ժնև մեկնած խումբն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ֊ի մի շարք կառույցների հետ՝ ներկայացնելու և քննարկելու Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները և դրանց վերաբերյալ միջազգային համայնքի ոչ պատշաճ արձագանքը, գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձի անհրաժեշտությունը և այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց էին ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Կազմակերպություններն առաջարկել էին ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։