Բանակցություններից մի՛ վախեցեք. Թևան Պողոսյան

1278

Ճգնաժամի պահին բանակցությունները դառնում են գործիք: Բայց այդ գործիքի մասին մոռանում են հաջորդ օրը: Սուր քննադատության ժամանակ բանակցությունների գնալը համարում են պարտվողական վարքագիծ ու մեղադրում են բանակցողներին: Ցավոք, մենք չկարողացանք ձևավորել բանակցային մշակույթ մեր հարցերը լուծելու համար, հատկապես՝ ներքին: Էլ չեմ ասում՝ բանակցություններով հասնել խնդիրների լուծումներին:

Սա կարևոր ազդակ է, որ ունենք վստահության ճգնաժամ մեր երկրում: Ավելի՛ն, համոզված ենք, որ եթե նույնիսկ պայմանավորվենք, ապա անպայամ “կգցեն”: Ցավոք, այս իրավիճակն է բոլոր ոլորտներում` քաղաքականությունում, բիզնեսում, հանրային կյանքում, ընտանիքում:

Հայաստանում, ցավոք, իշխանությունները վաղուց են կորցրել իրականության զգացումը: Հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո պետք է հարցերը այլ արագությամբ և այլ ոճով լուծվեին: Մեր բացերը լուսնից չեն առաջացել, այլ իրական մարդկանց սխալ, կոռումպացված ու անգրագետ քաղաքականությունից ու որոշումներից: Մենք պետք է տեսնեինք և՛ հրաժարականներ, և՛ ձերբակալություններ, և՛ գողոնի վերադարձ, և՛ նոր նվիրյալների նշանակումներ: Ցավոք, անվստահության հաղթահարման փոխարեն տեսանք դրա խորացումը:

Իսկ ինչ ունենք հիմա: Մարդիկ իրենց ընկալմամբ չտեսնելով այլ միջոց, դիմեցին զենքի ուժին: Ունենք մեկ զոհ, վիրավորներ: Երևանում: Խումբը լոկալիզացված է, բայց՝ զինված: Եթե գրոհեն, էլի զոհեր կլինեն` հայը հային է կրակելու ու ներքին թշնամանքը խորանալու է: Գոնե հիմա գիտակցեք, որ բանակցություններն են լուծումը: Միշտ կարելի է գտնել լուծում, չկա անելանելի իրավիճակ: Հասնենք լուծման բանակցություններով: Ցանկացած պարագայում, որոշ ժամանակ անց կլինի հանգուծալուծում: Թե ինչպիսի՝ չգիտեմ: Բայց հիմա առճակատման երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս: Երկու կողմն էլ պետք է հասկանա՝ առնվազն առաջին անգամ պետք է բանակցելով գտնել լուծում: Իսկ պայնավորվածությունները պետք է հարգվեն մինչև վերջ:

Եվ եկեք չփնտրենք լուծումներ միայն անձերի մեջ: Կան ավելի կարևոր հարցեր։ Վստահ եմ, շատերն ուրախ կլինեն, որ հենց իրենք փոխեցին Արցախյան բանակցային դիրքերը, որ հենց իրենք հասան կոռումպացվածների բանտում հայտնվելուն, համակարգային նոր փոփոխություններին: Այն, ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել: Հայաստանի ապագա զարգացման համար:

Բանակցություններից մի վախեցեք:

Թևան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր