Թուրքիայի հեղաշրջումները. 1960, 1971 և 1980 թվականներ
Հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում (1923-ից մինչև այսօր) թուրքական զինվորականությունը՝ Գլխավոր շտաբը, երեք քանի անգամ՝ 1960, 1971, 1980 թվականներին, տապալել է գործող կառավարությունները: Եվս մեկ անգամ՝ 1997-ին, Թուրքիայում տեղի է ունեցել անարյուն հեղաշրջում. 1997-ի հունիսին զինվորականների ճնշման տակ հրաժարական տվեց Նեջմեթթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը:
Աշխարհիկություն-իսլամ, ավելի ճիշտ՝ քեմալականություն-իսլամ պայքարն է նաև եղել այդ հեղաշրջումների հետևում:
1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինվորական առաջին հեղաշրջումը. դեմոկրատները հեռացվեցին քաղաքականությունից: Գեներալ Ջեմալ Գյուրսելի գլխավորած Գաղտնի կոմիտեի հրամանով երկրի նախագահ Մահմուդ Ջելալ Բայարը, վարչապետ Ադնան Մենդերեսը, կառավարության մյուս անդամները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության վերնախավը ձերբակալվեց:
Դեմոկրատական կուսակցության կառավարման տասը տարիների (1950-1960) ընթացքում Թուրքիայի նախագահը Մահմուդ Ջելալ Բայարն էր, ով այդ պաշտոնում փոխարինել էր երկիրը շուրջ 12 տարի (1938-1950) ղեկավարած Իսմեթ Ինոնյուին: Մինչ այդ՝ 1923-ից ի վեր, հանրապետությունը ղեկավարում էր նրա հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Առաջին՝ 1960-ի մայիսյան հեղաշրջումից հետո, ձևավորվեց Ազգային միասնության խորհուրդը: Զինվորականությունը հեղաշրջում իրականացրեց` դեմոկրատներին ամբաստանելով քեմալականությունից շեղվելու համար: Սակայն զինվորականությունը ոչ միայն չսահմանափակեց կրոնական ազատությունները, այլ գեներալ Գյուրսելի գլխավորությամբ կրոնը սկսեց դիտել որպես թուրքական ինքնության կենսական բաղադրիչ, ինչպես նաև` երկրում հզորացող ձախակողմյան ուժերի դեմ պայքարելու արդյունավետ միջոց:
Մինչև 1950-ական թթ. Աթաթուրքի հիմադրած իշխող Ժողովրդահանրապետական կուսակցությունը մեղմել էր հակակրոնական քաղաքականությունը. կրտսեր դպրոցների դասացուցակներում ներառվել էին իսլամի դասաժամեր, նախաձեռնվել մզկիթներում աղոթք կարդացող կրոնական սպասավորների` իմամ հաթիփների կրթման դասընթացներ, հնարավորություն տրվել ուխտագնացության գնալ Մեքքա: Դեմոկրատական կուսակցության իշխանության տասը տարիներին իսլամի հասարակական և քաղաքական դերակատարության աճը դարձավ անշրջելի. թույլատրվեց արաբերենով աղոթքը` էզանը, ռադիոյով Ղուրանի հեռարձակումը:
1960-ին իշխանությունից հեռացված Մենդերեսը, ով վարչապետության տարիներին մասամբ սահմանափակել էր քեմալամետ զինվորականության լիազորությունները` հեռացնելով մեկուկես տասնյակ զորավարների և շուրջ 150 գնդապետների, ինչպես նաև՝ խորացնել հարաբերություններն անմիջական հարևան մահմեդական պետությունների հետ, 1961 թվականին կախաղան հանվեց: Նախագահ Բայարը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն հինգ տարի անց ազատվեց բանտից:
1971-ի մարտի 12-ին զինվորականությունը իշխանությունից հեռացրեց վարչապետ Սուլեյման Դեմիրելին, ով կառավարությունը գլխավորում էր 1965-ից: Սակայն Դեմիրելը 1975-ի մարտից կրկին ստանձնեց վարչապետի լիազորությունները և կառավարությունը շարունակեց ղեկավարել մինչև 1977-ի հունիս, ապա կրկին՝ նույն տարվա հուլիսից մինչև 1978-ի հունվար և 1979-ի նոյեմբերից 1980-ի սեպտեմբեր, երբ տեղի ունեցավ ռազմական երրորդ հեղաշրջումը:
1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենը և թուրքական բանակի ևս մի քանի բարձրաստիճան զինվորականներ իշխանությունից կրկին հեռացրեցին վարչապետ Սուլեյման Դեմիրելին, ով հետագայում պետք է դառնար Թուրքիայի նախագահը:
1961-ի հոկտեմբերից մինչև 1989-ի նոյեմբեր, երբ նախագահ դարձավ Թուրգութ Օզալը, Թուրքիան ունեցավ չորս նախագահ, որոնք զինվորականներ էին` Ջեմալ Գյուրսելը (1961թ. հոկտեմբեր-1966թ. մարտ), Ջևդեթ Սունայը (1966թ. մարտ-1973թ. մարտ), Ֆահրի Քորություրքը (1973թ. ապրիլ-1980թ. ապրիլ) և Քենան Էվրենը (1982թ. նոյեմբեր-1989թ. նոյեմբեր):
Զինվորական նախագահների` իշխանությունը փոխանցելու շրջանում, Թուրքիան ունեցել է երկու ժամանակավոր նախագահ. Թեքին Արըբուրունը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ինը օր` 1973թ. մարտի 29-ից ապրիլի 6-ը, իսկ երկար տարիների արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը` ավելի քան հինգ ամիս` 1980թ. ապրիլի 6-ից սեպտեմբերի 12-ը: Եվս մեկ ժամանակավոր նախագահ Թուրքիան ունեցավ 1993թ. գարնանը, երբ հանկարծամահ եղավ Օզալը. ուղիղ մեկ ամիս` ապրիլի 17-ից մայիսի 16-ը երկիրը ղեկավարում էր Հուսամեթթին Ջինդորուքը:
Թուրքիայում 1995թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց իսլամամետ Բարօրություն կուսակցությունը` ստանալով քվեների ավելի քան 21 տոկոսը: Մի քանի ամիս վարչապետի աթոռը զբաղեցրեց Մեսութ Յըլմազը՝ կառավարություն կազմելով Թանսու Չիլլերի հետ: Յըլմազը և Չիլլերը հրապարակավ չէին թաքցնում միմյանց հանդեպ ատելության հասնող հակակրանքը, սակայն ընտրությունների արդյունքը առաջին հերթին հենց նրանց էր հնարավորություն տալիս կազմելու կառավարություն, ինչը և տեղի ունեցավ: Ընտրություններում հաղթած Էրբաքանը հայտարարեց, որ այս բռնի ամուսնական զույգը շուտով իր ձեռքով Բարօրությանը կտա վարչապետական բանալին:
Այդպես էլ եղավ: Յըլմազի հրաժարականից հետո նախագահ Դեմիրելը կառավարություն կազմելու առաջարկով կրկին դիմեց Էրբաքանին: 1996թ. հուլիսից ուղիղ մեկ տարի Թուրքիայում վարչապետը Էրբաքանն էր: Կառավարությունը կոալիցիոն էր, իսլամամետ Բարօրություն կուսակցությունը և նրա առաջնորդ Էրբաքանը գործադիր իշխանությունը կիսել էին Ճշմարիտ ուղի կուսակցության առաջնորդ Չիլլերի հետ: Վերջինս զբաղեցնում էր փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնը:
Այս շրջանում արդեն թուրքական քաղաքականության մեջ հայտնի էին դառնում Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և տնտեսագետ Աբդուլլահ Գյուլի անունները: 1996թ. հոկտեմբերին Անկարայում կայացավ Բարօրության համագումարը, որի ընթացքում գլխավոր ջութակի դերը ստանձնել էր Էրդողանը: Թուրքական մամուլը Էրդողանին անվանում էր Բարօրության նոր թագաժառանգ:
Թուրքիայում ներքաղաքական վիճակը լարվում էր: Բանակի և Բարօրության միջև հակասությունները ակնհայտ դարձան, երբ զինվորականությունը դատապարտեց Ռամադանի կապակցությամբ Էրբաքանի կազմակերպած ընդունելությունը, որին հրավիրվել էին իսլամական շարժումների ղեկավարներ: 1997թ. փետրվարի 28-ին զինվորականությունը` Ազգային անվտանգության խորհուրդը, Էրբաքանին ներկայացրեց անհապաղ քայլերի իրականացման երկու տասնյակ կետերից կազմված վերջնագիր: Զինվորականները Էրբաքանից մասնավորապես պահանջեցին դադարեցնել պետության դեմ ուղղված հակաաշխարհիկ գործարքները և իրականացնել պետության աշխարհիկ կարգերի ամրապնդմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, վճռական պայքար ծավալել իսլամական արմատականության դեմ: Թուրք զինվորականությունը չորրորդ անգամ, այս դեպքում` թավշյա եղանակով, ուղղակիորեն միջամտեց ներքաղաքական գործընթացներին` կրկին անգամ հանդես գալով քեմալականության և աշխարհիկ կարգերի պաշտպանության դիրքերից:
1997-ի հունիսին Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը վերաճեց ճգնաժամի. Էրբաքանը հայտարարեց, որ մինչև հունիսի վերջը կառավարության ղեկավարի աթոռը կփոխանցի Չիլլերին: Հունիսի 20-ին զինվորականների բացահայտ ճնշման տակ Էրբաքանի իսլամամետ կառավարությունը հրաժարական տվեց:
1998թ. հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կասեցրեց Բարօրության գործունեությունը, իսկ նրա ղեկավար Էրբաքանին արգելեց հինգ տարի զբաղվել քաղաքականությամբ: Զինվորականության ճնշման տակ հրաժարական տված, ապա քաղաքականությունից մեկուսացված Էրբաքանը 2002թ. դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն դատավճռի ի կատար ածումը բազմիցս հետաձգվել է՝ Էրբաքանի առողջական վիճակի պատճառով:
2008թ. Էրբաքանը դատապարտվեց 11 ամսվա տնային կալանքի՝ իր նախկին կուսակցության հետ կապված ֆինանսական չարաշահումների մեղադրանքով: Ճիշտ է, Բարօրություն կուսակցությունը լուծարվեց, սակայն հենց նրա հիմքի վրա ստեղծված Արդարություն և զարգացում կուսակցությունը 2002թ. խորհրդարանական, ինչպես նաև հաջորդող մյուս ընտրություններում հասավ շռնդալից հաջողության և երկրում իշխում է մինչև այսօր
Թաթուլ Հակոբյան