Հեղափոխության պարտության ախտանիշ

1889

2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը պարտվել է ինչպես  Հայաստանում, այնպես էլ՝ արտաքին ճակատում:

Եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ապա արցախյան պատերազմ չէ՞ր լինելու: Ամենայն հավանականությամբ լինելու էր, քանի որ Ադրբեջանը դժվար թե համակերպվեր նախկին ԼՂԻՄ-ից դուրս յոթ շրջանների կորստին, որոցից հինգը ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ, 1994թ մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր հայկական ուժերի վերահսկողության տակ էին մինչև 2020թ սեպտեմբերյան պատերազմն ու նույն տարեվերջ:

Արդյոք մենք պարտվելու էի՞նք, եթե իշխանության չլիներ Նիկոլ Փաշինյանը: Եթե այո, ապա նույն դաժանությա՞մբ: Իսկ եթե իշխանության լիներ այլ ղեկավար, գուցե մենք կրկին պարտվելու էի՞նք և ավելի մեծ զոհերով ու տարածքային կորուստներո՞վ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը մտավարժանքի ոլորտից են: Այն, որ Փաշինյանն ու թիմը չեն կարողացել կառավարել պատերազմը, հավանաբար իրականությանը մոտ գնահատական է: Այն, որ պատերազմում Հայաստանը դաշնակից չուներ, թվում է, սա էլ է իրականությանը մոտ: Այն, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը գործում էին ներդաշնակ, թվում է, ևս գոյության իրավունք ունեցող պնդում է:

Այսօր, 44-օրյա աղետալի պատերազմն ու պարտությունը, արդար է դա, թե՝ ոչ, հիմնավոր է, թե անհիմն, նույնացվում է հեղափոխության հետ. չլիներ հեղափոխությունը, չէր լինի պատերազմ, իսկ եթե լիներ, ապա մենք չէինք պարտվի: Գուցե պարզունակ է հնչում, բայց այդպես են մտածում շատերը: Մյուսները մտածում են, որ մեզ պարտության են հասցրել նախկին նախագահներն ու հաջորդական կառավարությունները, քանի որ չեն արդիականացրել բանակը, չեն ձգտել բանակցային ճանապարհով խաղաղություն բերել և ավելին՝ ամեն ինչ արել են 1994-ի մայիսյան ստատուս-քվոն պահպանելու համար՝ հանուն իշխանության և հարստացման:

Թավշյա հեղափոխությունը պարտվել է նաև Հայաստանի ներսում, քանի որ համակարգային բարեփոխումների մասին խոսելն արդարացված չէ: Հեղափոխության առաջին շարքերում կանգնած բազմաթիվ հասարակական գործիչներ, որոնք մաս չկազմեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության, այսօր քննադատում են իշխող թիմին հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ չիրականացնելու մեջ:

Պարտությունն Արցախում և բարեփոխումների չիրականացնելու հարցում շատ-շատերին, ովքեր հպարտանում էին, որ մասնակցել են և իրենց քայլն արել Սերժին մերժելու համաժողովրդավարական շարժման շարքերում, այսօր ամաչում են կամ փորձում թաքցնել:

Սա կարող ենք անվանել հեղափոխության պարտության ախտանիշ՝ սինդրոմ:

Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, որոնց թվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իրենց ֆեյսբուքյան գրառումներով աջակցել են Նիկոլ Փաշինյանին և կանգնել հեղափոխության կողքին 2018-ին: Շատերը իրենց ֆեյսբուքյան գրառումներն են հեռացրել, մյուսները փորձում են Փաշինյանին ուժգին քննադատությամբ հավասարակշռության բերել իրենց հինգ տարի առաջվա կեցվածքը:

Պատմությունը, հատկապես, երբ այն տեսագրվում է ուղիղ եթերով, չես կարող սրբագրել: Իրականությունն այն է, որ 2018-ին Սերժին մերժելու էր դուրս եկել Հայաստանի բնակչության առնվազն մեծամասնությունը: Չլիներ այդ մեծամասնությունը, հազար Նիկոլ չէր գա իշխանության:

Հեղափոխության պարտության ախտանիշով տառապում են հատկապես նրանք, ովքեր հեռացվել կամ հեռացել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համագործակցել են Փաշինյանի կառավարության հետ:

«Ապրելու երկրից» Մանե Թանդիլյանը՝ նախկինում «Լուսավոր Հայաստան», Մեսրոպ Առաքելյանը՝ նախկինում «Առաքելություն», ՔՊ-ից պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որ նույնպես մոտեցել է «Ապրելու երկրին», մեր նշանավոր ըմբիշ, նախկին «Իմ քայլ»-ական Արսեն Ջուլֆալակյանը (մինչև պատերազմը` 2020թ սեպտեմբերի 9-ին, վայր է դրել մանդատը` ընդգծելով իր անհամաձայնությունը տարվող քաղաքականության հետ) այնպիսի կրքոտությամբ են քննադատում Փաշինյանին, որ չիմացողին կթվա, թե նրանք միշտ եղել են սկզբունքային ընդդիմադիր: Ավելին, Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կառավարության կազմում նախարարի պաշտոն է զբաղեցրել մեր աղետալի պարտությունից հետո: Սա, անշուշտ, միանշանակ պախարակելի չէ ու դեռ հարց է՝ ո՞րն է ավելի օգտակար պետության ու պետականության տեսնակյունից՝ կանգնել պարտվածի կողքին ու փորձել օգնե՞լ պետությանը, թե՞ կանգնել ռուսական շահերը սպասարկողների շարքում և արդարացնել մեր հանդեպ մեր դաշնակցի ոչ բարեկամական քայլերը:

Քաղաքականության մեջ բնական է, երբ գործիչները ուժգին քննադատեն կառավարությանը, որի մաս են կազմել: Այսպես, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք եղել են Արցախում ՀՀՇ ցանցի ներկայացուցիչներ և երկար տարիներ աշխատել շեֆի հետ, հետագայում, սակայն, չեն խնայել Տեր-Պետրոսյանին՝ նրան մեղադրելով անգամ Արցախը ծախելու մտադրության մեջ, երբ վերջին հարյուրամյակների մեր հաղթանակները կերտվել են հենց առաջին նախագահի կառավարության տարիներին:

Բայց 44-օրյա մեր աղետը նոր միտում է բերել քաղաքականության մեջ, որը, ինչպես նշեցի, կարող ենք անվանել հեղափոխության պարտության սինդրոմ: Դա այն է, երբ պետական, քաղաքական, հանրային գործիչը, գրողը, նկարիչը, պարզ քաղաքացին, չեն ուզում ասոցացվել 2018-ի հեղափոխության հետ, քանի որ այդ հեղափոխությունից հետո մենք կրել են 20-րդ դարի երկրորդ մեծ պարտությունը:

Որևէ մեկը չի ուզում ասոցացվել պարտության հետ, ավելին՝ այդ պարտության պատասխանատուն լինել ի՛ր չափով:

Իշխանական թիմից ամենաերևելի գործիչը, Ջուլֆալակյանից բացի, ով մինչև 44-օրյա աղետը հրապարակավ հայտարարել է հեռանալու մասին՝ իր անհամաձայնությունը հայտնելով և քննադատելով Փաշինյանին ու ՔՊ-ին, եղել է պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 24 հուլիսի, 2023թ

Լուսանկարում՝ Հանրապետության հրապարակը 2018թ մայիսի 1-ին