Հայաստանը փորձում է տապալել Լավրովի պլանը. Թաթուլ Հակոբյան, 14 հուլիսի, 2016թ.

2810

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բավականին բարդ իրադրություն է ստեղծվել հայկական կողմերի համար:

Այս մասին են վկայում թե՛ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի շեշտակի ակտիվությունը՝ հաճախ մեդիայում գործածվող Պուտինի կամ Լավրովի «պլան» ձեւակերպումներով, թե՛ Ադրբեջանի ղեկավարության՝ Մոսկվայի հասցեին ձոնվող ներբողները հայկական կողմի պասիվ դիմադրողական կեցվածքի ֆոնին, եւ թե՛ բանակցությունների մանրամասներին տեղյակ մեր աղբյուրների հայտնած տեղեկությունները:

Ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանային կայունության հրամայականից ելնելով` Ռուսաստանը ներկայացրել է կազանյան փաստաթղթի վերամշակված կամ լրամշակված նոր տարբերակը: Խնդրի էությունն այն է, որ հայկական կողմը զիջի որոշակի տարածքներ (սկզբի համար նշվում է ԼՂ շուրջ հինգ տարածքի մասին), ԼՂ միջանկյալ ամուր կարգավիճակի դիմաց: Թե ինչ է իրենց ենթադրում «միջանկյալ ամուր կարգավիճակ» կոչվածը, դժվար է հստակ ասել, բայց որ տարածքների դիմաց Ադրբեջանը համաժամանակյա չի ճանաչելու ԼՂ կարգավիճակը, այս պահի տվյալներով հստակ է: Ուստի, ստատուս քվոյի փոփոխմանը ձգտող Ադրբեջանը, որը ապրիլյան պատերազմը շարունակում է ներկայացնել որպես իր հաղթանակ, նաեւ հենց այս պատճառով է շահագրգռություն ցուցաբերում ռուսական առաջարկների նկատմամբ՝ խոսելով բանակցություններում «աննախադեպ ակտիվության ու դրական դինամիկայի մասին»:

Մեր տեղեկություններով, այդ փաստաթուղթը դեռ աշխատանքային է, այն քննարկումների փուլում է եւ ամեն վայրկյան կարող են փոփոխություններ մտցվել, սակայն հայկական կողմի հայտարարությունները խոսում են հենց այս նոր իրավիճակի ոչ այդքան շահեկան լինելու մասին: «Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել, ձգտում են ստատուս քվոն փոխել, հենց դրա համար է, որպեսզի մենք մերժողի կարգավիճակում չհայտնվենք, նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հպանցիկ, բայց կարեւոր հայտարարություն արեց առ այն, որ ստատուս քվոն կփոխվի, երբ ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այլ խոսքերով ասած, մենք էլ ենք ուզում ստատուս քվո փոխել, բայց դրա ճանապարհը կարգավիճակի ճանաչումն է», – հայտնեցին դիվանագիտական շրջանակներում մեր աղբյուրները:

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում Լավրովի՝ Ադրբեջան այցին գրեթե զուգահեռ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է սկսվի ԼՂ կարգավիճակի՝ Ադրբեջանի ճանաչմամբ:

Բանակցային գործընթացը, ըստ փորձագետ, «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» գրքի հեղինակի Թաթուլ Հակոբյանի, մտել է բավականին ակտիվ փուլ, ինչի վկայությունն են բազմազան այցերը եւ լավատեսական հայտարարությունները: «Քանի որ փաստացի սա ռուսական կողմի նախաձեռնությունն է, իսկ 2011 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կազանի հանդիպմանը շրխկոցով փակեց դուռը ու վերադարձավ Բաքու, ապա այժմ Մոսկվան, ձգտելով շարունակել կազանյան տրամաբանությունը, աշխատանքային փաստաթղթում, որը կարող է միշտ փոփոխվել, մտցրել է ձեւակերպումներ, որ այն անընդունելի են դարձնում հայկական կողմի համար», – մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը՝ հայկական կողմի ներկայիս գործողությունները որակելով որպես նոր առաջարկների տապալման փորձ:

Հայկական կողմից ամենաբարձր մակարդակում հնչող հայտարարությունները, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ սկզբից պետք է ճանաչվի ԼՂ կարգավիճակը, ըստ մեր զրուցակցի, բխում են նոր առաջարկները տապալելու տրամաբանությունից եւ ուղղված են ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին: «Ադրբեջանն այդ գործընթացում Ռուսաստանի գովքն է անում, քանի որ հասկանում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունների միակ երկիրը, որ կարող է Հայաստանին պարտադրել գնալ ինչ-որ զիջումների, Ռուսաստանն է: Այժմ հայկական կողմի նպատակն է տապալել այդ առաջարկությունները, սակայն այնպես, որպեսզի պաշտոնական Երեւանը չկրի դրա ողջ պատասխանատվությունը: Այն է` ձախողել սա, բայց դուրս գալ գործընթացից մինիմալ կորուստներով», – պարզաբանեց փորձագետը՝ հիշեցնելով, որ ռուսական մերձկրեմլյան մեդիան արդեն բաց տեքստով է գրում, որ տարածքային զիջումներին կհետեւի Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակումը:

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը համաձայնել տարածքների մի մասի զիջման դիմաց ԼՂ միջանկյալ կարգավիճակի վրա աչք փակել, Թաթուլ Հակոբյանն առաջ է քաշում երկու վարկած: «Կամ իսկապես արվել են այնպիսի առաջարկներ, որոնց Բաքուն համաձայնել է, կամ էլ այդ առաջարկները նույնպես չեն բխում Ադրբեջանի շահերից, սակայն հասկանալով, որ Հայաստանն ասելու է «ոչ», ադրբեջանական իշխանությունները չեն ցանկանում իրենք դառնալ գործընթացի տապալման պատճառը: Սա տակտիկական քայլ է, որն իրականացրել են բանակցային գործընթացում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը», – եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Հայկական Ժամանակ, 14 հուլիսի, 2016թ.