Ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու սոցհարցում Արցախում` 2016-ի Ապրիլյանից հետո

4212

Հուլիս, 2016 թ, Ազատություն

Մինչ շարունակվում են բարձր մակարդակի բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, Արցախում սոցիոլոգիական հարցում է անցկացվում ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը օգտակար է համարել այց հարցումները, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ուղղակի կապ չի տեսնում անցկացված սոցիալական հարցումների և ակտիվացող Ղարաբաղյան բանակցային գործընթացի միջև:

«Ուղղակի որևէ կապ չկա, բայց պարզապես օգտակար է՝ թող շատերը տեսնեն ինչպես է մտածում արցախյան հասարակությունը»,- ասել է Բաբայանը՝ պնդելով, որ Արցախի իշխանությունները հարցման հետ կապ չունեն:

Սոցիալական հարցումներին մասնակցած Տիգրան Գրիգորյանը, ով Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ է, «Ազատության» հետ զրույցում նշել է, որ սոցհարցումների համար իրենց տուն այցելած աշխատակիցը առաջարկել է Ղարաբաղյան խնդրին առնչվող տարբեր հարցերի պատասխանել, այդ թվում՝ տարածքների վերադարձման հետ կապված մի քանի տարբերակների շուրջ կարծիք հայտնել:

«Տարբեր տաբերակներ էին առաջարկում՝ տարածքների հանձնման տարբեր սխեմաներ՝ 5+2, 2+5, 7․․․ այսինքն՝ սկզբից հինգ շրջան, հետո երկու շրջան, կամ սկզբից երկու շրջան, հետո հինգ շրջան և այլն: Խնդրում էին կարծիք հայտնել 1-ից 4 սանդղակով՝ 1-ը խիստ բացասական, 4-ը՝ խիստ դրական»:

Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ, մեկ այլ ուշագրավ հարցադրում էլ է հնչել՝ ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման դեպքում ժողովրդի հնարավոր ապստամաբության մասին. «Ամենահետաքրքրական պահը այդ էր, որ ցանկանում էին իմանալ՝ եթե ղարաբաղյան հակամարտության պարագայում մեզ համար ոչ բարենապաստ որոշում կայացվի, ենթադրաբար՝ տարածքների հանձնման վերաբերյալ է խոսքը գնում, պատրա՞ստ եք արդյոք ապստամբել»:

Իր հերթին Դավիթ Բաբայանը ասել է. «Սահմանների խնդիրը որոշում է ժողովուրդը, ի՞նչ ապստամբության մասին է խոսքը՝ ժողովուրդն է որոշում հանրաքվեի միջոցով: Ասենք՝ ո՞ւմ դեմ պիտի ապստամբի: Սա այնպիսի խնդիր է, որ նաև Սահմանադրության մեջ ամրագրված է․ եթե հարց է ծագում Արցախի սահմանների փոփոխության հետ կապված, ժողովուրդն է դա որոշում: Իսկ ժողովուրդը հաստատակամ է: Ես չեմ կարծում, որ հիմա այն պահն է, որ ռեֆերենդում պիտի լինի: Այդ հարցը ընդհանրապես, կարծում եմ, շահարկման է ենթարկվում»: Բաբայանը հավելել է. պատմությունը ցույց է տվել՝ Արցախի ժողովրդին որևէ բան պարտադրելն անհնար է:

Տիգրան Գրիգորյանը նշել է, որ սոցհարցումները անցկացրել է IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով:

Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը ասոցացվում է Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ:

IPSC ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել՝ պատճառաբանելով, որ դա հակասում է ընկերության էթիկական կանոնագրին:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ սոցհարցումներ անցկացրել է 2010-ին, շոշափելով կրկին ղարաբաղյան հակամարտության, Արցախի ներքին վիճակին առնչվող հարցեր, և ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այդ հետազոտության հայաստանյան գործընկերն է վերոհիշյալ IPSC ընկերությունը:

Ավելին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը այլ սոցհարցումներ ևս անցկացրել է IPSC-ի հետ համատեղ, մասնավորապես՝ 2013-ի նախագահական ընտրություններից 9 օր առաջ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը ամենամեծն է, հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ուշագրավ մեկ հանգամանք ևս. երեկ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցում ձգտում է «արժանապատիվ խաղաղության»: Հարցին՝ կարգավիճակի դիմաց Արցախին հարակից 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելը նույնպես տեղավորվում է՞ այդ եզրույթի մեջ, Շարմազանովը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ արժանապատիվ խաղաղությունը նա է, երբ որ մենք հասնենք այն նպատակին, որի համար 88-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս է եկել Ստեփանակերտի փողոցները»: