Ազրպէյճանը` ԵԱՀԿ-ի Խորհրդաժողովի Քննադատութեան Թիրախում

710

Յուլիսի 6-7-ը Թիֆլիս կայացած ԵԱՀԿ-ի Հարաւկովկասեան երկրների լրատուամիջոցների 13-րդ խորհրդաժողովի քննարկումների կեդրոնում Ազրպէյճանում լրատուամիջոցների եւ լրագրողների նկատմամբ շարունակական ճնշումների թեման էր: Խորհրդաժողովին, որի բացումը կատարեց եւ ելոյթ ունեցաւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը, հրաւիրուել էր նաեւ տողերիս հեղինակը:

Քանի որ բանտից վերջերս ազատուած լրագրողուհի Խատիճա Իսմայիլովային թոյլ չի տրւում դուրս գալ երկրից, խորհրդաժողովի կազմակերպիչները նրա հետ հաստատեցին սքայփ կապ: Ազրպէյճանցի ամենայայտնի լրագրողի հետ զրոյցը վարեց ԵԱՀԿ-ի մամուլի ազատութեան հարցերով ներկայացուցիչ Տունեա Միյաթովիչը:

Իսմայիլովան շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել Ազրպէյճանի բանտերում գտնուող լրագրողների եւ նրանց համար, ովքեր հետապնդւում են ազատ խօսքի արտայայտման համար:

«Ես մէկն եմ այն լրագրողներից, ովքեր իրաւունք չունեն դուրս գալ Ազրպէյճանից: Այսօր Ազրպէյճանում իւրաքանչիւր անկախ լրագրող ստիպուած է աշխատել ընդյատակից: «Ազատութիւն» ռատիոկայանը չի կարող բնականոն գործել, քանի որ նրա Պաքուի գրասենեակը փակուած է: Նոյնը վերաբերում է «Մէյտան» հեռուստատեսութեանը եւ այլ գործակալութիւնների: Իշխանութիւնները ճնշում են ոչ միայն տեղական լրատուամիջոցներին եւ լրագրողներին, այլ նրանց, ովքեր համագործակցում են արտասահմանեան լրատուամիջոցների հետ»,- ասաց Իսմայիլովան:

Նա նշեց դէպք, երբ ազրպէյճանցի քաղաքական գործիչը` ընդդիմադիր Ժողճակատ կուսակցութեան նախագահի տեղակալը, բանտարկուել է Ֆէյսպուքում ընդամէնը մէկ սթաթիւս գրելու համար: Ազրպէյճանի իշխանութիւնները ոչ միայն զրպարտում են լրագրողներին, սպառնում, բանտարկում, թաքուն տեսանիւթերով ներխուժում լրագրողների անձնական կեանք, այլեւ չեն ուզում, որ լրագրողները խօսեն առկայ խնդիրների մասին, ասաց Իսմայիլովան:

2015թ. սեպտեմբերին Խատիճա Իսմայիլովան դատապարտուել էր եօթուկէս տարուայ ազատազրկման` շինծու մեղադրանքներով: Նա յայտնի է իր հետաքննական յօդուածներով ու զեկոյցներով, որոնք բացայայտում են Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների փտածութեան մեքանիզմները: Այս տարուայ մայիսի վերջերին Ազրպէյճանի Գերագոյն դատարանը, տեղի տալով միջազգային ճնշումներին, վերանայեց նրա պատիժը` փոխարինելով 3,5 տարուայ պայմանական ժամկէտի:

ԵԱՀԿ Թիֆլիսի խորհրդաժողովում ազրպէյճանական իշխանութիւնների քննադատութեամբ ելոյթներ ունեցան նաեւ Լրագրողների ազատութեան եւ անվտանգութեան հիմնարկի (Պաքու) տնօրէն Էմին Յուսէյնովը, Թուրան (Պաքու) գործակալութեան տնօրէն Մեհման Ալիեւը, «Ենի Նեսիլ» (Պաքու) լրագրողական կազմակերպութեան նախագահ Արիֆ Ալիեւը: Շէֆֆիլտի (Մեծն Բրիտանիա) համալսարանի լրատուամիջոցների ազատութեան կեդրոնի տնօրէն Ուիլիըմ Հորսլին ընդգծեց, որ Ազրպէյճանը մի երկիր է, որտեղ կան բանտարկուած լրագրողներ:

Հնչող քննադատութիւնները անընդունելի համարեցին Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի աւագ խորհրդական Քեամրան Հասանովը եւ մի քանի իշխանամէտ լրագրողներ: Հասանովը մասնաւորապէս, բողոքեց, որ ԵԱՀԿ խորհրդաժողովը վերածուել է Ազրպէյճանի հասցէին քննադատութիւնների:

ԵԱՀԿ այս եւ նախորդ խորհրդաժողովները հետաքրքրական են նաեւ նրանով, որ հրաւիրւում են ինչպէս անկախ լրատուամիջոցների, այնպէս էլ խորհրդարանի ներկայացուցիչներ եւ պաշտօնական գերատեսչութիւնների խօսնակներ` Հայաստանից, Ազրպէյճանից եւ Վրաստանից: Յաճախ միմեանց հետ բանավիճում են եւ սուր քննադատում ոչ միայն տարբեր երկրների ներկայացուցիչներ, այլ` նոյն երկրի իշխանական եւ ընդդիմադիր հատուածներ, ինչը ակնյայտ էր Ազրպէյճանի, բայց նաեւ Վրաստանի եւ Հայաստանի պարագայում:

ԵԱՀԿ Հարաւկովկասեան լրատուամիջոցների 13-րդ խորհրդաժողովի վերջին հատուածը, երբ քննարկւում էր խորհրդաժողովի արդիւնքներով ընդունուելիք հռչակագրի նախագիծը, անցաւ փոքր-ինչ լարուած մթնոլորտում:

Խորհրդաժողովի մասնակիցներից Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը առաջարկեց, ապա մի քանի անգամ պնդեց, որ պէտք է յստակ տարանջատում մտցնել հարաւկովկասեան երկրների միջեւ, երբ խօսք է գնում այդ երկրներում լրատուամիջոցների խնդիրներին եւ մարտահրաւէրներին: Բալայեանը առաջարկում էր հռչակագրի նախագծի երրորդ կէտում աւելացնել «Հարաւային Կովկասի երկրներից մէկում» կամ «որոշ երկրներում» ձեւակերպումը, ինչը առաջ բերեց ազրպէյճանական պատուիրակութեան պետական հատուածը ներկայացնողների ընդդիմութիւնը:

Քննարկումը վարող ԵԱՀԿ մամուլի ազատութեան հարցերով ներկայացուցիչ Տունեա Միյաթովիչի աւագ խորհրդական Անտրէյ Ռիխթերը Բալայեանի կողմից առաջարկուող ուղղումը չէր կարող աւելացնել նախագծում, քանի որ Ազրպէյճանի ներկայացուցիչները դէմ էին: ԵԱՀԿ-ն, ինչպէս յայտնի է, համախոհութեան գործող կառոյց է:

Կրքերը փոքր-ինչ աւելի բորբոքուեցին, երբ հայկական պատուիրակութեան անդամներից Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային միջոցների հետ կապերի վարչութեան պետի խորհրդական Յովհաննէս Նիկողոսեանը առաջարկեց հռչակագրի նախագծում աւելացնել կէտ, որով դատապարտուի լրագրողական «սեւ ցուցակների» արատաւոր գործելակերպը:

Խօսքը, բնականաբար, Ազրպէյճանի մասին էր, որն ունի «սեւ ցուցակ» եւ դրանցում ներառում է այն լրագրողներին, քաղաքական-պետական, մշակոյթի գործիչներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: «Սեւ ցուցակ»-ում յայտնուողների մուտքը Ազրպէյճան արգելւում է:

Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան երկրորդ քարտուղար Սարհան Աղաքիշիեւը ընդդիմացաւ` յայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ այցելողները յայտնւում են այդ ցուցակում, քանի որ խախտում են Ազրպէյճանի օրէնսդրութիւնը:

Մօտ կէս ժամ տեւած քննարկումն ու վիճաբանութիւնը աւարտուեց նրանով, որ նիստը վարող Անտրէյ Ռիխթերը այն չընդգրկեց հռչակագրի նախագծում` կրկին հաշուի առնելով ազրպէյճանական պատուիրակութեան պետական հատուածը ներկայացնողների ընդդիմութիւնը եւ համախոհութեան սկզբունքը:

Ի նշան բողոքի` հայկական պատուիրակութեան անդամներից Տիգրան Բալայեանը, Յովհաննէս Նիկողոսեանը, Արսէն Բաբայեանը (ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան պետ), Աշոտ Ահարոնեանը (Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան պետ), Արծրուն Յովհաննիսեանը (ՊՆ մամուլի խօսնակ) եւ Արամ Անանեանը (Արմէնփրես գործակալութեան տնօրէն) լքեցին խորհրդաժողովի դահլիճը:

Հայ եւ ազրպէյճանցի լրագրողներն ու լրագրողական կազմակերպութիւնների ներկայացուցիչները, ովքեր իշխանութիւնների հետ սերտ յարաբերութիւններ չունեն, չմիջամտեցին հայ եւ ազրպէյճանցի պաշտօնեաների բանավէճին: Ակնյայտ էր, որ «սեւ ցուցակի» թեման չէր կարող ներառուել ԵԱՀԿ-ի լրատուամիջոցների խորհրդաժողովի Հռչակագրի նախագծում առնուազն երկու պատճառով. առաջին` Ազրպէյճանը դէմ էր լինելու, երկրորդ` «սեւ ցուցակի» թեման քաղաքական խնդիր է, որ հնարաւոր է լուծել բարձր մակարդակում եւ ոչ լրագրողների կամ միջին ու ցածր պաշտօնեաների ներգրաւմամբ:

Միւս կողմից, անկասկած, կարեւոր է, որ «սեւ ցուցակի» արատաւոր գործելակերպը դառնում է քննարկման թեմա ինչպէս ԵԱՀԿ-ի, այնպէս էլ միջազգային այլ կազմակերպութիւնների տարատեսակ խորհրդաժողովներում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 11 Յուլիսի, 2016թ.