Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը

1214

Սերժ Սարգսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում: Սարգսյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ահա Սարգսյանի ելույթի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հատվածը.

Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը:

Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը:

Այս մոտեցումը ամրապնդվեց նաև Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին:

Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Արխիվային լուսանկար