Վազգեն Առաջին. Ես աղոթում եմ Խաչիկ Զաքարյանի հոգու համար

2814

Ծանոթ. ԱՆԻ-ի. Մենք ներկայացրեցինք երկու հրապարակում 1988-ի հուլիսյան դեպքերի մասին, որոնց հետևանքով Հայաստանը ունեցավ առաջին զոհը: Զվարթնոց օդանավակայանում Խորհրդային զորքերի կողմից արձակված կրակոցից 88-ի հուլիսի 5-ի երեկոյան սպանվեց 22-ամյա Խաչիկ Զաքարյանը, ով լուսանկարում էր հանրահավաքը: Երկու օր անց՝ հուլիսի 7-ին, հայկական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, որի խոսքը ներկայացնում ենք հատվածաբար:

 

Khachik 1

… նախ վշտահար սրտով իմ ցավակցությունն եմ հայտնում ամսույս 5-ին օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած տխուր դեպքերի համար, երբ, ավաղ, մի քանի տասնյակ մեր զավակներից մարմնական վնասվածքներ են ստացել… նրանցից մեկը մահացել է… ես աղոթում եմ նրա հոգու համար…

Անցյալ փետրվարի վերջերին Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը միահամուռ որոշումով ցանկություն հայտնեց միանալ մայր Հայաստանին: Այդ որոշումը սահմանադրական էր և օրինական… Այս օրինական պահանջը իր գագաթնակետին հասավ հունիսի 15-ին, երբ մեր հանրապետության վերին իշխանությունը պաշտոնապես հավանություն տվեց Ղարաբաղի մարզի Սովետական Հայաստանին միացման և դատապարտեց Սումգայիթում տեղի ունեցած ոճիրները հայերի դեմ:

… ես հպարտ էի վերջին ամիսներին մեր ժողովրդի հայրենասիրական կարգապահ կեցվածքով ու ցույցերով, սակայն օդանավակայանի բռնագրավումով և այս օրերին Երևանում տեղի ունեցած անկարգություններով մենք կորցրեցինք կարևոր չափով, ինչ որ շահել էինք:

Ես իմ գոհունակությունն եմ հայտնում, որ վերջին ամիսներին սովետական բանակային ուժերը պաշտպան են կանգնել մեր ժողովրդի զավակներին թե Հայաստանի որոշ շրջաններում, թե Բաքվում և թե Ադրբեջանի տարածքի վրա ամեն տեղ, որտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում: Ով չի հասկանում այս իրավիճակը, նա զոհ է գնում ինքնակոչ մոլորվածներին:

Ամեն գնով, ի գին ամեն զոհողության, անհրաժեշտ է վերականգնել հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցությունը թե Հայաստանում, թե Ադրբեջանում: ՙՍովետական Հայաստան՚, թիվ 161, 8 հուլիս, 1988թ.

Կարդալ նաև

Զվարթնոցի դեպքերը (հուլիս, 1988). ցույցերի և հանրահավաքների առաջին զոհը՝ Խաչիկ Զաքարյան

https://www.aniarc.am/2016/07/06/liza-thagharyan-khachik-zakarian-july-5-1988/