Զվարթնոցի դեպքերը (հուլիս, 1988). ցույցերի և հանրահավաքների առաջին զոհը՝ Խաչիկ Զաքարյան

2506

Ծանոթ. ԱՆԻ-ի. http://hambardzum.am/ կայքը անդրադարձել է 1988-ի հուլիսյան դեպքերին, այդ թվում՝ Զվարթնոց օդանավակայանում Խաչիկ Զաքարյանի սպանությանը: Կայքը ժամանակագրական նյութերը պատրաստելիս օգտվել է Աշոտ Սարգսյանի տրամադրած նյութերից: Լուսանկարները տրամադրել է Մհեր Ղալեչյանը:

 

05.07-99

1988-ի հուլիսի 4-ին «Ղարաբաղ» կոմիտեի կոչով Հայաստանում սկսվեց համընդհանուր գործադուլ: Այն ընդգրկեց նույնիսկ պաշտպանական համակարգը, որի 19 խոշոր ձեռնարկություններից 14-ը ամբողջությամբ կամ մեծ մասամբ չէին աշխատում: Զուգահեռ շարունակվեցին հանրահավաքները՝ 50-100 հազարի հասնող մասնակցությամբ: Վերսկսվեց նաև նստացույցն Ազատության հապարակում:

Հիմնական պահանջներն էին. ա) ԼՂԻՄ-ի անջատումը Ադրբեջանից, բ) սումգայիթյան դատավարության հանձնումը ԽՍՀՄ Գերագույն դատարանի վարույթ, գ) զորքերը դուրս բերել Երևանից, դ) Մասիսում տեղի ունեցած թունավորումների պատճառների համակողմանի ուսումնասիրում և դրանց արդյունքների լուսաբանում, Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացում: Սա նաև անհրաժեշտ նախապատրաստություն էր ԽՍՀՄ ԳԽ-ի նիստի, որը պետք է վերջապես քննարկեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ըստ ՆԳՆ կազմած տեղեկանքի՝ հունիսի 4-ին Ազատության հրապարակը վաղ առավոտից սկսեց լցվել մարդկանցով, տեղի ունեցավ հանրահավաք 35.000 մասնակիցներով: Հանրահավաքի ավարտից և «Ղարաբաղ» կոմիտեի հեռանալուց հետո անծանոթ մի տղամարդ, ներկայանալով որպես օդանավակայանի աշխատակից՝ Խաչատրյան ազգանունով, հայտարարեց, որ օդանավակայանի ղեկավարությունը խոչընդոտում է աշխատողների՝ գործադուլ սկսելու պահանջին:

Դրանից հետո մոտ 3000 հոգի շարժվեց դեպի օդանավակայան: Մինչև ժամը 15-ը օդանավակայանը շրջապատող բազմության թիվը հասավ 10-12 հազարի: Նրանք պահանջում էին, որպեսզի օդանավակայանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարի օդանավակայանի աշխատողների հայտարարած գործադուլի մասին: Երեկոյան «Ղարաբաղ» կոմիտեի այստեղ եկած անդամներից Սամսոն Ղազարյանին, Համբարձում Գալստյանին, Սամվել Գևորգյանին հաջողվեց էականորեն հանգստացնել կրքերը, համոզել մեծ մասին վերադառնալ Ազատության հրապարակ: Սակայն, մի մասը շարունակեց մնալ և սպասել օդանավակայանի ղեկավարների պատասխանին: Օդանավակայանի ղեկավարությունը խոստացավ հաջորդ օրը կոլեկտիվի ընդհանուր ժողով գումարել և քննարկել համազգային գործադուլին միանալու հարցը: Մոտ 600 մարդ գիշերը շարունակեց մնալ օդանավակայանում:

Ըստ ՊԱԿ-ի ներկայացրած զեկուցագրի՝ այս գործողության իրական կազմակերպիչը ոմն Արթուր Պողոսյան էր, որը մինչ այդ, վերջին հանրահավաքներում երկու անգամ հանդես էր եկել խիստ ծայրահեղական ելույթներով: Շարժման ղեկավարությունը երեկոյան հանրահավաքում, որին 80.000 մարդ էր մասնակցում, զգոնության, կարգի պահպանման, ՆԳ մարմինների հետ կոնֆլիկտների մեջ չմտնելու կոչ արեց, հորդորեց ճնշումներ չգործադրել այն հիմնարկների և ձեռնարկությունների վրա, որոնք չեն ուզում մասնակցել գործադուլին և այդ որոշումը թողնել նրանց հայեցողությանը: Այնուամենայնիվ, առանձին խմբեր, տարբեր մարդկանց նախաձեռնությամբ, երթեր էին կազմակերպում քաղաքով մեկ՝ դեռևս աշխատող գործարաններին կոչ անելով միանալ գործադուլին:

Հուլիսի 5-ի առավոտյան օդանավակայանում հավաքվածների թիվը կրկին հասավ 10.000-ի: Օդանավակայանի 250-300 աշխատողներ հայտարարեցին, որ միանում են գործադուլին մինչև հուլիսի 9-ը: Ցուցարարները նստացույց կազմակերպեցին շենքի առաջին հարկում և պահանջում էին ղեկավարության պաշտոնական հայտարարություն և գրավոր որոշում:

Ժամը 18.15-ին զորք մտցվեց օդանավակայան: Պատժիչ գործողությունները ղեկավարում էր տխրահռչակ գեներալ Մակաշովը: Սկսվեց դաժան հաշվեհարդարը նստացույցի մասնակիցների հետ: Ցուցարարների դեմ գործողությունները միաժամանակ սկսվեցին նաև օդանավակայան տանող ճանապարհի բոլոր հատվածներում: Ըստ ՆԳՆ կազմած փաստաթղթի, պատժիչ գործողության ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած և բուժհիմնարկներ դիմած քաղաքացիների թիվը կազմում էր 96 հոգի, այդ թվում՝ 10 կին, 9 անչափահաս: Նրանցից 59-ը բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել էին տուն, մյուսները ծանր, 13-ը՝ անգիտակից վիճակում մնում էին հիվանդանոցում: Երևանի բնակիչ, 1966թ. ծնված Խաչիկ Զաքարյանը հրազենային վնասվածքով մահացավ հիվանդանոցում: Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղի բնակիչ Կ. Աբրահամյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Երևանում ծեծվել էր բանակի մի սպա, զինվորներ տեղափոխող յոթ ավտոբուս քարկոծված և ջարդված ապակիներով տեղափոխվել էին Մասիսի շրջան:

Օդանավակայանում կատարվածի մասին լուրերը շուտով հասան Ազատության հրապարակ՝ տեղի տալով սուր անհանգստության և ցասման: Վանո Սիրադեղյանը հանգստության եւ ինքնագլուխ գործողությունների չդիմելու կոչ արեց՝ հայտարարելով, որ այնտեղ են ուղարկված «Ղարաբաղ» կոմիտեի չորս անդամներ, եւ պետք է սպասել նրանց տեղեկատվությանը: Խուսափելու համար հակամարտության եւ բախումների ավելի խորացումից, Կոմիտեին հաջողվեց համոզել հանրահավաքի արդեն 50-60 հազարի հասնող մասնակիցներին՝ ցրվել եւ հաջորդ օրերին գործադուլը շարունակել առանց հանրահավաքների, զգուշացնելով, որ չի բացառվում Ազատության հրապարակի շրջափակումը զորքերի կողմից:

Հաջորդ օրը վաղ առավոտյան մեծ քանակությամբ զինվորներ շրջափակեցին հրապարակը՝ պահանջելով այստեղ գիշերողներին հեռանալ: Վերջիններս ենթարկվեցին զինվորականների պահանջին: Ազատության հրապարակը կրկին շրջափակվեց զինվորներով, և այստեղ հանրահավաքներն արգելվեցին: Մինչդեռ գործադուլները նույն ծավալով շարունակվում էին:

Օդանավակայանի սադրանքով լավագույն առիթը տրված էր բռնությունների և քարոզչական ահաբեկության անցնելու համար: Անմիջապես Երևան ժամանեց ԽՍՀՄ դատախազության քննչական խումբը՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազի ավագ օգնական Նիկոլաևի գլխավորությամբ: Նրա գործողություններն իրենց հերթին ակնհայտորեն սադրիչ էին. նա հրահանգեց խուզարկել մեքենաները և դրանցում հայտնաբերած ամեն տեսակ կտրող-ծակող գործիքները կցել «Զվարթնոցի» գործին: Նաեւ հայտարարեց, որ գործը կքննվի ԽՍՀՄ Գերագույն դատարանում՝ այն դեպքում, երբ Սումգայիթի գործի որոշ մասեր մեծ դժվարությամբ տեղափոխվել էին Ռուսաստանի մարզային դատարաններ: Անմիջապես էլ սկսվեց քարոզչական գործողությունը, փորձ էր արվում «Զվարթնոցը» զուգակշռել Սումգայիթի հետ: Հուլիսի 7-ին և 14-ին կենտրոնական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Զվարթնոցի» թեմայով՝ բնույթով սադրիչ և ծայրահեղ տենդենցիոզ երկու հաղորդում: Ամեն ինչ արվում էր ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստի համար «նպաստավոր» մթնոլորտ ստեղծելու համար:

«Ղարաբաղ» կոմիտեն հուլիսի 6-ին տարածած թռուցիկով  կոչ էր անում  շարունակել գործադուլը և դարձնել համազգային, պահանջել զորքերի դուրսբերում, բռնությունների հեղինակների դատավարություն, միաժամանակ՝ տեղիք չտալ սադրանքների:

Նույն օրերին (հուլիսի 7-ին) Եվրոպական Խորհրդարանն ընդունեց երկրորդ բանաձևը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու պահանջի:

Երևանի քաղխորհուրդը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու «Ղարաբաղ» կոմիտեի հերթական հայտը մերժեց՝ առաջարկելով այն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի մոտ: Այդ առաջարկը Կոմիտեն չընդունեց և հաջորդ օրերի հանրահավաքները գումարում էր Մատենադարանին հարող տարածքում:

Ըստ անվտանգության մարմինների զեկուցագրի՝ Շարժման ղեկավարները «…օդանավակայանի շրջափակման հետ անմիջական կապ չեն ունեցել, և, իմանալով այդ մասին, ջանացել են կանխել այդ ակցիան, մտահոգվելով, որ պատասխանատվությունը, վերջին հաշվով, իրենց վրա է ընկնելու: Դեպի օդանավակայան երթի և շրջափակման կազմակերպիչ է հանդիսացել ոմն Արթուր Պողոսյան, որի հետևում հնարավոր է եղել են առայժմ անհայտ կազմակերպիչներ»: Շարժման մասնակիցներն իրենց հերթին համոզված էին, որ դա կենտրոնական իշխանությունների կազմակերպած սադրանքն էր՝ ժամանակավորապես օդանավակայան զորք մտցնելու պատրվակ գտնելու համար, որպեսզի կարողանան, ըստ հնարավորի աննկատ, հանրապետություն մեծ քանակությամբ զորք մտցնել:

«Զվարթնոցի» դեպքերը որոշ առումով բեկումնային նշանակություն ունեցան: Մասնավորապես, խորհրդային զորքի հետ տեղի ունեցած ընդհարման հետևանքով սկսեցին բանակի դեմ աննպաստ տրամադրություններ առաջանալ: Նույնիսկ պաշտոնական մամուլը որպես նոր երևույթ արձանագրեց հակասովետական բնույթի թռուցիկների տարածման մասին:

Գործադուլներն ու հանրահավաքները՝ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջներով, որոշակի արդյունքներ էին տվել: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի՝ հուլիսի 10-ով թվագրված թռուցիկում այդ արդյունքներն են համարվում. ա) Սումգայիթյան դատավարության գործը Ռուսաստանի Ֆեդերացիայի մարզային դատարաններին հանձնելը, որը տվյալ հարցով առաջ քաշված պահանջի մասնակի բավարարում էր, բ) Մասիս ավանում զանգվածային թունավորման հարցում որոշ հստակություն մտցնելը, գ) Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհների դրվելը Ռուսաստանյան Ֆեդերացիայի պետավտոտեսչության հսկողության տակ: Կոմիտեն կոչ էր անում շարունակել գործադուլները մինչև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը՝ համարելով, որ դրանից կախված կլինեն Ղարաբաղը Ադրբեջանի կազմից անհապաղ դուրս բերելը և Երևան մտցված զորամիավորումները հանելու հարցերի լուծումը:

http://hambardzum.am/hy/news/1988-07-04-10.html