Անդրանիկ Մարգարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին. ՀՀՇ-ՀՀԿ համագործակցության անցյալից

2200

ԾԱՆՈԹ.- Մեր օրերի պատմագրությունը հաճախ խեղաթյուրվում և կեղծվում է մեր աչքի առաջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իբր այսօր իշխող ՀՀԿ-ն ժամանակին ընդդիմադիր է եղել նախկին իշխող ՀՀՇ-ին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 1992-1998 թթ. Հանրապետականը (այն ժամանակ Նժդեհի անունը շատ չէր օգտագործվում) հաճախ աջակցել է ՀՀՇ-ին և համագործակցել: 1995-ի հուլիսի 5-ին կայացած Ազգային ժողովի առաջին ընտրություններում ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ կազմել է դաշինք, իսկ 1996-ի նախագահական ընտրություններում սատարել Տեր-Պետրոսյանին: Ձեզ ենք ներկայացնում ՀՀԿ-ի առաջնորդներից, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ՀՀԿ չորրորդ արտահերթ համագումարում (20 դեկտեմբեր, 1997թ.), որի ընթացքում նա ակնարկում է, որ 1999-ի խորհրդարանական ընտրություններում ևս ՀՀԿ-ն կլինի ՀՀՇ-ի հետ և նրա կողքին: Մեկ ամիս անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Վազգեն Սարգսյանը ՀՀԿ-ական դարձավ և իշխանության բերեց այդ կուսակցությանը: 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ելույթից

1994 թվականի վերջերին ստեղծված «Հանրապետություն» միավորումը, ինչպես նաև 1995թ. հուլիսի 5-ից հետո Ազգային Ժողովում կազմավորված «Հանրապետություն» պատգամավորական խմբակցությունն իրենց գործունեությամբ ապացուցեցին իրենց գոյության ճշմարտացիությունը: Համախմբվելով սկզբունքային հարցերի շուրջ`Միավորումը կարողացավ իր ծանրակշիռ ավանդը ներդնել պետության կայացմանը, Արցախի հիմնահարցին սատար կանգնելու, տնտեսական բարեփոխումները խորացնելու գործընթացներին: Այսօրվա վիճակի համար Միավորումն ունի իր քաղաքական պատասխանատվությունը, ցավոք, միայն քաղաքական պատասխանատվություն: Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, հավանություն տալով կառավարության ծրագրին, հետագայում զրկվեց իր նախընտրական ծրագրում որդեգրած սկզբունքներն իրագործելու հնարավորությունից: Որդեգրվեց մի սխալ մոտեցում, թե Միավորումը խորհրդարանական քաղաքական ուժ է և պետք է գործի միայն խորհրդարանում, վստահի գործադիր իշխանություններին` առանց խառնվելու վերջինիս ներքին գործերին: Կյանքը ցույց տվեց նման մոտեցման արժեքը:

Նախագահական ընտրությունների նախօրյակին արդեն իսկ ակնհայտէր, որ կառավարությունը չէր կարողանում իրագործել Միավորման նախընտրական ծրագրում ամրագրված ցուցանիշները: Դրա փոխարեն կուտակվել էր բացասական երևույթների մի ողջ շարք, այդ թվում` վարկերի անվերահսկելի օգտագործում, կաշառակերություն ու հովանավորչություն: Գործադիր իշխանություններում մասնակցություն չունենալով, մենք պատասխանատվություն ենք կրում ծրագրի չիրագործված կետերի համար: Պատահական չէր 1996թ. փետրվարին Միավորման երեք` Հանրապետական, Քրիստոնեա-դեմոկրատական միության, Ռամկավար Ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որտեղ մեր մտահոգությունը արտահայտվեց միավորման պասիվ վիճակի, քաղաքական համակարգի հետագա զարգացման խնդիրների նկատմամբ:

Ցավոք, ՀՀՇ վարչությունը չանսաց այդ մտահոգությանը: Մեր կուսակցության անդամներից շատերն են մասնակցել 1996թ. ընտրությունների քարոզարշավին, եղել են Միավորման թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամներ, վսատահված անձիք, և այդ քաղաքականության բացասական հետևանքների ականատեսն են: Կառավարությունը, մարզային իշխանությունները կարծես ամեն ինչ անում էին նախագահի թեկնածուին, Միավորմանը վատ դրության մեջ դնելու համար,  որովհետև իրենք դրա համար պատասխանատվություն չէին կրում: Ցավոք, առ այսօր շարունակվում է այդ քաղաքականությունը: Միավորման քաղաքական մարմնում այս հարցը շատ է քննարկվել և այժմ էլ քննարկվում է: Հուսով ենք,  որ ելք կգտնվիև Միավորման գործունեությունն այնպես կկազմակերպվի, որ 1999թ. խորհրդարանական ընտրություններին կկարողանանք գնալ առանց ժողովրդից ամաչելու` հաղթելու նպատակով:

Միավորումն իր պոտենցիալ քաղաքական հնարավորությունները չի սպառել: Մեր կուսակցության մասնակցությունը Միավորման աշխատանքներին կասկածի տեղ չիտվել, և մենք պատրաստ ենք շարունակելու համատեղ քաղաքական աշխատանքները այդ սկզբունքների իրագործման համար, որ որդեգրել էինք դեռ 1994-ին և, որը կհստակեցվի մոտակա ժամանակներում` հաշվի առնելով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները:

ՀՀԿ չորրորդ արտահերթ համագումարում Անդրանիկ Մարգարյանի ելույթը, 20 դեկտեմբեր, 1997թ.

Լուսանկարում՝ ՀՀԿ-ի հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան