1995 թվականի այս օրը՝ հուլիսի 5-ին, կայացան Հայաստանի Ազգային ժողովի առաջին ընտրությունները մեծամասնական և համամասնական ընտրակարգերով, ինչպես նաև՝ առաջին Սահմանադրության ընդունման հանրաքվեն:
Համամասնական ընտրակարգով առաջին տեղը զբաղեցրեց «Հանրապետություն» միավորումը, ստանալով քվեների ավելի քան 42 տոկոսը: Իշխանական այդ միավորումը կազմված գերազանցապես ՀՀՇ-ականներից և նրանց դաշնակից Հանրապետականներից՝ ՀՀԿ-ից:
Ցուցակում ընդգրկված էր 222 հոգի: Ցուցակը գլխավորում էր Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Ցուցակում երկրորդը Տեր-Հուսիկ (Գարուշ) Լազարյանն էր, երրորդը՝ պետնախարար Վազգեն Սարգսյանը, ապա՝ Էդվարդ Եգորյանն ու Արա Սահակյանը: Տեր-Հուսիկը և Եգորյանը վախճանվել են, Վազգեն Սարգսյանը՝ սպանվել է, իսկ Արա Սահակյանը Ղազախստանում Հայաստանի դեսպանն է:
«Հանրապետություն» միավորման մեջ ներգրավվել էր այսօր իշխող ՀՀԿ-ն՝ Հանրապետականը: Այսպես, ցուցակի 6-րդ հորիզոնականում Աշոտ Նավասարդյանն էր, 23-րդը՝ նախկին վարչապետ (2000-2007) Անդրանիկ Մարգարյանը: Երկուսն էլ վախճանվել են:
Այսօրվա խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը: Սահակյանն այն ժամանակ Մաշտոցի շրջգործկոմի առաջին փոխնախագահն էր: Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ցուցակի նախավերջին՝ 221-րդ տեղը:
Կարկառուն ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը այդ ցուցակում զբաղեցնում էր 52-րդ, Ռազմիկ Զոհրաբյանը՝ 128-րդ հորիզոնականը:
ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման ցուցակում տեղ էր տրվել նաև Արթուր Բաղդասարյանին, ով Շենգավիթի շրջգործկոմի փոխնախագահն էր: Այն ժամանակ 22-ամյա Բաղդասարյանի համար ՀՀՇ-ն որոշել էր 138-րդ հորիզոնականը:
Ցուցակում բացակայում էր նախկինում կոմունիստ, ապա ՀՀՇ-ական, այսօր ՀՀԿ-ի և Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1995թ. մայիսի 17-ի հրամանագրով ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակել ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնում՝ փոխարինելով Դավիթ Շահնազարյանին:
1995 թ. Ազգային ժողովի ընտրությունների համամասնական արդյունքների մասին կարդալ.
https://www.aniarc.am/2015/07/05/1995-parliamentary-election-results/